2 հաղթող Գյումրու թատրոնի տնօրենի պաշտոնում. ո՞ւմ կնշանակի Ամիրյանը

2 հաղթող Գյումրու թատրոնի տնօրենի պաշտոնում. ո՞ւմ կնշանակի Ամիրյանը

Երեկ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել չորս թեկնածու, բոլորն էլ՝ թատերական ոլորտից։ Մրցույթին ներկայացել էին 3-ը՝ թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, ռեժիսոր, նույն թատրոնում ժամանակին աշխատած Մկրտիչ Անտոնյանը եւ ռեժիսոր, 2000-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար աշխատած Արտաշես Առաքելյանցը։ Չորրորդ թեկնածուն, որը չէր ներկայացել մրցույթին, թատրոնի գլխավոր ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանն է։ Մրցույթն անցավ 2 փուլով․ գրավոր փուլը հաղթահարեց 2 թեկնածու՝ Մկրտիչ Անտոնյանն ու Տիգրան Վիրաբյանը։ Նրանք հարցազրույցի փուլից հետո հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչվեցին։ Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ, նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը, հանձնաժողովի որոշումը կներկայացվի նախարարին: Թեկնածուների փորձը, աշխատանքային կենսագրությունը հիմք ընդունելով՝ նախարարը կկայացնի վերջնական որոշում, եւ նրա հրամանից հետո հայտնի կդառնա Գյումրու պետական թատրոնի նոր տնօրենի անունը։



Հիշեցնենք, որ աճեմյանցիների բողոքի արդյունքում առաջին մրցույթը չկայացավ: Այն ժամանակ հայտատուները Գյումրու «Ցայգ» մարզային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանն ու լրագրող Արաքսյա Կիրակոսյանն էին, որոնք թատերական ոլորտին առնչություն չունեին, եւ հենց դրա դեմ էլ ընդդիմացել էր թատրոնի կոլեկտիվը: Հայտարարվեց եւս մեկ մրցույթ, որին ընդհանրապես ոչ ոք հայտ չներկայացրեց։ «Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ թատրոնի կոլեկտիվն էր պահանջ դնում, որ կոնկրետ նշվեն մասնագիտություններ, մենք կոնկրետ նշեցինք եւ ընդլայնեցինք մասնագիտությունների ցանկը։ Մեր կարծիքով՝ տնօրենը հիմնականում պետք է լինի ոլորտից քաջատեղյակ մարդ եւ տնտեսական ղեկավար, որովհետեւ պայմաններ է ստեղծում ստեղծագործական գործունեության համար»,-ասաց փոխնախարար Արթուր Պողոսյանը։ Նրանից հետաքրքրվեցինք՝ նախարարը երբ այցելել էր Գյումրու թատրոն, կոլեկտիվին խոստացել էր, որ ով էլ ընտրվի, հարցնելու է նրանց կարծիքն ու նաեւ հաշվի նստի նրանց հետ, ի՞նչ կլինի այս անգամ։ «Գյումրի այցելության ժամանակ մենք նախարարի հետ հանդիպել ենք կոլեկտիվի հետ, կոլեկտիվն իր նախասիրությունները շատ տարբեր ձեւերով հայտնել է ընդհանուր ժողովի ժամանակ, ես չեմ կարող բարձրաձայնել այդ նախասիրությունները, որովհետեւ դա կոլեկտիվի կարծիքն է եղել։ Ի վերջո, կարծիքը՝ մի կողմ, բայց որոշակի ընթացակարգ կա, եւ մենք, լսելով կոլեկտիվի կարծիքը, այնպիսի պայմաններ ենք ստեղծել մրցույթի համար, որ կոլեկտիվին բավարարի»։



Ռեժիսոր Մկրտիչ Անտոնյանը Գյումրու թատրոնում աշխատել է մինչեւ 95 թվականը, որպես դերասան եւ ռեժիսոր, որից հետո ստեղծել է սեփական թատրոնը, որը թեեւ բավական ճանաչված է եղել, բայց երկար կյանք չի ունեցել։ Թե ինչու է որոշել դիմել մրցույթի եւ ինչպես է պատկերացնում թատրոնի հետագա զարգացումը, Անտոնյանն ասաց. «Կարճ-կոնկրետ ասեմ՝ 77-ից թատրոնում եմ, այս 35-36 տարիների ընթացքում ինչ սովորել-տեսել եմ, պիտի փորձեմ թատրոնին տալ, գումարած դրան՝ ամենակարեւորն ինձ համար հյուրախաղեր կազմակերպելն է, որպեսզի մեր դերասանները եւ իրենց ցույց տան, եւ ուրիշներին տեսնեն։ Հյուրախաղերը կարեւոր նշանակություն ունեն»։ Նա բոլորին ճանաչում է, եւ ով էլ անցնի ու տնօրենի պաշտոնում նշանակվի, շնորհավորելու է։



7-8 տարի շարունակ Գյումրու թատրոնում որպես պրոդյուսեր, մենեջեր աշխատող Տիգրան Վիրաբյանն ասում է, որ տեսողական մասով գրեթե ապահովել են ամեն ինչ, եւ արդեն պարզ է, թե ինչ տիպի թատրոն են ուզում տեսնել. «Վերջին տարիների եւ հանդիսատեսի շարժը, եւ հաճախակի կատարվող նորանոր ներկայացումները, եւ թատրոնի աճող վարկանիշը խոսում են այն մասին, թե ինչ տիպի թատրոն ենք մենք պատկերացնում, բնականաբար՝ զարգացող, երիտասարդ, մեծերին գնահատող եւ պարբերաբար հայաստանյան մշակութային կյանքում նոր թատերական արժեքավոր երեւույթներ ստեղծող թատրոն»։



Թե ինչու նախորդ 2 անգամները մրցույթի հայտ չի ներկայացրել, կոլեկտիվի աջակցությունը մինչ այս պահը չէ՞ր զգում, Վիրաբյանը նշեց, որ միշտ է եղել կոլեկտիվի աջակցությունը, ուղղակի մրցույթի կարգի մեջ արվեստի կառավարման բնագավառի կրթությունը չէր ստացել համապատասխան կարեւորություն, դրա համար նախորդ անգամները չէր կարող դիմել, երբ ընդլայնվեց մասնագիտությունների ցանկը, հայտ ներկայացրեց։ Վիրաբյանը նշեց, որ շատ ջերմ հարաբերություններ ունի Մկրտիչ Անտոնյանի հետ, եւ իրենց համագործակցությունը ցանկացած դեպքում կշարունակվի թատրոնում, ով էլ որ նշանակվի տնօրեն։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ