«ՉԻ». Շատերը՝ տաքսու վարորդներից մինչև «դիսպետչերներ», մնալու են գործազուրկ

«ՉԻ». Շատերը՝ տաքսու վարորդներից մինչև «դիսպետչերներ», մնալու են գործազուրկ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Նոր բունտ է հասունանում Երևանում: Արդեն կարծես թե ավանդույթ է դառնում, որ ամռան ամիսներն անցնում են հանրահավաքյին ակտիվ պայքարի ռեժիմով: Ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները երկու տարի առաջ դարձյալ ամռանն էին, նախորդ տարի՝ էլեկտրիկ Երևանը դարձավ իրադարձությունների միակ թատերաբեմը: Հիմա էլ հուլիսը խոստանում է թեժ լինել մեկ այլ սոցիալական թեմայի պայթյունով:



Արդեն հայտարարվել է, որ հուլիսի 1-ից Երևանում կգործի Yandex Taxi-ին, որը թույլ է տալիս բջջային հավելվածի միջոցով օնլայն տաքսի պատվիրել:Yandex Taxi-ն առաջին 2 կիլոմետրի համար կառաջարկի 100 դրամ սակագին, որը տեղական որևէ ընկերություն, անհատ տաքսու վարորդ չի առաջարկում:



Արդեն իսկ շատերն այն կարծիքին են, որ այսօրինակ աշխատաոճով նորաբաց տաքսի սերվիզի սեփականատերերը գրավելու են շուկան, արդյունքում շատերը՝ տաքսու վարորդներից մինչև «դիսպետչերներ», մնալու են գործազուրկ: Թեման արդեն օրակարգային է հռչակել «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը, որը տարբեր հարցերի մասով որոշակի հաջողություններ պայքարի ճանապարհով գրանցել է:



Հիմա նույն նախաձեռնությունն առայժմ հրապարակային հարթակում հորդորել է ՀՀ իշխանություններին, մասնավորապես Կապի և տրանսպորտի նախարարությանը, լիցենզիա չտրամադրել Yandex Taxi-ին: «Մենք միանշանակ բազմամարդ և բազմամեքենա երթեր ենք խոստանում, մարդիկ իրենց աշխատանքը պաշտպանելու համար դուրս կգան փողոց»,-արդեն հայտարարել են նախաձեռնության անդամները:



Իրենց հերթին տաքսիների բազմաթիվ վարորդներ արդեն հայտարարել են, որ թույլ չեն տալու Yandex Taxi-ի մուտքը հայկական շուկա»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: