Ժամանակակից գրականությունը դուրս կթողնե՞ն ֆինանսավորումից, թե՞ ոչ

Ժամանակակից գրականությունը դուրս կթողնե՞ն ֆինանսավորումից, թե՞ ոչ

Նախօրեին Ազգային ժողովում 2017թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դիմել էր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին՝ նշելով, թե հույսեր ունի, որ պետպատվերով այլեւս «second hand» գրականություն չի հրատարակվի, ապա հորդորել էր 2017թ.-ին հրատարակել ոչ թե 30 անուն «աղբ, որը կպահվի պադվալներում», այլ մեկ-երկու տաղանդավոր երիտասարդների գործեր, թարգմանել դրանք ու այդ գրողներին ծանոթացնել աշխարհին։ Դրան հաջորդել էր Ամիրյանի պատասխանը, որն շտապել էր տեղեկացնել, որ ժամանակակից գրականության հարցում վերանայել են պետական քաղաքականությունը, մասնավորապես՝ առաջիկայում իրենց աջակցությունը կնպատակաուղղեն հեղինակների հանրահռչակման ծրագրերին: Նաեւ հատուկ դրամաշնորհներ են տրամադրելու հայ ժամանակակից գրողների թարգմանությունները հրատարակող օտարերկրյա հրատարակիչներին: «Չափազանց կարեւոր է շուկայի ուսումնասիրությունը, որը պետք է պարզի ներքին, արտաքին, ինչպես նաեւ Սփյուռքի պահանջները եւ պետական կարիքները։ Այդ ուսումնասիրությունը պետք է ծառայի եւ մշակույթի նախարարությանը, եւ մասնավոր հրատարակիչներին՝ առավել ճիշտ կողմնորոշվելու գրահրատարակչական շուկայում։ Բյուջեում կա այս ոլորտի հետ կապված երկու «տող»՝ պետպատվեր եւ աջակցություն գրահրատարակիչներին։ Երկու մասով էլ փոփոխություններ ենք անելու։ Պետական պատվերի մեջ ներառվելու են հաշմանդամություն ունեցող մարդկանց (կույրերի) համար գրքերը, ալբոմային հրատարակություն, որը Հայաստանը լավագույնս կներկայացնի աշխարհին։ Ինչ վերաբերում է գրահրատարակիչներին աջակցելուն, գաղափարախոսական առումով շատ բան է փոխվում։ Եթե մինչ այսօր գրահրատարակիչներին գումար էինք տրամադրում այս կամ այն գրականությունը տպելու համար, հիմա չենք տրամադրելու։ Ասում ենք, որ հրատարակված լավագույն գրքերը կգնենք մեր թանգարանների համար։ Առաջին հերթին դուրս ենք գալիս գրահրատարակչական բիզնեսից, պետությունը բիզնեսում անելիք չունի, չպետք է խանգարի բիզնեսին։ Մենք գնելու ենք լավագույն գրքերը եւ մեր գրադարանների միջոցով տարածելու ենք հանրապետությունով մեկ։ Ոլորտի հիմնական նպատակն է՝ բացահայտել երիտասարդ, տաղանդավոր գրողներին եւ աջակցել գրահրատարակչական բիզնեսին»,-իր խոսքում ասել է Ամիրյանը։ 



Իսկ այն բանից հետո, երբ գրականագետ Հասմիկ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն հայտնեց գրահրատարակչական ոլորտում նախարարի ձեռնարկած բարեփոխումների մասին՝ նշելով, որ սխալ է համարում ժամանակակից հայ գրականությունը պետաջակցության ծրագրերից հանելու մտադրությունը, երկար բանավեճ-քննարկում ծավալվեց, որը մի քանի օր է՝ դեռ շարունակվում է սոցհարթակում։ Քննարկմանը միացել են գրողներ, հրատարակիչներ, գրականագետներ, որոնք իրենց տեսակետները հիմնավորելուց բացի, հարցը ներկայացնում են «ներսի մարդու» աչքերով։ «Շատ լավ ծանոթ լինելով այս ոլորտին, բոլոր թեր ու դեմ կողմերն իմանալով հանդերձ, կարող եմ վկայել, որ նման գրահրատարակչական դաշտ (ժամանակակից գրականություն հրապարակող մեկ-երկու հրատարակիչ) եւ սպառողների խիստ սակավ ռեսուրսներ ունեցող երկրում այս փաստը շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ: Ժամանակակից գրողը մնալու է մեկ-երկու հրատարակչի գրական ճաշակի ու որդեգրած քաղաքականության հույսին, հրատարակչական իմաստով «չսպառվող» գրականությունը (լուրջ գրականություն, որ գուցե սպառողական մեծ հնարավորություններ չունի) թիրախային լուրջ խմբում է հայտնվելու, թանկանալու են գրքերի ինքնարժեքները, ինչն էլ իր հերթին բերելու է էլ ավելի վատ գնողականության, եւ այսպես շարունակ: Կարծում եմ, որ ռիսկային գործոնները լավ չհաշվարկված, սխալ ցանկություն է սա»,-քննարկումներում կարծիք էր հայտնել գրականագետ Հասմիկ Հակոբյանը:



«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով՝ այստեղ մի լավ բան էլ կա. «Լիքը ժամանակակից գրողներ, որոնց ոչ մեկը չի ասում, որ ձեզնից ոչ մի բան չեք ներկայացնում, միջակություններ եք, բայց տարիներ շարունակ Խանջյանի, Հովհաննեսի, Անտաշյանի, Հրաչի, Պաչյանի, Երանյանի ու մյուս տաղանդավորների հետ հավասար տպագրվել են, վերջապես դուրս կմղվեն դաշտից, որովհետեւ ոչ մի հրատարակիչ իրենց չի տպի: Վերջապես կհասկանան, որ իրենք գրող չեն: Ու էլ չեն լինի ոչ մի տեղ կյանքում չտպագրված, բայց հանկարծ, էն էլ պետական աջակցությամբ գիրք տպող գրողներ։ Գրող-հրատարակիչ ու գրող-գրական մամուլ-կայքեր կապն ավելի քաղաքակիրթ կլինի։ Պետաջակցությունն է մեղավոր, որ այսօր ունես 2-3 հրատարակիչ: Ջանք չեն թափել, որովհետեւ ստացել են պետաջակցության փողերը, ու գիտես ինչ են արել: Միայն ՀԳՄ հրատարակչությունը 2001-2015 թթ. ընթացքում մոտ 200 մլն.-ի աջակցություն է ստացել: Մի քայլ առաջադիմե՞լ է: Կարող էր, չէ՞, էդ շրջանառությամբ դառնալ լուրջ հրատարակիչ: «Ծիծեռնակն» էդ նույն տարիների ընթացքում մոտ 50 մլն. ֆինանսավորում է ստացել: Մի գիրք իր հաշվին տպե՞լ է: Ով նախարարությունում գործի է անցել կամ էնտեղ ծանոթ է ունեցել, հրատարակչություն է բացել: Ու դա է սպանել հրատարակչական դաշտը, դա է գցել չափանիշը մեր գրական դաշտում»:



Բանաստեղծ Արփի Ոսկանյանին մտահոգող մի բան կա. «Հրատարակչությունները շահագրգռված էին աշխատել գրողների հետ՝ հնարավորինս շահավետ պայմաններ առաջարկելով, որովհետեւ գրողը կոնկրետ փող էր բերում իրեն։ Ու դա մրցակցություն էր առաջացնում ոլորտում։ Հիմա, եթե պետպատվերը վերանում է, քանի՞ հրատարակիչ կարող է իրեն թույլ տալ ժամանակակից գրողի հետ աշխատել։ Մրցակցության պակասն անպայմանորեն կբերի լճացման»։



Գրող Համբարձում Համբարձումյանն այս հարցին այլ դիտանկյունից է նայում. «Հիմա հարցն այն է, որ էդ գրականությանը տրվող աջակցությունը, փողն ի՞նչ է արվելու: Գրականությա՞նն է ծառայելու, թե՞ դուդուկի փառատոնի վրա է ծախսվելու: Նույն հաջողությամբ կարող էին գրողին նորմալ հոնորար տալ պետպատվերով տպագրված գրքի համար»:



«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ողջունում է բոլոր այն հրատարակիչներին, որոնք իրենց ներկայացրած պետպատվերի հայտերը կիրագործեն ինքնուրույն. «Նրանք կապացուցեն, որ պետության գումարին վերաբերվում են նույնպես խնայողաբար, ինչպես սեփական փողին»։



«Գարուն» ամսագրի խմբագիր Աշոտ Գաբրիելյանը համաձայն է ժամանակակից գրողներին աջակցություն չտալուն, սակայն. «Առաջինը, որ ինձ ուրախացնում է, որոշները կդադարեն անգամ գրելուց, սակայն վտանգն այն է, որ խոշոր տպագրական ռեսուրսներ ունեցող, սակայն հրատարակչական անճաշակ գործ անողները գրական դաշտում կարող են դառնալ թելադրող: Այսինքն՝ պետք է հասկանալ, որ հրատարակիչն այլ բան է, տպագրողը՝ այլ բան, եւ առաջին հերթին լավ հրատարակչական ռեսուրսներ ունեցողին պետք է խրախուսելու ձեւեր գտնել, քան լավ տպարան ունեցողին, որոնց բիզնես պլանները կարող են ձեւավորվել այնպես, որ էական ոչ մի կապ չունենան ժամանակակից գրականության հետ»:



Քննարկմանը թեեւ մշակույթի նախարարությունը չի մասնակցել, բայց ուշադիր հետեւել է։ Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ժամանակակից հայ գրականությունը պետաջակցության ծրագրերից հանել կամ չհանելու հարցը դեռ քննարկման փուլում է. «Այն, որ ժամանակակից գրականությունը պետք է օժանդակվի պետության կողմից, սա հստակ է, պարզապես օժանդակության ձեւերն ենք քննարկում»։ Թե հաջորդ տարի բյուջեով ինչքան գումար է նախատեսված ժամանակակից հայ գրականությանը, չի կարող ասել, քանի որ դա պարզ կլինի, երբ բյուջեն հաստատվի։ Տեր-Վարդանյանը վստահեցրեց, որ հարցը քննարկում են ոլորտի մասնագետների հետ։