Մարիամ Սուխուդյանն զբաղվում է նկարչությամբ

Մարիամ Սուխուդյանն զբաղվում է նկարչությամբ

Բնապահպան Մարիամ Սուխուդյանը, որն ակտիվիստական շարժման ակունքում էր, այժմ ապրում է մեկուսի կյանքով, զբաղվում է նկարչությամբ ու կիրառական արվեստով, այգի է մշակում։ Նա նկարում է քարերի վրա եւ ներկած քարերից կոմպոզիցիաներ պատրաստում։ Օրերս մի ցուցահանդես էր բացել ՄԱԿ-ի շենքում եւ հրավիրել էր Գավառի մանկատան սաներին։ «Հիմա ցուցադրությունն ընթացքի մեջ է։ Մինչեւ մայիսի 10-ն է տեւելու, սիրիահայերի երեխեք են նաեւ գալիս։ Մայիսի մեկին էլ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցից են գալու։ Իրենք են ուզել գալ, մանկավարժների հետ։ Այսօր էլ գիրքս տպեցինք»,- ասաց Մարիամը։ Նա մի նոր հոբբի էլ ունի՝ երեխաների համար ներկելու պատկերներ է նկարում՝ «Ներկիր ինքդ» շարքից։ Օրերս լույս տեսավ առաջին գիրքը։ «Առաջին 200 օրինակն իմ հաշվին եմ տպել, եթե լավ վաճառվի, էլի կտպեմ»,- ասում է Մարիամը, իսկ առայժմ նկարներն անվճար նվիրում է հարեւանների երեխաներին։ Նրանց մասին ասում է՝ «իմ ընկերուհիները»։



- Դու Մաշտոցի պուրակի համար մարտերի ամենաակտիվ մասնակիցն էիր, բնապահպանական կռիվների։ Ո՞նց է, որ էլ ակցիաներ չես անում։



- Ինձ համար էլ զարմանալի էր։ Տեսեք, մարդիկ կան, ասում են՝ նայեք, ո՞նց կարելի է անտարբեր լինել, բայց ես միշտ մտածել եմ, որ հենց էդ նույն բանը ես էլ կարող եմ դառնալ վաղը։ Երեւի ինչ-որ բնական պրոցես է։ Չես կարող կառավարել։ Կարող է մարդկանց, ակցիաների քանակի հետ համեմատ մտածենք, որ ակտիվիստական շարժումը մարել է, բայց կարող է ինչ-որ բան հիմա ներսո՞ւմ է հասունանում։ Հնարավոր է, որ մեթոդները՝ էն, որ մենք հավաքվում, պլակատով գնում էինք, իրենց սպառե՞լ են, եւ հիմա ներքի՞ն պրոցես է հասունանում, ու նոր որակ է գալու։ Այդ պրոցեսը երեւացող չէ, ու չենք կարող ասել, որ այն գնում է դեպի անկում։ Նայած ում համար, ոնց։ Ինչ-որ պահ է գալիս, ինքդ դեպի ներս ես գնում, գուցե այդ պրոցեսն է շատերի մոտ։ Համ ուզում ես քեզ հասկանաս, համ այս ամեն ինչը, կարող է էլի ինչ-որ մեթոդներ նոր ծնվեն։



- Հիմա շատերը պասիվացել են, չէ՞։



- Չէի ասի, կան էլի խմբեր, բնապահպանական ճակատ կա, որը շատ ակտիվ է, շատ են խնդիրները, անհատներ կան։



- Քաղաքական գործիչներն ու ակտիվիստները հակասություններ ունեին, դու է՞լ չես ընդունում քաղաքականությունը, երբ ակտիվիզմն ու քաղաքականությունը խառնվում են իրար։



- Դա էլ միանշանակ չեմ կարող ասել։ Մեր ակտիվիստներից Լենա Նազարյանը, օրինակ, քաղաքականության միջոցով է փորձում շարունակել աշխատել։ Օրինակ, տեսավ, որ այդ մեթոդները գուցե սպառեցին իրենց, եւ ինքն իր համար այդ ձեւը գտավ։ Եթե ունես դու քո մեջ պոտենցիալ, որ կարող ես քաղաքական ուղիով գնալ, գնա։ Մեկը քաղաքականությամբ է զբաղվում, մյուսը գնում է այլ երկիր։ Մեր երեխեքից գնացին, օրինակ, Լոնդոնում սովորեցին, հետ եկան, զգացին, երեւի, որ իրենց գիտելիքներ են պետք, էդ ճանապարհով գնացին։ Սրանք չերեւացող պրոցեսներ են, իմն էլ սա էր՝ քարերը, բնությունը։ Ուզում եմ հողին, ծառին մոտ լինել։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ