Կառավարությունում չորս պարտաճանաչ նախարար կա

Կառավարությունում չորս պարտաճանաչ նախարար կա

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից մի քանի կարեւոր նախաձեռնություններ փոխանցվեցին Կարեն Կարապետյանի կառավարությանը։ Օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը, ճիշտ է, մինչեւ հիմա զավեշտով է ընկալվում, բայց կարեւորը՝ կա նման բան։ Մյուս կարեւոր նախաձեռնությունը զանգվածային օպտիմալացման, Հովիկ Աբրահամյանի ասած՝ օպտիմիզացիայի ալիքն էր, որն այժմ էլ շարունակում է Կարեն Կարապետյանը։ Բայց մի բան կա, որը նոր վարչապետն անտեսեց, մեծ կարեւորություն չտվեց։ Խոսքը բանավոր մի հանձնարարականի մասին է։ Հիշո՞ւմ եք, անցյալ տարվա կեսերին էր, երբ կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հանկարծ ձեռքը խփեց սեղանին եւ վճռական կերպով հայտարարեց՝ այսուհետ բոլոր նախարարները պետք է դուրս գան միայն գլխավոր մուտքից եւ պարտավոր են շփվել լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին։ Այս հանձնարարականը շատ դուր եկավ միջանցքներում նախարարների գալուն աչքները ջուր կտրած լրագրողներին, բայց նրանց հույսերը, ցավոք, չարդարացան։ Հովիկ Աբրահամյանի այս հանձնարարությունը հենց նույն օրն էլ՝ նիստից հետո, անտեսվեց իր իսկ ենթակաների կողմից։ Նրա խոսքին չենթարկվեց կառավարության անդամների մեծ մասը։ Աբրահամյա՞նն էր թույլ ղեկավար, թե՞ հանձնարարությունն էր օդում արված պոպուլիստական հերթական կրակոցը, դժվար է ասել։



Ամեն դեպքում, մինչեւ հիմա լրագրողները հիշում են նախկին վարչապետի հանձնարարականն ու հույսով սպասում նախարարների իջնելուն։ Կարեն Կարապետյանն էլ այս հարցում հետեւողական չգտնվեց։ Եվ նրա կաբինետի անդամների մեծ մասը նիստից հետո ետնամուտքով ծլկում է՝ երբեւէ չառերեսվելով լրագրողների հետ։
Միայն 3-4 նախարար է պարտաճանաչ իջնում ներքեւ, պատասխանում լրագրողների հարցերին եւ գլխավոր մուտքով հեռանում։ Նրանք են՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Ի դեպ, բոլորն էլ Կարեն Կարապետյանի նշանակած նոր կադրերն են։ Նրանց երբեմն միանում են նաեւ տարբեր վարչությունների պետեր։ Մյուսները՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյան, էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյան, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյան, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյան եւ այլք, կա՛մ ընդհանրապես չեն իջնում, կա՛մ հազարից մեկ են գլխավոր մուտքով իջնում։ Դե, իսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կամ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասին առհասարակ ավելորդ է խոսելը։ Նրանք լրագրողների հետ շփումներից խուսափելու ռեկորդակիրներն են։ Արտաքին քաղաքականության հարցերով փոխնախարար Շավարշ Քոչարյանն է մեկնաբանություններ տալիս։ Նալբանդյանին կարելի է ամենամամուլատյաց նախարար հռչակել։ Անհասանելի են նաեւ Պետեկամուտների կոմիտեի նախագահն ու ուժայինների ղեկավարները։ Հուսանք՝ լրագրողներից կամ նրանց հարցերից վախը չէ խուսափելու պատճառը. ուժեղներին չի սազում նման բան։ Բայց փաստենք, որ սա յուրահատուկ վերաբերմունք է լրագրողների եւ նրանց միջոցով հասարակության հանդեպ, որին տարիներ ի վեր փորձում են կերակրել ընդամենը «քառակուսի» եւ «անհամ» ռելիզներով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ