«Փարոսի» զոհերից կաշառք ուզելն օրինաչափ է

«Փարոսի» զոհերից կաշառք ուզելն օրինաչափ է

Սոցիալական ծառայության տարածքային բաժիններն ու գործակալությունները մինչեւ յուրաքանչյուր ամսվա 20-ը ձեւակերպում են անապահով քաղաքացիների նպաստները։ Այդ գործընթացը պաշտոնապես կոչվում է փաստագրում։ Այսօր դեկտեմբերի 21-ն է եւ շատերի համար՝ կրիտիկական ժամկետ։ Եթե քաղաքացին չհասցնի «փաստագրվել», ապա տվյալ ամիս մնում է առանց նպաստի, որը «Փարոս» համակարգի «բաժանորդների» համար հաճախ միակ ապրուստի միջոցն է։ «Փաստագրվելու» համար շատ կարեւոր է բնակության կոնկրետ հասցեն, եւ եթե քաղաքացին ինչ-ինչ պատճառով հայտնվել է սահմանային իրավիճակում կամ կորցրել է նախկին բնակության վայրում մնալու իրավունքը, ապա նրա նպաստը կտրում են։ Այն մարդկանց կյանքում, ովքեր 3-4 հոգով, ներառյալ փոքր երեխաները, յոլա են գնում նպաստի ողորմելի գումարով՝ ամսական 20-30 հազար դրամով, այդպիսի սահմանային իրավիճակները սովորական բան են։ Օրինակ՝ 39 տարեկան Արեւիկ Հոռոմսիմյանը, որի ամուսինը բանտում է, 3 երեխաների հետ դեռ մեկ ամիս առաջ բնակվում էր Լեռնապատի իր կիսավեր տնակում, ստանում էր իր 37 հազար 500 դրամը եւ պատրաստվում էր նույնիսկ Նոր տարի անել դրանով։ Բայց մեկ ամիս առաջ նրա նման անապահովներն Արեւիկի տնակի պատուհաններին քաշած ցելոֆանե «ապակիները» կտրել էին մկրատով եւ գողացել միակ հարստությունը՝ փայտի վառարանի խողովակը։ Արեւիկը մի քանի օր երեխաների հետ մնացել էր տնակում։ Երեխաները հիվանդացել էին, եւ նա ստիպված էր եղել հեռանալ Լեռնապատից, ցրտից փախել էր Վանաձոր՝ թոշակառու ծնողների տանն ապաստանելու։ 



«Դեկտեմբերի 16-ին դիմել եմ Ինեսա անունով տեսուչին, մեր տարածքային փաստագրումներն ինքն է անում։ Ասել է՝ չեմ կարող ես ձեր թղթերը սարքեմ, որովհետեւ էլ այդտեղ չեք ապրում։ Ես տեղափոխվել եմ ծնողներիս տուն, որովհետեւ վառելիք չունեմ, բայց նրանց վրա էլ ավտոմեքենա կա գրված, իրենց չեն տա նպաստ։ Եթե ինձ առաջարկեին՝ մի ամսվա փողը տամ իրենց, իմ փաստագրումն անեն, ես կտայի մեծ հաճույքով»,- ասում է Արեւիկը։ Կարինե Ս․-ից այդ մեկ ամսվա գումարն ուզել է Գ․ անունով տեսուչը։ Բայց Կարինեն չի բողոքում։ Սկզբում է մի քիչ բարկացել, որոշել է թերթի դիմել, բայց հետո փոշմանել է՝ կյանք է, չգիտես ինչ կլինի։ Նա Երեւանի կենտրոնում մի կիսաքանդ տնակ էր վարձակալել, բնակվում էր երկու երեխաների հետ։ Բայց գումար չուներ, որ ամսվա վարձը վճարեր, եւ տանտիրուհին կնոջը երեխաների հետ դուրս է արել։ Տեղափոխվել է Շենգավիթի մի բնակարան, որի մեկ ամսվա վարձը բարեգործական մի կազմակերպություն համաձայնել էր հոգալ, բայց հասցեն փոխել չի հասցրել, եւ հայտնի էլ չէ, թե ինչքան կմնա Շենգավիթի բնակարանում։ Հիմա, Ամանորի նախօրեին, երեք երեխաների հետ մնացել է առանց 29 հազար դրամի, բայց հույս ունի, որ «մի բան կանի»։ Ինչո՞ւ չի դիմում իրավապահներին։ «Ամեն դեպքում, ես ջահել աղջիկ եմ ու չեմ ուզում ինձնից դուրս գա էդ վատությունը։ Կյանք է, հետագայում շատ հարցեր կան, սա Հայաստանն է։ Եթե ես լինեի այդտեղի աշխատողը, անհնար է, որ ես մաքուր աշխատեի»։



- Ինչպե՞ս, Դուք երկու երեխաների աղքատ մորից 29 հազար դրամ կվերցնեիք ու գիշերը հանգիստ կքնեի՞ք։



- Ես ավելի խղճով կլինեի, բայց մարդկանց այնպիսի վիճակի մեջ են դնում, որ գնում են այլ քայլերի։ Նորմալ է, չեմ արդարացնում իրեն, բայց, ամեն դեպքում, իր մուրն իր գլուխը։ Ով գործից նրան կհանի, թող հանի, ինձնից դուրս չգա։



- Գուցե Ձեզ ոչ մի նպաստ էլ չի հասնում, ու Դուք ստո՞ւմ եք։



- Ոչ, ի՞նչ եք ասում։ Կրծքագեղձի ֆիբրոադենոմայով վիրահատվել եմ, մինչեւ հիմա դեղորայք է նշանակված, չեմ կարողանում գնել, ոչ ամուսին կա, որ ալիմենտ է տալիս, հիմա մեր գործը դատարանում է։ Մի ամսով օգնել են, տան վարձ են տվել, անգամ պլիտան չեմ միացնում, չգիտեմ ինչ փող կնստի։



- Մեզ ի՞նչ։ Դուք եք մեղք։ Իրենք միշտ էլ Ձեզ կթալանեն ու ավելի վատ բաներ կանեն։



- Ներողություն, որ անհանգստացրի։ Մենք՝ հայերս ենք մեղավոր, բայց ի՞նչ արած, ամեն մարդ մտածում է, որ իրենից հեռու լինեն այդ խնդիրները։ Իսկ ներքին կարգով հնարավո՞ր չէ լուծում տալ։



ՀԳ․ Սոցիալական պետական ծառայության մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանն ասաց, որ «Փարոսը» ոչ մի կերպ իրենց ծառայությանը չի վերաբերում։ Նույնն ասացին սոցապնախարարությունից՝ որ «փաստագրումների» համար պատասխանատու են մարզպետարաններն ու քաղաքապետարանները, իսկ նախարարությունը ոչ մի առնչություն չունի։ Հայտնեցին նաեւ, որ երկու կանայք էլ մինչեւ նոյեմբեր ներառյալ նպաստներն ստացել են։ «Նոյեմբերից հետո դեռ մեզ մոտ չի երեւում»,- ասաց սոցապնախարարի մամուլի խոսնակը։ Կարծում ենք, այնուամենայնիվ, որ սոցիալական քաղաքականություն իրականացնող, անապահովների հաշվառումներ, «Փարոսի» տվյալների շտեմարան կազմող մարմիններն անմիջական պատասխանատվություն են կրում այս համակարգի վատ աշխատանքի, նպաստների բաշխման, ՀՀ քաղաքացուն ստորացնելու համար, որը մարդկանց հանցագործության ու կոռուպցիայի է դրդում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ