Շմայսը՝ սոցիալական արդարության դիրքերից

Շմայսը՝ սոցիալական արդարության դիրքերից

ԱԺ ամենասկանդալային պատգամավորներից մեկը՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս), երեկ բավականին ուշագրավ ելույթ ունեցավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Նախագծով առաջարկվում է ռազմաբժշկական բնույթի ուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետում ներառել նաեւ ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը, եւ նրանց սկզբնական սպայական կոչում շնորհել ինտերնատուրան ավարտելուց հետո։



Առաքել Մովսիսյանը, հիշելով հասարակության ու մամուլի բարձրացրած աղմուկը սահմանին ծառայող «քյասիբի» զավակների վերաբերյալ, նշեց, որ պետք է բանակ զորակոչեն իսկական բժիշկների, որոնք նորմալ սովորել-ավարտել են ինտերնատուրան, ոչ թե գլուխ են պահել եւ ուզում են բժշկի անվան տակ բանակում արտոնյալ պայմաններում ծառայեն։ «Պետք է ամեն ինչ անել, որ աչքի տեղը ունքը չհանեն»,-նշեց հազվադեպ ելույթ ունեցող պատգամավորը։ Նախագծի զեկուցող, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն էլ ասաց, որ նախագծով սպայական կոչումը զորակոչիկին կշնորհվի միայն ինտերնատուրան ավարտելուց հետո, իսկ եթե ուսանողը ձախողի քննությունը, ապա կզորակոչվի որպես շարքային։ «Իսկ ըտեղ հանձնաժողովն աշխատելո՞ւ ա էդ ուղղությամբ, որ գլուխ չի պահել էդ ուսանողը, պիտի կամ շարքային ըլնի, կամ իսկականից բժիշկ զորացրվի»,-հակադարձեց Շմայսը։



Հետո բացատրեց իր ասածի տրամաբանությունը. «Որովհետեւ արդեն գնալով էդ հարցերն առաջ են քաշվում, անընդհատ հարուստի ու քյասիբի էդ պատերազմների մեջ ենք, դրա համար իմ ասածն էդ ա, որ որեւէ մեկին զիջում չպիտի ըլնի, որովհետեւ էսօր ամեն տեղ խոսակցությունն էդ ա, որ պատասխան չենք կարում տանք ոչ մեկին»։



Նազարյանի արձագանքից հետո պատգամավորն ավելի քաղցրացրեց կենացները. «Ես ուզում եմ էս թազա պրիզիվներից օրինակ ծառայեն էն մյուս քյասիբ զինվորները, որ տենան իրենց մեջ մեծահարուստի էրեխեք էլ կան ծառայող, որ ժիրիբյովկեն հավասար ա ըլնում բոլորի համար։ Դրսերից, ներսից սաղ մեզ վրա են տալիս, թե ինչի՞ մենակ մեր էրեխեքը պիտի ծառայեն»։ Թե որքանով էին Առաքել Մովսիսյանի դիտարկումները բխում քննարկվող հարցի էությունից, այլ հարց է, բայց ակնհայտ էր, որ ԱԺ դահլիճում միայն սկանդալներով աչքի ընկած պատգամավորը երեկ հանձնաժողովի նիստում փորձում էր նեղը դնել պաշտպանության փոխնախարարին։ Նրա այս ելույթն այդքան էլ նիստը վարող Կորյուն Նահապետյանի սրտով չէր՝ դատելով նրա ռեակցիայից Շմայսի ելույթի ընթացքում։ Նկատենք, որ այս ցավոտ հարցերն Ազգային ժողովում բարձրաձայնվում են կա՛մ ընդդիմադիրների կողմից, կա՛մ ՀՀԿ-ի «կռված» թեւի ներկայացուցիչների՝ Սեյրան Սարոյանի, Առաքել Մովսիսյանի շուրթերով։ Սրանք, որպես կանոն, արգելված հարցերի տիրույթից են, որոնք խորհրդարանում չեն բարձրացվում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ