Առաջին ելույթը բիզնեսի սատարման մասին վարչապետին հաջողվեց

Առաջին ելույթը բիզնեսի սատարման մասին վարչապետին հաջողվեց

Հայաստանի նոր վարչապետն առաջին անգամ գործադիրի նիստը վարելիս հատկապես ուշադրություն էր դարձնում ֆինանսական նախագծերի վրա, որոնք վերաբերում էին բիզնեսին։ Որպես նախկին բիզնեսմեն, նա լավ տեղյակ է ձեռնարկատերերի խնդիրներին։ Առաջինը վարչապետի թիրախում հայտնվեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, քանի որ հենց այս նախարարությունն է բիզնեսի համար պայմաններ ստեղծողը, կամ, ինչպես Կարապետյանն ասաց՝ «բիզնեսի ձեռքից բռնողը, որ նա իրեն ապահով զգա»։ Արծվիկ Մինասյանը հաստատման էր ներկայացրել թեթև արդյունաբերական «Նանման» ձեռնարկությանը և «Շանթ» հեռուստաընկերությանը հարկային արտոնություն տալու վերաբերյալ որոշումները։ «Նանմանը» 32 մլն-ի չինական ջինսի կտոր է ներկրում, որի մեծ մասը իրացվելու է Հայստանում, մնացածը՝ ԵՏՄ-ում, և «Նանմանին» ազատում են 1,5 մլն դրամի մաքսատուրքից։ «Շանթ» Թի ՎԻ-ին էլ 3 տարով ԱԱՀ-ն հետաձգելու հնարավորություն են տալիս։ Վարչապետին նախ զարմացրեցին տրվող արտոնությունների գումարային չափերը։ «Ես պատկերացնում եմ, ինչքան են իրենք այս թղթերի վրա ժամանակ ծախսել ու ինչ են շահել»։



«Շանթը» երեք տարով ԱԱՀ-ից ազատվելու համար 2, 45 մլրդ դրամի ներդրում է անելու, որից 390 մլն դրամը սարքավորումների ձեռքբերման համար է։ Հեռուստատեսությունն այդ 90 աշխատատեղ է ստեղծելու, 2016 թվականի համար միջին աշխատավարձը կազմելու է 190 հազար դրամ, 2017 թվականի համար՝ 195 հազար, և 200 հազար՝ 2018 թվականի համար։ Այս բոլորը հիմնավորվել է թղթերով, տեղեկանքներով, որոնք ներկայացվել են ՊԵԿ, տրանսպորտի և կապի նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, այս բոլոր նախարարությունները գնահատել են ծրագիրը, միավորները գումարել-հանել են, տվել են կառավարություն։ «Եթե դուք մոնիտորինգ եք անում, թե ինչքան է նախատեսված եղել աշխատատեղեր, ինչքան է ստեղծվել, զուգահեռաբար հնարավոր չէ՞ հասկանալ, ինչքան է փող վերադարձվել, համակարգ կա՞ հսկելու», - հարցրեց վարչապետը, և պարզեց, որ նման համակարգ չկա, քանի որ, ըստ Արծվիկ Մինասյանի, վճարումների ժամկետները տարբեր են, իսկ այցելությունը ընկերություն դիտարկվում է որպես միջամտություն ընկերություններին։ «Ես չեմ ասում, դուք գնաք, բիզնեսից տեղեկանք ուզեք։
Այս պահին դուք, լինելով էկոնոմիկայի նախարար, տալով արտոնություն բիզնեսին, սստեղծելով բարենպաստ պայմաններ, որ բիզնեսը զարգանա, հետո որևէ մոնիտորինգ չե՞ք անում։ Չգիտեմ, ՊԵԿ-ի հետ պայմանավորվեք, հաշվետվության ձև մտածեք, համապատասխան տարածքային կառավարման կառույցի հետ պարզեք, թե ինչ աշխատատեղ է ստեղծվում», - վարչապետը գնալով խորանում էր։



«Ինչքա՞ն ժամանակ է ծախսել ընկերությունը, որպեսզի այս թույլտվությունը ստանա»։ «Մոտավորապես մեկ շաբաթ», - ասաց Մինասյանը, բայց Կարեն Կարապետյանը չհավատաց։ «Չեմ հավատում։ Դուք ասեցիք՝ 7 հատ վիզա եք ստացել նախարարներից»։ Ի վերջո, Մինասյանը խոստացավ ճշտել ժամկետները և զեկուցել, ինչպես նաև առաջարկներ ներկայացնել ընթացակարգը թեթևացնելու։ Հենց այստեղ էլ վարչապետը արտասանեց այս նիստի ամենաշահեկան խոսքը՝ իր PR-ն ապահովող․ «Դուք բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է բիզնեսի ձեռքը բռնած գնաք, որ իրենք իրենց ապահով զգան, որ որևիցե մեկն իրենց չխոչընդոտի։ 1մլն 500 հազար դրամով արտոնություն ստանալու համար նա, երևի, մի 7 ամիս նամակագրություն է գրել, նամակներ է գրել նախարարություններ։ Մենք պետք է այս ամենը դասակարգենք ու կանոնակարգենք այնպես, որ վիզաների, ստորագրությունների հետ կապված այս բյուրոկրատիան վերացնենք։ 7 նախարարություն վիզա են տվել, գուցե, կա դրա մեջ տրամաբանություն, բայց այս ամեն ինչ պետք է վերանայել, պետք է լինի հատուկ խաղի կանոն, որի դեպքում ենք մենք տալիս արտոնություն, վերջ»։ Մենք ներկայացնում ենք վարչապետի խոսքի խմբագրված տարբերակը, իհակե, ոչ բոլոր բառերն էին ստացվում առաջին անգամից, որոշ մտքեր մնում էին կիսատ, օդում կախված։ Բայց, ընդհանուր առմամբ, առաջին դիալոգը բիզնեսին սատարելու մասին նրան հաջողվեց։



Սյուզան Սիմոնյան