Կա հայկական «մայդան» ստեղծող քաղաքացիների պակաս․ Րաֆֆի Հովհաննիսյան

Կա հայկական «մայդան» ստեղծող քաղաքացիների պակաս․ Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձավ ոստիկաններին՝ ասելով, որ նրանք ցույց են տվել, որ իրենք ահաբեկչական կազմակերպություն են։ Նա հայտարարեց, որ անկախ իր ընկերների՝ կալանավորված լինելուց, պայքարը շարունակվելու է, եւ այն պետք է հասցնել տրամաբանական ավարտի։
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ հայ ժողովուրդը պետք է ինքնապաշտպանության դիմի զավթիչների դեմ։



Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ կա ոգեղեն, հայկական «մայդան» ստեղծող քաղաքացիների պակաս։ Նա ասաց, որ «Ժառանգությունը» միշտ եղել է ժողովրդի կողքին, սակայն գովազդ եւ շոու չի արել՝ հօգուտ կուսակցության։
«Եթե ունենք ստեղծարար մոտեցումներ, ապա կվերցնենք Գյումրին եւ Վանաձորը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։



Զարուհի Փոստանջյանը պատմական էքսկուրս կատարեց՝ հիշելով, թե անկախ Հայաստանում, սկսած 1994 թվականից, ինչպես է հոշոտվել եւ հետեւողականորեն ոչնչացվել քաղաքական դաշտը, ինչպես են փակվել կուսակցությունները։



Ներկա իրավիճակում, ըստ Զարուհի Փոստանջյանի, բոլոր հրապարակները պետք է լցվեն «Սասնա ծռեր»-ով։ Նա հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմից 15 օր առաջ Սերժ Սարգսյանը իրազեկված է եղել ադրբեջանական կողմի հարձակման մասին, սակայն չի փորձել կանխել այն, եւ դրա հետեւանքով ունեցանք 800 հա տարածք կորուստ, 100 զոհ։ Նա նկատեց նաեւ, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ «Սարի թաղ»-ի 1000-ից ավելի բնակիչներ դարձան ոստիկանական գրոհի զոհ, եւ ոչ ոք նույնիսկ Երեւանի կենտրոնում ապահովագրված չէ քաոսից։



Մեր դիտարկմանը, թե տեղեկությունները, որ Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել հարձակման մասին ո՛չ հերքվում են, ո՛չ հաստատվում, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պատերազմին նախորդող օրերին ռազմատեխնիկայի շարժը նկատելի է եղել օրեր առաջ։ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասաց, որ պատերազմի ժամանակ տեղում գտնվող հրամանատարները հավաստում են, որ հարձակումը կանխելի էր, հնարավոր էր կանխել թե՛ տարածքների, թե՛ զոհերի կորուստը։



«Ժառանգության» առաջնորդը ասաց, որ հեռուստատեսությամբ ոչ մի պաշտոնյա ներողություն չխնդրեց զոհերի եւ տարածքային կորուստների համար։