Պատերազմից «հետո», պատերազմից առա՞ջ

Պատերազմից «հետո», պատերազմից առա՞ջ

Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների հովանու ներքո կկայանա՞ Սարգսյան-Ալիեւի հանդիպումը: Ըստ երեւույթին՝ այո: ԱՄՆ պետդեպարտամենտն անոնսավորել է Վիեննայում մայիսի 16-17-ին Ջոն Քերիի ներկայությունը: Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունն էր հաստատել Լավրովի՝ Սարգսյան-Ալիեւի բանակցություններին ներկա գտնվելու մտադրությունը: Կողմերը հազիվ թե անտեսեն Ռուսաստանի եւ ԱՄՆ առաջարկությունը:



Մեկնաբաններից մեկը «հանդիպում՝ հանուն հանդիպման» է որակել Վիեննայի բանակցությունները եւ ավելացրել, որ դա ավելի լավ է, քան՝ առհասարակ չհանդիպելը: Արտաքին ընկալման իմաստով, իհարկե, այդպես է: Բայց չմոռանանք, որ 2014-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ հանդիպումից հետո Ալիեւը հրամայել էր խոցել հայկական ուղղաթիռը, որը ուսումնավարժական թռիչք էր իրականացնում:



Մայիսի 13-ի օրվա երկրորդ կեսին հակառակորդը վերսկսել է հայկական դիրքերի ինտենսիվ հրետակոծությունը, որը շարունակվել է մայիսի լույս 14-ի գիշերը: Դրան նախորդել է հակառակորդի ռազմական գերատեսչության հայտարարությունը, որ «հայկական ուժերը վերսկսել են Թարթառի շրջանի խաղաղ բնակավայրերի հրթիռահրետակոծությունը»: ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ հակառակորդի քարոզչական հնարքը դատապարտվում է:



Բայց տեղեկատվական դատապարտումը, ինչպես նաեւ հակառակորդի ակտիվությունը ճնշող գործողությունները չեն փոխում իրավիճակը: Ալիեւի ռեժիմը համառորեն խուսափում է շփման գծում լարվածության թուլացմանը միտված դիվանագիտական քննարկումներից: Պատերազմի վերսկսման սպառնալիքը եղել եւ շարունակում է մնալ այդ տեռորիստական խունտայի միակ հաղթաթուղթը:



ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիկը «Մեդիամաքսին» հարցազրույցում մի դիտարկում է արել, որի դիվանագիտական ենթատեքստից շատ բան հասկանալի է դառնում: Միջնորդները (եթե ընդունենք, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան միասնական մոտեցում ունեն) զորքերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական միջազգային սահմանին լարվածության թուլացման հավանականությունը պայմանավորում են կարգավորման քաղաքական տարրերի շուրջ մոտեցումների դինամիկայով:



Այստեղ հարկ է երկու ընդգծում անել: Նախ, Ուորլիկը փաստացի հավասարության նշան է դնում զորքերի շփման գծի եւ Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի միջեւ: Այսինքն, նա իրավիճակը պատերազմական է համարում նաեւ հայ-ադրբեջանական միջպետական սահմանին: Սա դիվանագիտական աննախադեպ ուղերձ է, որի վտանգավորությունը թերագնահատել չի կարելի:



Երկրորդ, աննախադեպ է նաեւ, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահը հրադադարի պահպանումը կապում է ԼՂ կարգավորման բանակցություններում քաղաքական առաջընթացի հետ այն դեպքում, երբ Ադրբեջանը գործի է դրել ԼՂ կարգավորման՝ միջնորդների կողմից առաջարկված, հայեցակարգը դեգրադացիայի ենթարկելու ռազմական մեխանիզմը:



Այսպիսով, կարելի է ընդհանրացնել, որ ագրեսորին զսպելու որեւէ նախաձեռնություն, մանավանդ՝ գործնական քայլ, միջնորդները չեն պատրաստվում անել: Բայց հարկ է նաեւ հստակ գիտակցել, որ նրանք դա չեն անի, եթե Ադրբեջանը վաղը դարձյալ ագրեսիայի դիմի: «Մենք չենք կարող կողմերին պարտադրել»,- հայտարարել է Ուորլիկը: Ուստի իրավիճակը, թերեւս, պետք է բնութագրել որպես պատերազմից «հետո»՝ պատերազմից առաջ:



Այլընտրանքը ԼՂ կարգավորման քաղաքական բաղադրիչների շուրջ առաջընթացն է, ինչի հավանականությունը գրեթե զրոյական է, որովհետեւ Ալիեւի ռեժիմը չի հարգում ինքնորոշման իրավունքը, իսկ այդ դեպքում մյուս տարրերը հայկական կողմի համար դառնում են պարզապես անքննարկելի: Այս է իրողությունը: Եթե, իհարկե, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները նոր «քեմպ դեւիդ» չեն նախապատրաստել…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ