Հիսուս Քրիստոսի արձանը կկանգնեցվի, իսկ Մայր Աթոռը կհայտնվի տհաճ իրավիճակում

Հիսուս Քրիստոսի արձանը կկանգնեցվի, իսկ Մայր Աթոռը կհայտնվի տհաճ իրավիճակում

Կառավարության նիստում վարչապետն անդրադառնալով Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանն, ասել է, որ «համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն․․․ մեր նախնական գնահատականը նախագծի վերաբերյալ դրական է, որովհետեւ այն էական զբոսաշրջային նշանակություն կունենա Հայաստանի համար»։ Արդեն իսկ բուռն շինարարություն է ընթանում դեպի Հատիս լեռան գագաթը, որտեղ տեղադրվելու է արձանը։ Մի քանի դիտարկում անենք։ 

• Թե ինչու է ԲՀԿ առաջնորդն ուզում տեղադրել Քրիստոսի արձանը, գիտի միայն ինքը․ գուցե ուխտ է, գուցե՝ սրտի անկեղծ մղում, գուցե՝ իրոք ազգային քրիստոնեական միասնության խորհրդանիշ ունենալու ձգտում։ Համենայնդեպս, թեման չափազանց նուրբ է ու պահանջում էր, որ այն հենց սկզբից նման նրբազգաց վերաբերմունքի արժանանար։ Ընդհանրապես կրոնական ոլորտը, մարդու կրոնական-հավատքային ապրումներն ամենանուրբ զգացումներն են ու պահանջում են ուշադիր՝ կոկիկ վերաբերմունք։ Որքան էլ ասվի, որ ապրում ենք, այսպես ասած, սեկուլյար հասարակությունում, կրոնը՝ իր բոլոր ածանցյալներով հանդերձ, նույնիսկ համոզված աթեսիտի կյանքում էական դերակատարում ունի։

• Ի սկզբանե Ծառուկյանի նախաձեռնության հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէր՝ հատկապես կրոնավորների, Առաքելական եկեղեցու կողմից։ Մայր Աթոռի վերաբերմունքն այս հարցով կարելի է «օտյանական» կամ «պարոնյանական» հումորի ժանրից համարել։ Մեկ կողմ էին ու կաթողիկոսի ձեռնասուններից մեկին ուղարկել էին արձանի մրցութային հանձնաժողովի նիստին մասնակցելու, հետո դարձան դեմ ու սկսեցին «քարկոծել»՝ հոգեւոր խորհրդի միջոցով։ 

• Տպավորություն կար, որ սկզբում Մայր Աթոռում չգիտեին, թե ինչ կեցվածք որդեգրեին, քանի որ Գարեգին Բ-ն սկզբում «փողի հոտ էր առել» ու փորձում էր շահ ստանալ, իսկ երբ չհաջողվեց, կրոնական էլիտայի կեցվածքը կոշտացավ։ Չնայած հանուն արդարության նշենք, որ ամենասկզբունքային դիրքորոշումներից մեկն ուներ Միքայել Աջապահյանը, ով ի սկզբանե դեմ էր ու մինչեւ վերջ իր դեմ լինելը պնդեց, չնայած որ ծառուկյանականներն անխնա «նախշազարդում» էին նրան։ 

• Ուշագրավ էր կառավարության կեցվածքը։ Վարչապետ նկատի ունենալով առաքելական եկեղեցուն, այս «արձանապատերազմի» ընթացքում հայտարարեց, որ Հիսուս Քրիստոսը որեւէ մեկի սեփականությունը չէ, եւ որեւէ մեկը մոնոպոլիա չունի, ինչին առաքելական եկեղեցուց հակադարձեցին շատ թույլ, թե պետությունն էլ որեւէ մեկի սեփականությունը չէ։ 

• Ու հիմա, երբ կարծես թե հասնում ենք այս պատմության նոր հանգրվանին, կարող ենք մի քանի կարեւոր արձանագրում կատարել․ 
1․ Ժողովուրդը կունենա Հիսուս Քրիստոսի արձան, որը կտեղակայվի Հատիսում։ 
2․ Ծառուկյանն իր ուխտը կամ նպատակը, ինչպես ուզում եք անվանեք, կկատարի, ու խիղճը հանգիստ կլինի, որ կատարել է։
 3․ Հնարավոր է (ջուրը չտեսած՝ չենք բոբիկանում), որ այն ունենա դրական ազդեցություն հայաստանյան տուրիզմի ոլորտի վրա։ 
4․ Նիկոլ Փաշինյանը գործնականում ուզում է ապացուցել, որ առաքելական եկեղեցին զրկվել է Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ ամենայն հավանականությամբ, դարձյալ «նախկինների օրոք» ձեռք բերած մոնոպոլ-սեփականատիրական իրավունքներից։ 
5․ Առաքելական եկեղեցին հայտնվում է բավական ոչ դուրեկան, չասենք՝ անհարմար վիճակում, քանի որ ի տես ու ի լուր ամբողջ հայության, ի ցույց դրվեց, որ ամենաբարձր՝ Գերագույն հոգեւոր խորհրդի մակարդակով հնչեցված կարծիքը, մեղմ ասած, ոչ մեկը «բանի տեղ չդրեց»։