Շարմազանովը՝ Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր դաշտ մտնելու և իրենց դեմ հավանական պայքարի մասին

Շարմազանովը՝ Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր դաշտ մտնելու և իրենց դեմ հավանական պայքարի մասին

ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը երեկ խոսել է իր, Րաֆֆի Հովհաննիսյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի միջև հավանական դաշինքի մասին։ 



ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց․ «Նախ նախկին նախարար պարոն Օհանյանն ինքը դեռևս որևէ հայտարարություն չի արել, երկրորդը՝ յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ պաշտոնաթող նախարարները, իրավունք ունեն զբաղվել քաղաքականությամբ։ Ինչ վերաբերում է երկու նախկին արտգործնախարարներին և մեկ նախկին պաշտպանության նախարարի հնարավոր եռյակ դաշինքին, ապա դա իրենց խնդիրն է, ես ոչ մեկնաբանելու, ոչ ողջունելու կամ չողջունելու խնդիր չունեմ»։



Դիտարկմանը, թե իշխանության մասը կազմած Սեյրան Օհանյանը, փաստորեն, ընդդիմադիր գործունեությամբ է զբաղվելու, Շարմազանովն ասաց․ «Առհասարակ չկա ընդդիմադիր, իշխանամետ։ Ժողովուրդն է ընտրությունների ընթացքում որոշում՝ ով է դառնում ընդդիմադիր, ով է դառնում իշխանամետ։ Մենք մեր քաղաքական մրցապայքարում հատուկ թիրախներ չենք ընտրում, որ նրանց դեմ պայքարենք։ Մենք ունենք մեր ներքին քաղաքական օրակարգը, մենք գնալու ենք այդ օրակարգով։ Եվ այդ իմաստով քաղաքականությունը հնարավորինի արվեստ է»։



Շարմազանովը դժվարացավ ասել նաև՝ արդյոք այդ հնարավոր դաշինքը կարո՞ղ է լուրջ մրցակից հանդիսանալ իշխող ՀՀԿ-ի համար, քանզի դեռևս չի ձևավորվել այդ դաշինքը, որ գնահատական տա։ Ըստ նրա՝ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, թե ովքեր են ընդդիմադիր դաշտի ամենահավանական ֆավորիտները։



«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, բազմակարծությունը մեզ մոտ իրավական նորմ է, քաղաքական նորմ է, և շատ նորմալ է․․․ բազում Արցախի հերոսներ եղել են, կան ու դեռ կլինեն, որոնք Հանրապետականի․․․ Հանրապետականը ժողորդավարական բարեփոխումներ չի նախաձեռնել նրա համար, որ բոլորը դառնան հանրապետական, և մենք ունենանք միակուսակցական համակարգ»,-ասաց նա։ Հարցին, թե գուցե նեղացե՞լ է իրենցից Սեյրան Օհանյանը, Շարմազանովն ասաց, որ նեղանալը քաղաքական կատեգորիա չէ։



Hraparak.am-հարցին, թե ինչպե՞ս կվերաբերվեն նրան, եթե Սեյչրան Օհանյանը որոշի պայքար մղել իրենց դեմ ընդդիմադիր դիրքերից, ԱԺ փոխխոսնակն ասաց․ «Ես «եթե»-ներով հարցերին չեմ պատասխանում։ Ուրեմն տեսեք, չեն պայքարում իրար դեմ, քաղաքականության մեջ պայքարում են ծրագրերը, և պառլամենտական համակարգի անցումը, Սահմանադրական բարեփոխումների մեխը նաև կայանում է նրանում, որ մենք անձերի դեմ պայքարից պետք է վերանանք և գնանք գաղափարների և ծրագրերի պայքարի»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ