Ազգուտակով` պաշտոնյա. Հովիկ Աբրահամյան

Ազգուտակով` պաշտոնյա. Հովիկ Աբրահամյան

«Ազգուտակով՝ պաշտոնյա» շարքի հաջորդ հերոսը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Ճիշտ է՝ Արգամիչը այժմ որեւէ պաշտոն չի զբաղեցնում, բայց դժվար երկար ժամանակ նրան անպաշտոն թողնեն: Հովիկ Աբրահամյանը ՀՀ անկախության շրջանի հայտնի, կարեւոր դեմքերից մեկն է, ով իր քաղաքական կարիերան սկսել է Արտաշատի քաղաքապետի պաշտոնից, դարձել մարզպետ, նախարար, փոխվարչապետ, ԱԺ նախագահ, վարչապետ: Հայաստանի 13-րդ վարչապետը առանց որեւէ հոդաբաշխ եւ համոզիչ բացատրության հրաժարական էր տվել 2016թ սեպտեմբերի 8-ին, մինչեւ օրս գործազուրկ է: Հավանաբար 2017թ խորհրդարանական ընտրություններից հետո նրան որեւէ պաշտոն կտան՝ կախված ընտրություններում ունեցած ներդրմամբ:



Հովիկ Աբրահամյանի կինը Ջուլիետա Աբրահամյանն է, ում մասին բազմիցս մամուլում գրվել է, որ ամուսնուց հարուստ է: Հովիկ Աբրահամյանը ունի երկու դուստր եւ մեկ որդի: Արգամ Հովիկի Աբրահամյանը Արտաշատի քաղաքապետն է, նախկին վարչապետը ցանկանում է նրա համար ապահովել թռիչքային կարիերա իր օրինակով: Այդ հարցում նրան կօգնի ոչ միայն Աբրահամյան լինելը, այլեւ Ծառուկյանի հետ ունեցած խնամիությունը: Արգամ Աբրահամյանը ամուսնացած է Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Էմմայի հետ:



Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ Աննա Աբրահամյանը, Կենտրոն նոտարական տարածքի նոտարն է: Օրերս մամուլը գրել էր ծովափնյա նորակառույց երկնաքերում նրա ձեռք բերած բնակարանի մասին: Նոտարի ամուսինը՝ Վահան Մամիկոնյանն, աշխատում է ՊԵԿ-ում` Երեւան քաղաքի Շենգավիթի հարկային տեսչության պետն է: Վերջինիս եղբայրը՝ Վարդան Մամիկոնյանը, Արտաշատի հարկային տեսչության պետն է: Նրանց քույրը՝ Սոնա Մամիկոնյանը, Առողջապահության նախարարության Աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժնի Արարատի մարզային կենտրոնի ղեկավարն է: Հովիկ Աբրահամյանի մյուս փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը, «Զվարթնոց» մաքսատան պետն է: Այսքանը զավակների եւ փեսաների մասին, ի դեպ, շատ հնարավոր է այս ուղղությամբ պաշտոն զբաղեցնող մի քանի անձիք սպրդած լինեն:



Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, նախկին պատգամավոր է, զբաղվում է բիզնեսով եւ պարբերաբար հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: Վերջինիս զավակները եւս ընդգրկված են բիզնեսներում: Հենրիկ Աբրահամյանի հարսն էլ՝ Դիանա Աբրահամյանը վերջերս հաջողությամբ հանձնել է քննությունները եւ հավակնում է նոտար դառնալ: Առհասարակ, Աբրահամյանները բազմաթիվ բիզնեսներում մասնաբաժին ունեն եւ վերահսկում են մարզի տնտեսությունը: «Հետքը» ժամանակին հոդվածների շարք էր հրապարակել «Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի», որում նշել էր, որ Հովիկ Աբրահամյանի եւ նրա մերձավորների հայաստանյան ընկերությունների թիվն անցնում է հինգ տասնյակից:



Հովիկ Աբրահամյանի մյուս եղբայրը՝ Ռաֆիկ Աբրահամյանը, Մխչյանի ավագանու անդամ է, վերջինիս որդին` Արսեն Աբրահամյանը, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետն է, պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում: Տարիներ ի վեր Մխչյանի ավագանու անդամ է եղել նաեւ Հովիկ Աբրահամյանի հայրը` Արգամ Հունանի Աբրահամյանը: Վերջինս մահացել է 2015թ ապրիլին, թեեւ Արարատի մարզպետարանի կայքում դեռ նրա անունը նշված է որպես ավագանու անդամ: Ի դեպ, ասում են, որ Հովիկ Արգամիչը գալիք ԱԺ ընտրություններում մտադիր է իր որդուն, փեսային ու եղբայրներից մեկին կրկին խորհրդարան բերել՝ ԱԺ-ում եւս Աբրահամյան ընտանիքի ազդեցությունը ամրապնդելու նպատակով:



Հովիկ Աբրահամյանի հետ բարեկամական կապը հաջողակ կարիերա ունենալու գրավականն է: Հանուն արդարության պետք է ասել, որ Արգամիչը ոչ մեկին չի մերժում, գործի, գումարի կամ այլ հարցով դիմողներին փորձում է օգտակար լինել պետության հաշվին: Լավ բարեկամ Աբրահամյանը թռիչքային կարիերա է ապահովում նաեւ հեռու, մոտիկ հարազատների համար: Օրինակ` մորաքրոջ թոռանը՝ Կարինե Պողոսյանին, Աբրահամյանը այնպիսի պաշտոն է նվիրել, ինչպիսին նա անգամ իր երազում չէր կարող տեսնել, Կարինե Պողոսյանը պատգամավոր է, նրա եղբայրն էլ՝ Գագիկ Պողոսյանը, Արգամ Աբրահամյանի տեղակալն է: Ի դեպ, Գագիկ Պողոսյանը Աբրահամյանների հետ կապվող մի շարք ընկերությունների սեփականատեր կամ տնօրեն է: Կարինե Պողոսյանի մյուս եղբայրը` Խաչիկ Պողոսյանը, արդեն երկրորդ «սրոկն» է` ընտրվում Մխչյանի գյուղապետ:



Իսկ եթե Աբրահամյանի հետ որեւէ ազգակցական կապ չունեք, հոգ չէ, դարձեք նրա սանիկը, Աբրահամյանը նաեւ լավ քավոր է բոլոր առումներով: Մամուլին հայտնի է, որ նրա բազմաթիվ սանիկներից մեկը` Կարեն Իսախանյանը, զբաղեցնում է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն նախարարի տեղակալի պաշտոնը, անգամ սանիկի եղբայրը «յուղոտ» պաշտոնի տեր էր. Սամվել Իսախանյանը վերջերս է ազատվել ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության պետի պաշտոնից:



Սանիկներից բացի՝ Հովիկ Աբրահամյանը տիրություն է անում իր հետ նստել-վեր կացող բոլոր մարդկանց, օրինակ՝ նրա վարորդի եղբայրը Մրգավետի գյուղապետն է, վարորդի դուստրը՝ մանկապարտեզի վարիչ: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը իր մոտ աշխատանքի է վերցնում նաեւ իր ընկերների որդիներին: Մասնավորապես` նրա «Չուգուն» մականունով էքսցենտրիկ պահվածքով թիկնապահներից մեկը, ըստ մեր տեղեկությունների, իր վաղամեռիկ ընկերներից մեկի որդին է:



Շարքի շրջանակներում անդրադարձել ենք նաեւ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար,փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանին, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովին ու Հերմինե Նաղդալյանին: