Վարչապետի «բարի տրամադրություն» մաղթանքը ընկալվեց հեգնանք

Վարչապետի «բարի տրամադրություն» մաղթանքը ընկալվեց հեգնանք

Գործադիրի այսօրվա նիստը լի էր հետաքրքիր «էպիզոդներով»: Նախ՝ նիստի ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը միակն էր, ով շնորհավորեց Կարեն Կարապետյանին՝ վարչապետ նշանակվելու կապակցությամբ, ընդ որում` Մարգարյանը դա արեց հուզմունքից դողացող ձայնով, «Տեղական տուրքերի եւ վճարների վերաբերյալ» նախագիծը ներկայացնելուց առաջ: Իսկ երեկ ԱԺ-ում վարչապետին շնորհավորելու մենաշնորհը ստանձնել էր ՀՀԿ-ական Լեւոն Մարտիրոսյանը:



Ի դեպ, Կառավարության նիստին այսօր գործադիրը ներկայացել էր ողջ կազմով, նախարարներն անձամբ էին զեկուցում եւ կարդում իրենց բերած որոշումների երկարաշունչ տեքստերը: Անգամ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երկու նախագիծ ներկայացրեց՝ թմրամիջոցների նոր տեսակի դեմն առնելու վերաբերյալ: Նիստի ավարտին Կարեն Կարապետյանը բոլորին մաղթեց բարի տրամադրություն, ինչը ընկալվեց որպես հեգնանք, քանի որ նախարարները սիրտ չունեին:



Նիստից հետո իջան լրագրողների մշտական հաճախորդ նախարարները` ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը: Այս անգամ լրագրողների մոտ իջավ նաեւ Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա ասաց, որ արձակուրդում էր, բայց Կառավարության նիստին միշտ գալիս է, թեեւ հազվադեպ ենք տեսնում վերջինիս: Արսեն Ղազարյանը, հավանաբար, եկել էր վարչապետին մի քանի խոսք ասելու առաքելությամբ:



Սյուզան Սիմոնյան