Կառավարության նիստը՝ լուսանկարներով

Կառավարության նիստը՝ լուսանկարներով

Այսօր կառավարության հերթական նիստը մեկնարկեց ոչ թե վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով, այլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով: Նոր ձևավորված կառավարության անդամներին նախագահը շնորհավորեց. «Այս նոր կառավարության հաջողությամբ են պայմանավորված այն ակնկալիքները, որոնք ունի մեր ժողովուրդը. ուրեմն պետք է լծվել աշխատանքի, իմ հորդորն է նվիրվել անմնացորդ: Շատ դժվարություններ կան, եղեք հաստատակամ, ինչպես պայմանավորվել ենք՝ նեղանալ, նեղսրտել չկա: Անձնականը պետք է մղվի երկրորդական պլան, ես վստահ եմ, որ ձեր ընտանիքի անդամները, հարազատները սա կհասկանան: Մի մտածեք, որ կասեն՝ դարձել եք կառավարության անդամ, մեզ հետ քիչ եք շփվում: Եղեք միասնական, վարչապետը սոսկ ղեկավար չէ, առաջնորդ է, նրա դիտողությունները ձեր անձերին չեն վերաբերում, մենք շատ բան ունենք անելու և այդ ճանապարհին լինելու ենք հաստատակամ»:



Ելույթից հետո, երբ Սերժ Սարգսյանը հարցրեց պաշտոնյաներին՝ արդյոք իրեն հարցեր չունեն կամ խոսք չունեն ասելու, կառավարությունում՝ ձայն բարբառո հանապատի: Դրանից հետո խոսեց Կարեն Կարապետյանը՝ շնորհակալություն հայտնելով նախագահին վստահության համար: Նախարարների լռությունը կարծես չէր գոհացրել երկրի ղեկավարին, նա մեկ անգամ ևս հարցրեց՝ հարցե՞ր չունեք, սակայն կրկին պատասխան չեղավ: Փոխարենը նախագահին հարցեր ունեին լրագրողները, սակայն վերջինս արդեն հարցերին պատասխանելու ցանկություն չուներ: Նախագահի այցից հետո կառավարությունը անցավ իր օրակարգին:



Ձեզ ներկայացնում ենք մեր ֆոտոշարքը հերթական նիստից: