Իշխան Բարսեղյանը մեկ տարի առաջ հայտնել էր, որ իր դեմ աշխատում են

Իշխան Բարսեղյանը մեկ տարի առաջ հայտնել էր, որ իր դեմ աշխատում են

Երեկ ուշ երեկոյան ԱԱԾ քննիչները որոշում կայացրին Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նա ձերբակալվել է հոկտեմբերի 27-ի երեկոյան, դրսում, ինչպես հաղորդում է ԱԱԾ-ն՝ «ենթադրյալ կաշառք ստանալու պահին»։ «Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո»,- գրված է հաղորդագրության մեջ։ Պաշտոնական հաղորդումից առաջ կաշառքի մասին տեղեկությունները տարածվեցին մի քանի ԶԼՄ-ներով։ Տեսանյութն անգամ կայքերում տեղադրվեց։ Այդ տեսանյութում Իշխան Բարսեղյանը, կողքերը նայելով, մի տղամարդուց 1000 ԱՄՆ դոլար է վերցնում եւ նրան ցուցումներ տալիս, թե ինչ անել հետո: «Մնացածը,- ասում է դատավորը,- մենք իրար չենք ճանաչում, բայց կապի մեջ կլինենք, ամսի 30-ի նիստը հետաձգենք, որ ես իմանամ, թե ինչ կարգով ենք հակընդդեմ հայցը գրում, պետք է ես թելադրեմ, գրեմ, դու ստորագրես»։ Տպավորություն կա, որ այս նյութերը հատուկ են գցել «մամուլի բերանը»։



Նրա դեմ վաղուց էին աշխատում



Իշխան Բարսեղյանի ձերբակալությունն անակնկալ էր թերեւս նրանց համար, ովքեր տեղյակ չէին, որ վերջին մեկ տարում վարկաբեկման իսկական կամպանիա էին սկսել նրա դեմ։ Լուրեր էին տարածվում, թե դատավորը խաղատներ է այցելում, որ 2014 թվականին հայաստանյան բանկերից մեկը դիմել է դատարան` պահանջելով իր վարկային պարտավորությունները չկատարած Իշխան Բարսեղյանից գանձել 1 միլիոն 177 հազար 750 դրամ: Սա եւս կարող է վկայել, որ Բարսեղյանի հետեւից են ընկել, քանի որ մեր դատական վերնախավում այնքան էլ շատ չեն դեպքերը, երբ դատավորներին տուգանում կամ այնպիսի «քավարանով» են անցկացնում, ինչպիսին է Արդարադատության խորհուրդը։ Անցյալ տարի կարգապահական վարույթ իրականացվեց խորհրդում, ընդ որում՝ դռնբաց, որը կարճվեց։ Բարսեղյանի մերձավորները «Հրապարակի» հետ զրույցում հայտնեցին, որ դատավորը ոչ թե կաշառք է վերցրել, այլ ստացել է իր պարտքը։ Սովորաբար փակ աշխատող եւ անգամ իր որոշումները դժկամությամբ հրապարակող Արդարադատության խորհուրդն այդ նիստում դռնբաց լսեց դատավորի դեմ գործը, իսկ օրակարգի մյուս հարցը (Կենտրոն, Նորք-Մարաշ դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ) լսելու ժամանակ լրագրողներին դուրս հրավիրեցին։ Վերջում խորհուրդը որոշեց կարճել Բարսեղյանի վերաբերյալ վարույթը, քանի որ այն հարուցած անձը խախտել էր դրա ընթացքի սահմանված ժամկետները։ Այդ նիստը լուսաբանելիս, ինչպես եւ այսօր, տպավորություն ունեցանք, որ բաց լսումը դատավորին վարկաբեկելու միտում ուներ։ Իշխան Բարսեղյանն այդ օրը դժկամությամբ էր մեր հարցերին պատասխանում։



- Ի՞նչն է պատճառը, Ձեր կարծիքով, որ միայն Ձեր մասով են խախտումներ հայտնաբերվել։



- Չգիտեմ։



- Դուք տեղյա՞կ եք, որ Ձեր մասին լուրեր են շրջանառվում, թե կազինոներում եք խաղում։



- Հարգելիս, ես եվրոպական տարբեր քաղաքներում եմ եղել, այդ թվում՝ նաեւ երկու անգամ Բադեն-Բադենում։ Որպես տղամարդ եւ երեք երեխաների հայր, նաեւ աստվածապաշտ մարդ՝ երդվում եմ. կյանքում եթե գեթ մեկ անգամ, ուղղակի հետաքրքրության համար, մտել եմ նման հաստատություն, թող Աստված այնպես անի, որ երեք երեխաներիս չտեսնեմ... Ես կարող եմ վստահեցնել, որ սրբությամբ կատարել եմ իմ աշխատանքը՝ 28 տարի։ Հարամություն չեմ արել։



Երբ վարույթը կարճելու մասին որոշումը հրապարակվեց, Բարսեղյանն ասաց․«Սա դեռ վերջը չէ»։ Այս համակարգում եթե որեւէ մեկը հայտնվում է «սեւ ցուցակում», անպայման պատժվում է։ Իսկ Բարսեղյանի դեմ «հալածանքը», ասում էին, անձամբ վճռաբեկի նախագահն է ղեկավարում։ Նրան առաջարկել են դիմում գրել, սեփական կամքով հեռանալ, մերժել է՝ ավելի մեծ հաշվեհարդարի թիրախ դառնալով։



Ոչ թե կաշառք էր, այլ՝ պարտքի գումար



Հարց․ ո՞ր մի խելամիտ դատավորը, իսկ դատավորները, թերեւս, ամենազգուշավոր մասնագիտական կաստան են, 1000 դոլար կաշառք կվերցնի երեկոյան, մութ ժամին, անցումում։ Այն էլ նա, որը համոզված է, որ վաղուց խստացված հսկողության տակ է, որ իր դեմ «աշխատում» են եւ ամեն րոպե կարող են «գլխին սարքել»։ Գուցե Բարսեղյանը խելամի՞տ դատավոր չէր։ Փորձեցինք տեղեկություններ հավաքել դատավորի մերձավորների շրջանակից։ Այդ տեղեկությունների համաձայն՝ գումարի փոխանցումը հոկտեմբերի 27-ի երեկոյան եղել է, սակայն փոխանցողը ոչ թե դատավորին կաշառք է տվել, այլ «վերադարձրել է իր պարտքը»։ «Ես վստահ եմ, որ Իշխան Բարսեղյանը պարտքի գումարն է պահանջել»,- ասաց նրա մերձավորներից մեկը։ Նա քաջատեղյակ էր նաեւ այն քաղգործից, որի շրջանակներում, ըստ ԱԱԾ հաղորդագրության, կատարվել է գումարի փոխանցումը, եւ պնդում էր, որ այդ գործով դատավորը չէր կարող կաշառք պահանջել, քանի որ «տվյալ անձի օգտին գործը լուծել հնարավոր չէր»։ Իշխան Բարսեղյանի շահերը պաշտպանում են փաստաբաններ Վարդուհի Էլբակյանն ու Կարեն Հովհաննիսյանը։



ՀԳ․ Իրավական շրջանակներում այս ձերբակալությունը բացասական արձագանք է ստացել։ Սա պայմանավորված է եւ Իշխան Բարսեղյանի անձով, որն արցախյան պատերազմում առողջությունն է կորցրել։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր էջում արձանագրել է, որ, Իշխան Բարսեղյանին ձերբակալելով, փորձում են հանրության ուշադրությունը շեղել վճռաբեկի նախագահ Արման Մկրտումյանի դեմ ԵԴ հերթական խայտառակ որոշումից. «Քավության նոխազ են դարձնելու եւ փորձելու են հանրության ուշադրությունը շեղել ՄԻԵԴ որոշումից»։ Խոսքը Բուզանդի փողոցից տեղահանված բնակիչների գործով երեկ հրապարակված որոշման մասին է, որում Եվրադատարանը ֆիքսել է «անաչառ դատարանի կողմից արդար դատավարության իրավունքի խախտում եւ անօրինական կերպով սեփականության զրկում»: Ի դեպ, երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ այս գործով նաեւ փաստաբան Էլզա Զաքարյանն է ձերբակալվել: Նրան մեղադրում են Բարսեղյանի եւ կաշառք տվողի միջեւ միջնորդ լինելու մեջ:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ