Ավելի լավ ա մեռնեմ, որ տեր չեն կանգնում. ահազանգ Արմավիր ՔԿՀ-ի կալանավորից

Ավելի լավ ա մեռնեմ, որ տեր չեն կանգնում. ահազանգ Արմավիր ՔԿՀ-ի կալանավորից

Արմավիր ՔԿՀ-ում գտնվող Տոնոյան Գևորգն ունի առողջական լուրջ խնդիրներ՝ կապված աղիների հետ: Նրան դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար պահանջվում է 1500 դոլար, սակայն ընտանիքն այդ գումարը չունի: Տոնոյան Գևորգի առողջական թերությունները չեն սահմանափակվում միայն աղեստամոքսային խնդիրներով, թոքերի հետ կապված խնդիրներ ունի, տառապում է «Երևանյան» հիվանդությամբ, հայտնաբերվել է նրա մոտ պարարիչ: Այս մասին մեզ հայտնում է նրա մայրը՝ տիկին Արևհատը՝ նշելով, որ որոշակի ցավազրկողներ իրենք են ուղարկում, բայց դա որևէ էական փոփոխության չի բերում. «Հիմա պրիստուպների մեջ թավալ ա գալիս, Վարչություն եմ զանգում, Վարչություն եմ գնում, բայց բան չեն ասում, չեն տանում, չեն հետևում, էսօր մի քիչ ցավազրկիչ դեղեր ես եմ առել, տարել, հասցրել ենք»:



Մոր խոսքերով՝ որդին մեկ շաբաթից ավելի է, ինչ հացադուլ է հայտարարել՝ իրեն հիվանդանոց չտեղափոխելու, համապատասխան բուժում չտրամադրելու պատճառով: Տիկին Արևհատը նաև փոխանցում է, որ որդուն չեն տեղափոխում հիվանդանոց, Գևորգն էլ ասել է՝ ավելի լավ ա մեռնեմ, որ տեր չեն կանգնում «Իրանց ասելով հիմա սանչաստ պառկած ա, չեմ իմանում, մի հատ անարգին-դիմեդրոլ անում են, թողնում են, գնում: Ես չեմ խոսել իր հետ, բայց էնտեղից ասել են, որ վիճակը լավ չի, ցավազրկիչ դեղեր են տվել, սիգարետներ ենք տվել ու թողել եկել ենք, ինքը չկարացավ իջնի: Վարչության պետը գիտի, սաղն էլ իրեն ճանաչում են»:



ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ՝ Գևորգ Տոնոյանը բողոքել է ողնաշարի՝ գոտկատեղի հատվածի ցավերից, ընդհանուր թուլությունից, հոգնածության զգացողություն է ունեցել, աշխատանքային հանձնաժողովը համապատասխան բժշկական ուսումնասիրություն է անցկացրել, բուժում է նշանակել, տեղում ստանում է համապատասխան դեղորայքային բուժումը. «4 օր է` հացադուլի մեջ է, առանձին խցում է՝ բժիշկների հսկղության տակ: Ընդամենը երեկ բժշկական աշխատանքային հանձնաժողովը գնացել է, ուսումնասիրություն է կատարել, դեղեր է նշանակել, դեղորայքային բուժում է, ինքը ստացիոնար բուժման կարիք չունի: Նա առանձին խցում է գտնվում՝ հատուկ հացադուլավորների համար, ընթացքում ստանում է իր բուժօգնությունը, բայց այնտեղ դեղորայքային բուժման հետ կապված խնդիրներ կարող է առաջանալ՝ իր հաց չուտելու պատճառով, որոնք ընթացքում կուսումնասիրվի, կերևա»:



Գոռ Ղլեչյանը, անդրադառալով դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու գումարի հետ կապված հարցին, նշեց, որ այդպիսի բան չկա: