«Հայկական ժամանակ». ՊՊԾ գնդում պատանդ մնացած փոխոստիկանապետը 2 բնակարան է գնել եւ 27 մլն. նվեր ստացել

«Հայկական ժամանակ». ՊՊԾ գնդում պատանդ մնացած փոխոստիկանապետը 2 բնակարան է գնել եւ 27 մլն. նվեր ստացել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, որը ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում մոտ մեկ շաբաթ անցկացրեց, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2015 թվականի իր եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը:



Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Եղիազարյանը բազմաբնակարան շենքում երկու բնակարան է գնել, որոնցից մեկի համար վճարել է ավելի քան 27 միլիոն դրամ, իսկ մյուս բնակարանի գնման արժեքը նշված չի հայտարարագրում, այսինքն՝ թերի է լրացված:



Փոխոստիկանապետը նախորդ տարվա սկզբում հայտարարագրել է 2.1 միլիոն դրամ, 2.5 հազար ԱՄՆ դոլար, 3.1 հազար եվրո, որոնք տարվա վերջում դարձել են համապատասխանաբար՝ 1.85 միլիոն դրամ, 3.15 դոլար, 4.3 հազար եվրո:



Նախորդ տարի Վարդան Եղիազարյանը եկամուտ է ստացել աշխատավարձից եւ նվիրատվությունից: Աշխատավարձը կազմել է 5 մլն դրամ: Նա 27.3 միլիոն դրամի համարժեք բնամթերքի տեսքով նվեր է ստացել: Այս դեպքում եւս չի նշվում, թե բնամթերքը կոնկրետ ինչ է եղել: Փոխոստիկանապետի նախորդ տարիների հայտարարագրերից էլ պարզ է դառնում, որ պաշտոնը ստանձնելու դրությամբ (2014 թ.) նա ունեցել է 1 ամառանոց եւ մեկ բնակարան:



Եղիազարյանի կինը՝ Կարինե Միրզոյանը, նախորդ տարի հայտարարագրել է 2.2 միլիոն դրամ, 3 հազար ԱՄն դոլար եւ 3.8 հազար եվրո: Վերջինս եկամուտ է ստացել բացառապես աշխատավարձից, որը ողջ տարվա համար կազմել է 1.8 միլիոն դրամ»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։