Ոստիկանությունը բարի գործ արեց օմբուդսմենի համար

Ոստիկանությունը բարի գործ արեց օմբուդսմենի համար

Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը գտնում է, որ ոստիկանությունը, արձագանքելով մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արտահերթ զեկույցին, նրա վերաբերյալ կոպիտ որակումներ տալով, նպատակ է ունեցել օգնել նրան, ցույց տալ, որ պետական մարմինները նույնպես դժգոհ են օմբուդսմենի աշխատանքից: «Կարծում եմ, որ տվյալ դեպքում ոստիկանության օգնությունը շատ պետք էր օմբուդսմենին, հատկապես, երբ երիտասարդներն ակցիա կազմակերպեցին եւ փորձեցին օմբուդսմենին կապել իշխող կուսակցության հետ, ներկայացնել որպես իշխանության ենթակա: Կարծում եմ՝ ոստիկանությունն այդ իր հայտարարությամբ բավական բարի գործ արեց օմբուդսմենի համար»,- ասում է նա: 



- Անցյալ տարվա հուլիսի դեպքերին նվիրված ՄԻՊ զեկույցն ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում: Այնտեղ կոնկրետ դեպքեր ու անուններ չկային: Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է:



- Գտնում եմ, որ նման ցավոտ դեպքերը, ինչպիսին էին հուլիսի 25-ի դեպքերը, պահանջում էին շատ ավելի խիստ, ավելի պահանջկոտ հայտարարություններ օմբուդսմենի գրասենյակի կողմից:



- Այլ երկրներում ինչպե՞ս է ընդունված: Եթե օմբուդսմենը զեկույցով հանդես է գալիս, ուժային կառույցներն սկսում են որակումներ տալ, հրապարակավ պատասխանել նրան, ինչպես մեզ մոտ է:



- Պրակտիկա կա, որ կարող է լինել հրապարակային քննարկում։ Դա նորմալ է, եւ դա բոլոր երկրներում էլ արվում է: Այլ հարց է, որ ժողովրդավար երկրներում օմբուդսմենը շատ ավելի կոնկրետ ու խիստ գնահատականներ է տալիս, իսկ պետական մյուս մարմիններն էլ շատ ավելի համեստ ու մեղավոր կեցվածքով են ընդունում այդ խիստ գնահատականները: Մեր դեպքում այս պահին խիստ գնահատականների մասին խոսելը լուրջ չէ:



- Ուզում եմ իմանալ նաեւ՝ ՕՐՕ-ի պարտությունը, նրանց հետ կապված գործընթացը Դուք ինչպե՞ս ընդունեցիք: Դուք նրանց հետ էիք:



- Ես արդեն վաղուց կուսակցության անդամ չեմ եւ միայն կարող եմ ասել, որ, ցավոք, արդարացան իմ ամենատխուր կանխատեսումները։ Ես զարմացած չէի, որ բոլորովին վերջերս իշխանության մաս կազմող գործչի կողմից ընդդիմադիր ուժ ղեկավարելը կարող է բերել ոչ այնքան ցանկալի, ցավոտ արդյունքների: Ցավում եմ, բայց իմ կանխատեսումն իրականացավ:



- Դուք հետեւո՞ւմ եք ՀԱԿ սահմանադրական բողոքի քննարկման ընթացքին: Ի՞նչ կանխատեսում ունեք:



- Այո եւ շատ հետաքրքրված եմ։ Վստահ եմ, որ Սահմանադրական դատարանը կճանաչի, որ որեւէ էական խնդիր այս ընտրություններում չի եղել, եւ ընտրությունների արդյունքները կմնան ուժի մեջ:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ