Ապրում ենք, լավ-վատ, քոչվոր չենք, ուրիշի դռան շուն չենք... ձեզ նման

Ապրում ենք, լավ-վատ, քոչվոր չենք, ուրիշի դռան շուն չենք... ձեզ նման

Երբ որևէ հայ կամ հայաստանցի երկրի մասին խոսելիս ասում է «էս երկիրը», դա արդեն իսկ նշանակում է, որ տվյալ մարդն ինքն իրեն օտարել է Հայաստանից կամ, հակառակը` Հայաստանն է օտարել իրենից: «Էս երկիր» են ասում միմյանցից դիրքով, կշռով, կրթությամբ, մտավոր կարողություններով շատ տարբեր մարդիկ: «Էս երկիրը» արտահայտությունը լսելի է հեռուստատեսությամբ, գրվում է թերթերում, այդ արտահայտությունից պայթում են սոցցանցերն ու փողոցը: Լսում ես, կարդում, շփվում ու հասկանում ես, թե որքան մարդ է ինքն իրեն օտարել Հայաստանից կամ հակառակը` Հայաստանն օտարել իրենից:



Սա եկիր չէ, էս երկրում հնարավոր չէ, էս երկիրը չի կարող, էս երկիրն ապրելու տեղ չէ, էս իշխանությունները, էս ընդդիմությունը, էս, էս, էս... Ո՞ւմն է այդ ամենը վերջապես: Մի՞թե մերը չէ երկիրն` իր բոլոր թերություններով հանդերձ: Ո՞ր ծնողը կհրաժարվի իր երեխայից, որն աշխարհ է եկել շեղումներով: Աստված կարոտ պահի` չի կարողանում քայլել, խոսել, իր ձեռքով ուտել... Գուց ասում եք` ծնողի սիրտ է, արյուն է, ո՞նց կլինի: Բա ո՞ւր է երկրի հանդեպ մեր ծնողի սիրտը, երկրի հետ մեր արյունակցական կապը, ո՞ւր մնացին ծննդավայր, մանկություն, ուսոմ, առաջին սեր, ծնող, հավատ, պապերի գերեզման հասկացությունները:



Չեմ ուզում ծիծաղելի երևալ ու մանավանդ մի մարդու տպավություն թողնել, որի համար, իբր, առաջնայինը հայրենասիրություն կոչվող խիստ հարաբերական հասկացությունն է, հանուն որի պատրաստ է կրակ տալ իրեն: Բայց ես ունեմ իմ տան, իմ երկրի, իմ ամենաարատավոր զավակի, իմ ծնողի, իմ հավատի զգացումները մեր երկրի հանդեպ և նրա մասին խոսելիս երբեք չեմ ասում «էս երկիրը»:



Արտագաղթը երկրից գնալով չի սկսվում: Այն սկսվում է նախ` քո ներսում, որ մի գեղեցիկ օր արտահայտվում է «էս երկիրը» բառակապակցությամբ: Եվ երբ իրերդ հավաքած քոչում ես, դա ընդամենը վերջին փուլն է արտագաղթի:



Արտագաղթիր ուր ուզում ես, լավ աշխատանք գտիր, հարստացիր, երեխաներիդ որակյալ կրթություն տուր, սրտիդ ուզածն ասա էս իշխանություններին, միևնույն է, աշխարհի ոչ մի անկյունում չես կարողանալու ասել` մեր երկիրը: Դա քոնը չէ և շարունակելու ես այդ երկրին «էս երկիր» ասել, որովհետև չես կարողանալու ասել` «մեր երկիրը», «իմ երկիրը», և դա այն պարզ պատճառով, որ այն քոնը չէ:



Խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր կարող են բան փոխել մեր երկրում և չեն փոխում, ովքեր ուզում են բան փոխել և չեն կարողանում, ովքեր հայտնի կամ անհայտ են հասարակությանը, ովքեր ֆիզիկապես կամ հոգեպես արդեն արտագաղթել են` մի ոտնահարեք այն մարդկանց զգացմունքները, ովքեր չեն ասում «էս երկիրը»: Այն մարդիկ, ովքեր ասում են «իմ երկիրը», «մեր երկիրը», ձեզնից վատ չգիտեն այն բոլոր արատների մասին, որոնք դուք թվարկում եք հեռանալիս: Այդ մարդկանց էլ, ձեզ նման, մեկ կյանք է տրված, ու այդ կյանքը նրանք իրենց բնօրրանում են պատկերացնում:



Արդեն իսկ լավ է, որ «էս երկիրը» ասողներն ազատ են քոչելու հարցում: Քոչեք, բայց մի կարևորեք ձեր անձն իմ և իմ երկրի համար, ձեզ մի դրեք կենտրոնում, ինձ մի զբաղեցրեք ձեզնով, մի ասեք, թե սրտի կսկիծով եք բաժանվում հայրենիքից: Հայրենիքից չեն բաժանվում: Հայրենիք կամ ունես, կամ չունես: Գերմանիայում ապրող շվեդը հայրենիք չունի, եթե Գերմանիա է գնացել Շվեդիայի մասին «էս երկիր» ասելով: Մեր ավանդական սփյուռքում Հայաստանի մասին չես լսի «էս երկիր» արտահայտությունը: Բայց նույն սփյուռքն արդեն խեղդվում է Հայաստանն «էս երկիր» ասելով լքած գաղթականների ներկայությունից: Ավանդական սփյուռքն էլ են աղավաղել իրենց ներկայությամբ ու Հայաստանի հանդեպ ունեցած ներքին հակակրանքով:



Նոր գնացած հեռու և մոտ բարեկամներ ես էլ ունեմ: Մեկ-մեկ գալիս են Հայաստան իրենց ցույց տալու: Բարեկամ են, ի վերջո, հարգում, պատվում ես, տանում Սևան, Գառնի, Գեղարդ, Էջմիածին, նույնիսկ Ծիծեռնակաբերդ, որ եվրոպաներում ու ամերիկաներում ծնված նրանց երեխաները մի բան տեսնեն, մեջները բան արթնանա: Անիմաստ է, որվհետև այդ երեխայի ծնողը կարող է բերանը բացել ու ներսում հավաքված մաղձը թափել վանքից ու տաճարից ոտքը դուրս չդրած, երեկոյան թեյի սեղանի շուրջ, սառնորակ աղբյուրի մոտ, Մատենադարանում... Ո՞նց եք ապրում էս երկրում` ասում են: Ապրում ենք, լավ-վատ, քոչվոր չենք, ուրիշի դռան շուն չենք... ձեզ նման: Մեր երեխան Արցախ ու հայրենիք է պահում` ձերի պես ուսյալ դեբիլ չէ...



Իբր ինչո՞ւ եք եկել, եթե զզվում եք «էս երկրից»:



Էդիկ Անդրեասյան