Գյումրիի ռուսական ռազմաբազայի մթնոլորտի մասին` ներսից

Գյումրիի ռուսական ռազմաբազայի մթնոլորտի մասին` ներսից

Ամառվա երեք ամիսների ընթացքում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից, ըստ մամուլի հրապարակումների, տեղի է ունեցել փախուստի երեք դեպք, ընդ որում՝ յուրաքանչյուրն իր նախորդից հազիվ մեկ շաբաթ-տասն օր հաջորդականությամբ: Սա զարմանալի երեւույթ չէր լինի, եթե, ասենք, զինվորի փախուստի դեպք գրանցվեր ռուսական որեւէ քաղաքի զորամասում, սակայն արտասահմանյան ռազմաբազայում, որը փաստացի ՀԱՊԿ-ՆԱՏՕ սահմանապահ բազա է, ինչ խոսք, զարմանալի է, եթե չասենք՝ տարօրինակ: 



Այս հարցը մեր ուշադրությունը գրավեց հատկապես քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո: Ստացվում է, որ ռուսները մի կողմից պահում են «սեւ ցուցակ», իսկ մյուս կողմից, արտասահմանյան ամենակարեւոր բազաներից մեկում այնպիսի նկարագիր ունեցող զինվորականներ են ծառայում, որոնք ընդունակ են դասալքել, փախուստի դիմել կամ սպանդի ենթարկել մի ողջ ընտանիքի, ինչպես եղավ Գյումրիում: Կոնկրետ փախուստները վկայում են կամ զինվորականների հոգեկան նկարագրի անկայունության մասին, կամ բազայում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի: Մեզ հաջողվեց որոշ մանրամասներ պարզել ռուսական բազայում, եւ առհասարակ՝ ռուսական ԶՈւ-ում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին: Պարզվում է՝ Հայաստանում ծառայության բերված ռուս ժամկետայինները հիմնականում Ռուսաստանի խորքերից են` «գլուբինկայից», չունեն նույնիսկ լրիվ միջնակարգ կրթություն: «Հիմնականում չտես, վախկոտ եւ «ստուկաչ» ջահելներ են: Որպես կանոն, գրեթե բոլորը սեր ունեն հարբեցողության հետ, մեծ թիվ են կազմում նաեւ «պլան» (հաշիշ) օգտագործողները»։



«Չնայած շատերն ասում են, թե Պերմյակովը չի սպանել Ավետիսյաններին եւ այլն, բայց ես հավատում եմ, որ Պերմյակովն արած լինի: Դրանք մի շիշ օղու եւ «մի քաշ պլանի» համար նույնիսկ սեփական ծնողներին կարող են ծախել, ուր մնաց այլազգի մարդ չսպանեն: Իրենք չունեն սրբության էն հասկացությունները, որ ունենք մենք: Իրենց իսկական դեմքը երեւում է բանակում, ոչ թե Ռուսաստանում: Շատերն ունեն ընտանեկան խնդիրներ, ամուսնալուծված ընտանիքներից են: Կարող է մի ողջ վաշտից մի հոգի լինի, որ ունենա միջնակարգ կրթություն կամ քոլեջ ավարտած լինի: Հասկանում եք, հիմա հատկապես, որ իրենց պետությունը վատ վիճակում է, բանակը միակ տեղն է, որտեղ հնարավոր է կուշտ ապրել եւ գոնե քիչ թե շատ նորմալ վճարվել «գլուբինկայի» մարդու համար: Մնացածը ինքներդ պատկերացրեք»,-անդրադառնալով բազայում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին՝ ասաց մեր զրուցակիցը, որ ռուսական զորքերում ամենահարգված դեսանտն է ու սահմանապահը։



«Իրենք էլ ունեն «յախշի» հասկացություն, իրենք էլ ունեն «դեդավշչինա», սակայն եթե մեզ մոտ գոնե ինչ-որ չափով հսկողություն կա, ապա իրենց մոտ «բեսպրեդել» է, իսկ «դեդավշչինան» ահավոր դաժան է: Դրա համար էլ զինվորները, հատկապես նորակոչիկները, չեն դիմանում, փախուստի են դիմում: Էնտեղ գոյապայքար է, պետք է ամեն գնով դիմանան առաջին վեց ամիսը, սակայն բոլորը չէ, որ կարողանում են դիմանալ: Չեմ ասում, թե բոլորն այդպիսի մարդիկ են, սակայն լավ զինվորականները հիմնականում ակադեմիա ավարտած կամ մեծ քաղաքներից եկածներն են, որոնք քիչ են, իսկ մյուսները պարզապես մարդաքանակ են լրացնում ու վերջ»,- ամփոփեց «Հրապարակի» զրուցակիցը:




Տիգրան ՎԱՀԱՆԵ