Պատերազմի մասին պատմող նոր բազմասերիանոց ֆիլմ՝ «Եղնիկների կածանը»

Պատերազմի մասին պատմող նոր բազմասերիանոց ֆիլմ՝ «Եղնիկների կածանը»

«Եղնիկների կածանը»․ այսպես է կոչվում Արցախյան պատերազմի մասին պատմող նոր՝ 20-մասանոց գեղարվեստական ֆիլմը, որի ցուցադրությունն արդեն մեկնարկել է Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում։ Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը, սցենարի հեղինակները` Լեւոն Գալստյանը, Գնել Նալբանդյանը եւ Հրաչ Քեշիշյանը։



Ֆիլմը ռազմական օդաչու Դավիթի մասին է, որն ունի իր իրական նախատիպը։ «Ուսումնավարժական թռիչքի ժամանակ Ադրբեջանը, խախտելով բոլոր օրենքները, խոցեց հայկական ուղղաթիռը, ինչը եղավ մեր հերոսի աչքի առաջ, եւ նրա այդ ապրումները, տառապանքը, ցավն անընդհատ ուղեկցում են նրան ամբողջ ֆիլմի ընթացքում, որովհետեւ թիրախն ինքը պետք է լիներ։ Թշնամին վրիպում է եւ հարվածում իր ընկերոջ ուղղաթիռին։ Բայց միայն դա չէ, կա նաեւ այլ մոտիվ, որ զուգահեռ գնում-ծավալվում, եւ ավելի բազմաշերտ ու բազմակողմանի են դառնում թե հերոսի ճակատագիրը եւ թե վարքագիծը։ Մենք տեսնում ենք քաջ, բայց նաեւ բարդ մի մարդու»,- պատմում է սցենարիստ Լեւոն Գալստյանն ու նշում, որ ֆիլմի գլխավոր հերոսին՝ հայ օդաչուին, մարմնավորել է Խորեն Լեւոնյանը։ «Եղնիկների կածան» ռազմական դրամայում Խորեն Լեւոնյանից բացի խաղում են նաեւ Հրաչյա Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Արամ Կարախանյանը, Ռոզի Ավետիսովան, Ավո Ադամյանը, Ներսես Ավետիսյանը, Արմեն Մարգարյանը, Մխիթար Ավետիսյանը, Արսեն Սաֆարյանը։ Կան նաեւ հրավիրյալ դերասաններ՝ Ալեքսանդր Պաշկովը, Ջումբեր Կուկիելին։



Ֆիլմում հերոսներից ոչ բոլորն ունեն իրական նախատիպեր, բայց, ինչպես նկատում է Լեւոն Գալստյանը, բոլոր առանցքային կերպարները՝ օդաչուն, նրա ընկերները, ունեն իրենց նախատիպերը։ Ավելին՝ նախապատրաստական աշխատանքներում փորձել են պահպանել պատմական արժանահավատությունը՝ տեղ թողնելով նաեւ հորինվածքին, քանի որ սա, ամեն դեպքում, գեղարվեստական պատում է։



Հեռուստաֆիլմի դեպքերը վերաբերում են 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին նախորդած երկու տարիներին եւ բուն մարտական գործողություններին: Ապրիլյան պատերազմը թեեւ կա ֆիլմում, բայց ոչ մանրամասնորեն, որովհետեւ, ըստ սցենարիստի, յուրաքանչյուր մեծ իրադարձություն հանգամանորեն ներկայացնելու համար պահանջվում է որոշակի ժամանակ։ «Կա նաեւ Արցախյան պատերազմին հետադարձ հայացք։ Հուշեր, որոնք կապվում են մեր հերոսի հոր ճակատագրի հետ»,-ասում է նա ու նշում, որ ավելին չի ուզում ասել՝ չբացելու համար սյուժետային գաղտնիքները։ Այդուհանդերձ, գլխավոր թեման պատերա՞զմն է, թե՞ ֆիլմում այն ավելի շատ ֆոնային դեր ունի։ Լեւոն Գալստյանն ընդգծում է. «Մարդը պատերազմի համատեքստում, պատերազմի ազդեցությունը, դրա ներկայությունը մարդու կյանքում, նրա ճակատագրի վրա, բայց կենտրոնում, իհարկե, մարդու պատմությունն է։ Հերոսն այնքան բարձր է, որ զսպում է անձնական վրեժի ցավը, եւ անգամ ամենամեծ վրեժը նրանից չի խլում մարդուն, չի դարձնում նրան գազան։ Նա իր մեջ պահպանում է մարդուն, որովհետեւ ինքն առաքելություն ունի»։



Ինչպես իր խոսքում նկատում է Լ․ Գալստյանը, պատերազմի թեման շատ նուրբ թեմա է բոլորիս համար, դրա համար պետք է մի փոքր զգույշ լինել, եւ, ըստ էության, ստեղծագործական խումբը հենց այդպես էլ վարվել է. «Այսինքն՝ ոչ անհարկի պաթոս լինի, ոչ էլ աղավաղումներ լինեն, որովհետեւ դրանք թարմ են մարդկանց հիշողության մեջ, իսկ դա պահանջում է զգուշավորություն, ինչի հետ էլ որ առնչվել են ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, սցենարի հեղինակները, ստեղծագործական խումբը»։



Ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորած Խորեն Լեւոնյանը չցանկացավ իր կերպարի մասին ոչ մի բան խոսել, հիմնավորումը մեկն էր՝ ինչ ասելիք ունի, ֆիլմում իր հերոսի միջոցով ասել է։ Դերասանը միայն նշեց, որ այս դերը ոչ մի բանով նման չէ իր նախորդ հերոսների կերպարներին. «Սա նոր աշխատանք է, նոր կյանք»։ Ի դեպ, ֆիլմում առաջին անգամ հանդես է գալիս նաեւ Խորեն Լեւոնյանի ավագ որդին` Արմենը։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ