Լեռնային Ղարաբաղը չճանաչելը արձակել է Ադրբեջանի ձեռքերը. Կարեն Օհանջանյան

Լեռնային Ղարաբաղը չճանաչելը արձակել է Ադրբեջանի ձեռքերը. Կարեն Օհանջանյան

Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող, փիլիսոփայության դոկտոր Կարեն Օհանջանյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած միջազգային ագրեսիայից (նա կարծում է, որ ագրեսիայի համար մեղավոր են ՌԴ-ն, Թուրքիան, Իսրայելը, Ադրբեջանը) հետո Հայաստանը պետք է անհապաղ ճանաչի ԼՂ անկախությունը, քանի որ այդ ագրեսիան ուղղված էր ԼՂ ժողովրդի ֆիզիկական գոյության դեմ։



Մեզ հետ զրույցում Կարեն Օհանջանյանն ասաց, որ, համաձայն միջազգային պայմանագրերի, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո միջազգային միջկառավարական կազմակերպությունները եւ միջազգային հանրությունը պետք է սկսեին ԼՂ միջազգային ճանաչման պրոցեսը։ Նա հիշեցնում է, որ, երբ Կոսովոյում տեղի ունեցան բռնություններ, այն ժամանակ միջազգային հանրությունը սկսեց ճանաչել Կոսովոյի անկախությունը։ Նրա կարծիքով՝ Հայաստանի կողմից ԼՂ-ի չճանաչելը միայն արձակել է Ադրբեջանի ձեռքերը, եւ Ադրբեջանն օգտվել է դրանից։



Մայիսի 16-ին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ ստեղծված մի շարք աշխատանքային հանդիպումների մասնակցելու համար։ Կարեն Օհանջանյանը կարծում է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղը կրկին դառնա բանակցային կողմ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջեւ դնեն հստակ պայմաններ։