Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը սառեց Սեյրան Օհանյանի հանդեպ

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը սառեց Սեյրան Օհանյանի հանդեպ

Ռազմական գործչի բարդ ճանապարհ անցած, զինված ուժերում բարձրագույն կետի հասած գործիչների քաղաքական ամբիցիաները, նորանոր բարձունքներ գրավելու գեներալների ցանկությունը բնական են: Բայց անսպասելի ու տարօրինակ էր Սեյրան Օհանյանի կուսակցական դառնալը, թերեւս, որովհետեւ նա երկար ժամանակ ընկալվում էր որպես նախագահին հնազանդ, ապաքաղաքական գործիչ, որի դեմքի սթափեցնող, գերլուրջ արտահայտությունն ինքնին կշտամբանք էր երկրի ներքին կայունությունը «սասանող» եւ դրանով «հակառակորդին» օգնող ընդդիմադիրների համար։ Գեներալ, որը կանգնած էր 2008-ի մարտի 1-ին ըմբոստ հասարակությանը հնազանդեցնելու դիրքերում։ Ու հանկարծ մեր գեներալը, որին Սերժ Սարգսյանն ամեն կերպ հովանավորում էր, թույլ էր տալիս հարստանալ, փակում էր աչքերը բանակում տիրող իրավիճակի, կոռուպցիոն երեւույթների վրա, գրեթե անձեռնմխելի էր դարձել, մտնում է ընդդիմադիր դաշտ եւ անհագ ցանկություն է ունենում մասնակցել ԱԺ ընտրություններին։ 



Ինքը՝ Սեյրան Օհանյանը, այս մասին չի խոսել, պատճառները չի նշել, թողնելով, որ հանրությունը խճճվի սեփական դիտարկումների եւ վերլուծությունների ոստայնում։ Սերժ Սարգսյանի եւ պաշտպանության նախկին նախարարի հարաբերությունները դեռ երկու տարի առաջ հարթ էին։ 2015 թվականի մայիսին, երբ նոր սահմանադրությունն էր քննարկվում, իշխանական կուլիսներում տարածվեց, որ հենց Օհանյանին է Սերժ Սարգսյանը նախապատրաստում ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Սակայն հունիսին արդեն լուր տարածվեց, թե նախագահը միտքը փոխել է Օհանյանի հարցում, որ վերջինս կորցնում է ՀՀ նախագահի իշխանական թեկնածու լինելու հնարավորությունը։ Այդ ժամանակ էր, որ Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հայտնվեց մամուլի հրապարակումների թիրախում, թեեւ պետք է ընդունել, որ տիկնոջ պահվածքը, նրա ճոխ ֆոտոսեսիաները բավական էին հանրային շոկ հրահրելու համար։ Ի՞նչ պատահեց, ինչո՞ւ նախագահը փոշմանեց Օհանյանի հարցում, մեծ հաշվով, անհայտ մնաց։



Արդեն 2016-ին՝ կառավարության փոփոխությունների շրջանակներում, Պնախարարի պաշտոնի փոխարեն Օհանյանին երեք ուժային պորտֆելներ առաջարկվեցին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի, բայց նա մերժեց։ Իսկ 2015 թ․ հունիս-հուլիսից սկսած՝ ԱԱԾ-ն հետեւում էր Արթուր Վարդանյանի եւ նրա զինակից ընկերների տեղաշարժերին, արձանագրում նրանց հանդիպումներն ու կապերը։ Այս մասին հանրությունը դեռ ոչինչ չգիտեր, Արթուր Վարդանյանի եւ նրա ընկերների վնասազերծումը 2015-ի նոյեմբերին Նորք-Մարաշի առանձնատանը դեռ առջեւում էր, բայց տվյալներ կան, որ հենց այդ ժամանակ են անվտանգության աշխատակիցները ֆիքսել զինյալ խմբից դեպի պաշտպանության նախարար տանող թելերը։ Ի դեպ, խոսքը միայն Սեյրան Օհանյանի մասին չէ։



Մեր տեղեկություններով, քրեական գործում կան ցուցմունքներ այն մասին, որ Արթուր Վարդանյանն ազատամարտիկների հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ ինքը հանդիպումներ է ունեցել Սեյրան Օհանյանի, ինչպես նաեւ հակահետախուզության որոշ պաշտոնյաների հետ։ Հնարավոր է, որ Արթուր Վարդանյանն ուղղակի բլեֆ է արել կամ, վաղուց լինելով ԱԱԾ-ի տեսադաշտում, լրացուցիչ խնդիրներ է ունեցել իր վրա դրված, այդ թվում՝ քննության հունն ընդդեմ զինվորականության շրջելու։ Գործով մեղադրյալ «Ռադիո Մարիամ»-ի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր հայր Անտոն վարդապետ Թոթոնջյանը Վահան Շիրխանյանի հետ առերեսման ժամանակ եւս հիշատակել է Սեյրան Օհանյանի անունը՝ որպես այս ամենի հետեւում կանգնած պաշտոնյայի, ինչը հերքել է Վահան Շիրխանյանը։ Վերջինս Սեյրան Օհանյանի հետ պատրաստվում էր «Սպաների համահայկական միություն» ՀԿ հիմնել 2015 թվականի վերջին, եւ այս մասին մամուլում չհերքված տեղեկություններ կան։ «Միության նախագահը պետք է լիներ Օհանյանը: Միությունը պլանավորում էր ունենալ 10 հազար անդամ` աշխարհի տարբեր երկրներից»,- գրել է «Ժողովուրդ» թերթն անցյալ տարվա նոյեմբերին։ «Հրապարակի» տեղեկություններով, վնասազերծված խմբի գործն անջատված մաս ունի։ Գուցե այն վերաբերում է Սեյրան Օհանյանին եւ պետական մյուս պաշտոնյաներին, որոնց հետ հանդիպել է Արթուր Վարդանյանը։ Չի բացառվում, որ հենց նրանց էլ կվերագրվի։ Նման կոմպրոմատները խիստ կասկածելի են դարձնում Սեյրան Օհանյանի ընդդիմադիր լինելը եւ բացատրում են, թե ինչու հանկարծ Սերժ Սարգսյանը սառեց իր սիրելի նախարարի հանդեպ։ Նաեւ պարզ է դառնում, թե ինչ որակի «ընդդիմություն» է լինելու Սեյրան Օհանյանի դաշինքը, այդ թվում՝ նրա ձեւավորած Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետությունը», նման կոմպրոմատների գոյության պարագայում։ Այս կոմպրոմատներն ավելի քան կարեւոր են, որովհետեւ Սեյրան Օհանյանի հետ կարող են հույսեր կապել եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Ռուսաստանը։ Նրան կարող են ուժեղացնել, ինչպես Գագիկ Ծառուկյանին, սահուն կերպով մտցնել խորհրդարան, որտեղ հզոր քոչարյանական թիմ կլինի։ Այս պարագայում ՀՀ նախագահը միայն մեկ ճանապարհ կունենա՝ մի կողմ դնել կասկածելի կոմպրոմատները եւ թույլ տալ, որ Ազգային ժողովում հզոր ընդդիմադիր թեւ ձեւավորվի, որը կչեզոքացնի քոչարյանական ուժերին։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ