«Ժողովուրդ». Ծառուկյանի հայտարարությունը դեռ չկա, բայց ՀՀԿ-ական շատ գործիչների մոտ արդեն «ոչ կոմֆորտ» իրավիճակ է

«Ժողովուրդ». Ծառուկյանի հայտարարությունը դեռ չկա, բայց ՀՀԿ-ական շատ գործիչների մոտ արդեն «ոչ կոմֆորտ» իրավիճակ է

«Ժողովուրդը» գրում է. ««Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք». սա Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2015-ի փետրվարի 12-ին արված հայտարարությունից պատառիկ է, որից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ակտիվ քաղաքականությունից դուրս գալու եւ իրեն ամբողջովին սպորտին նվիրելու մասին: Բայց մոտ երկու տարի անց ԲՀԿ-ին հավատարիմ մնացած գործիչներն ու հազարավոր քաղաքացիներ պարբերաբար տարբեր ֆորմատներով դիմում են Գագիկ Ծառուկյանին՝ վերադառնալու խնդրանքներով: Նույնիսկ նրա տան դիմաց էին հավաքվել քաղաքացիները, որոնց ներկայությունից ճնշված Ծառուկյանը իջավ իր դղյակից, խոստացավ առանձին հայտարարությամբ տեղեկացնել անելիքների մասին՝ միաժամանակ ակնարկելով, որ առաջիկա ընտրություններին անպայման մասնակցություն կունենա: Երեկվա դրությամբ պատմական այդ հայտարարությունը դեռ չէր եղել: Բայց ՀՀԿ-ական շատ գործիչների մոտ արդեն «ոչ կոմֆորտ» իրավիճակ էր: Զավեշտալի փակուղում են հայտնվել այն հանրապետականները, որոնք առիթը բաց չէին թողել եւ իրենց վերադասի թողտվությամբ Ծառուկյանի հասցեին կոշտ որակումներ էին հնչեցրել: Օրինակ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խոսելով Ծառուկյանի մասին, ասել էր. «Թալանչին չի կարող լինել բարերար, նա չարիք է»: «Ժողովուրդ»-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ հիշո՞ւմ եք Ձեր խոսքերը Ծառուկյանի մասին, նա վերադառնում է: «Ոչ մի բան չենք հիշում. երբ հայտարարություն կանի, կպատասխանենք»,- պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: