Մելս Չիլինգարյանին ազատել են լռելու խոստման դիմա՞ց

Մելս Չիլինգարյանին ազատել են լռելու խոստման դիմա՞ց

Դատախազության որոշումը՝ ՊՆ գնումների ընթացքում թույլ տրված չարաշահումների գործով մեղադրյալ գեներալ մայոր Մելս Չիլինգարյանի խափանման միջոցը փոխելու մասին, անսպասելի էր։ Կալանքի ժամկետը լրանալուն դեռ մեկ ամիս կար, արվում էին փորձաքննություններ։ Եվ հանկարծ Չիլինգարյանին կալանքից ազատում են, եւ հունիսի 28-ի երեկոյան նա դուրս է գալիս «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։



Հիշեցնենք, որ Մելսիկ Չիլինգարյանը ՊՆ կալանավորված պաշտոնյաներից ամենաբարձրաստիճանն էր։ Նա նախարարության սպառազինության վարչության նախկին պետն էր, որն ուղղակի պատասխանատու է մեր զենք-զինամթերքի, մարտական տեխնիկայի համար։ Ինչպես պարզվեց քառօրյա պատերազմի օրերին, այդ տեխնիկան լավագույն վիճակում չէր, եւ այս տհաճ հայտնագործությունն էլ ՊՆ պաշտոնյաների պաշտոնանկությունների եւ քրեական գործերի հարուցման խթանը դարձավ։ Հենց այդ տեխնիկայի հնության մասին ՀՀ նախագահն ստիպված էր դառը եւ աղմկոտ խոստովանություններ անել, եւ գլխավոր պաշտոնյայի ազատ արձակումն առնվազն տարօրինակ էր։ Մանավանդ, որ Քննչական կոմիտեն ավելի վաղ պաշտոնապես հայտնել էր․ «Գործում տեղեկություններ կան, որ մատակարարված ապրանքների որակը չի համապատասխանել տեխնիկական պահանջներին, կամ գինն ինքնարժեքից բարձր է եղել»։



Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ կալանքի որոշումը քաղաքից չբացակայելու վերաբերյալ ստորագրությամբ փոխարինելու հիմքը Չիլինգարյանի առողջական խնդիրներն են եւ ինչ-որ հանգամանքներ, որոնք չեն մանրամասնում։ «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք. նկատի ունենալով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից անհրաժեշտ քննչական գործողությունների կատարման արդյունքում վերացել է Մ. Չիլինգարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը, բացի այդ, հաշվի առնելով նաեւ նրա առողջական վիճակը, դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոց կալանավորումը փոխարինել ՀՀ-ից չբացակայելու մասին ստորագրությամբ»: Նախկին պաշտոնյայի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը վստահեցնում է, որ Չիլինգարյանի առողջական վիճակը մտահոգիչ է, եւ այս պահին նա գտնվում է հիվանդանոցում։ Արդյոք միայն առողջակա՞ն խնդիրների պատճառով են ազատել Չիլինգարյանին, նա պատասխանեց․ «Խափանման միջոցն այդ հիմքով չեն փոխել, այլ պատճառաբանել են նրանով, որ նման խափանման միջոցի անհրաժեշտությունը վերացել է»։ Ի՞նչն է փոխվել. փաստաբանը չպարզաբանեց։ Նա հայտնեց, որ կալանքի որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարանում․ «Մենք բողոքարկել ենք կալանքի որոշումը, բայց դատախազությունը խափանման միջոցի փոփոխությունը կատարեց առանց մեր միջնորդության»։ Եվ այսպես, ոչինչ չի փոխվել, մեղադրանքի ծավալը նույնն է, կալանքի փոփոխությունը չի եղել փաստաբանի միջնորդությամբ, եւ դատախազն ինքն է որոշել, որ մեղադրյալն առողջական խնդիր ունի, եւ ինչ-ինչ հանգամանքների բերումով կալանք կիրառելու հիմք չկա, ինչը, համաձայնեք, մեր իրավական պրակտիկայում գերհազվագյուտ երեւույթ է։ Սա նշանակում է մի բան․ Մելս Չիլինգարյանին հաջողվել է համոզել, որ իրեն ազատ արձակեն։



Ինչպե՞ս, ի՞նչ փաստարկ է կիրառել նախկին բարձրաստիճան զինվորականը, որը տեղյակ էր ՊՆ բոլոր՝ մանր եւ ամենախոշոր բիզնես-գործընկերների գործարքներից, նրանց եւ նախարարության միջեւ եղած բաց եւ փակ պայմանավորվածություններից։ Այս հարցերին հանգամանալից պատասխանները, հուսով ենք, առաջիկայում կլսենք գլխավոր դատախազից՝ նկատի ունենալով գործի կարեւորությունը։ Իսկ մեզ մնում է համադրել որոշ փաստեր․ ՊՆ մատակարարումների վերաբերյալ քննությունների շրջանում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ գլխավոր դատախազը եւ նրա հայրը՝ Սուրիկ Կոստանյանը, կանգած են ՊՆ մատակարարներ հանդիսացող «Էլիտ կապիտալ», «Էլիտ պրոդ» եւ «Ավանգարդ» կազմակերպությունների մեջքին։ Դեռ երկու տարի առաջ մամուլը գրեց, որ բանակին միս եւ ձու մատակարարող «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ն պատկանում է գլխավոր դատախազին («Իրատես de facto»)։ Գլխավոր դատախազն իր կապը նշված կազմակերպությունների հետ հերքում է։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ դատախազության հանրային կապերի բաժնից ստացանք հետեւյալ գրությունը․ «Ի պատասխան Ձեր հարցման, տեղեկացնում ենք. գլխավոր դատախազը եւ նրա հայրը որեւէ կապ չունեն եւ երբեւէ չեն ունեցել ոչ միայն Ձեր կողմից նշված կազմակերպությունների, այլեւ տնտեսական գործունեություն ծավալող որեւէ այլ կազմակերպության հետ:



Հետեւաբար, այդ ընկերությունների պատկանելությունը Գեւորգ Կոստանյանին կամ Սուրիկ Կոստանյանին, ապատեղեկատվություն է՝ զուրկ որեւէ ողջամիտ հիմքից: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախկինում մամուլում շրջանառված յուրաքանչյուր նման հրապարակման տրվել է ամբողջական եւ սպառիչ պատասխան, ինչը, ի թիվս այս հանգամանքների, լիարժեք հիմնավորել է այդ տեղեկությունների ստահոդ եւ մտացածին լինելը»:



«Էլիտ պրոդին» անցյալ տարի անդրադարձել են նաեւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» վերլուծաբանները։ Իրենց հակակոռուպցիոն հետազոտություններում նրանք արձանագրել են, որ այս կազմակերպությունը 2015 թվականին մեկ անձի հիմքով ՊՆ-ի հետ 48 մլն. դրամի պայմանագիր է կնքել, ընդ որում՝ փակ-գաղտնի պայմանագրեր կնքած մասնակիցների շարքում այն ընդհանրապես ներառված չի եղել։ Դե, իսկ «Ավանգարդ» ՍՊԸ-ն, որը գրանցված է ԼՂՀ-ում, ամենաբազմազան ապրանքներն է մատակարարել զինվորների համար՝ հագուստից ու շինանյութից մինչեւ հասարակ օճառ։ Նա պարզ վերավաճառող է, մեկից էժան գնով վերցնում՝ պետությանը թանկ գնով վաճառում է։ Իսկ կոռուպցիոն կապը ՊՆ-ի հետ, հավանաբար, օգնել է «Ավանգարդին» արանքում հսկայական գումարներ վաստակել։ Կազմակերպության տերերը, այդ թվում՝ ղարաբաղցի ինչ-որ Գաստրիկ, այս օպերացիաները գլուխ բերելու համար թերեւս օգտվել են ամենաբարձր հովանավորությունից, եւ նրա արած-չարածից տեղյակ են եղել Մելսիկ Չիլինգարյանն ու մյուսները։ Եվ, ուրեմն, չենք կարող բացառել, որ, նեղ վիճակում հայտնվելով, ամենատեղյակ անձն օգտվել է իր տնօրինած տեղեկությունների պաշտպանիչ «զենքից», եւ գործն ի վերջո կջարդվի միջին օղակների վրա, որոնք, որպես կանոն, ոչինչ չեն որոշում եւ շատ բան չգիտեն։ Ի դեպ, ՊՆ մատակարարների մասով տարվող քննության մասին պաշտոնական աղբյուրները լռում են։ Մինչդեռ, եթե կան իշխանության չարաշահումներ ՊՆ պաշտոնյաների կողմից, ապա պետք է քննություն տարվի նաեւ այն կազմակերպությունների մասով, որոնք դրդել են այդ պաշտոնյաներին դիրքի չարաշահումների։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ