Վերաքննիչն այս տարի չի քննի Գրիգորյանի խափանման միջոցի հարցը․ ցուցարարներն այսօր գնացել են դատարան

Վերաքննիչն այս տարի չի քննի Գրիգորյանի խափանման միջոցի հարցը․ ցուցարարներն այսօր գնացել են դատարան
Մանվել Գրիգորյան

Գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման դեմ դատախազության բերած Վերաքննիչ բողոքը դատարանն այս տարի չի հասցնի քննել։ Բանն այն է, որ վաղն այս տարվա աշխատանքային վերջին շաբաթն է, եւ Վերաքննիչը բողոքը դեռ վարույթ չի ընդունել։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի դեմ օրեր շարունակ բողոքի ակցիա իրականացնողներից Ջիվան Աբրահամյանը նշեց, որ այսօր գնացել են Վերաքննիչ քրեական դատարան՝ իմանալու, թե ե՞րբ է նիստը տեղի ունենալու․ «Էսօր մեր ակցիաներից մեկը տեղի ունեցավ։ Գնացել էինք Վերաքննիչ դատարան՝ տեսնելու գործն ուղարկվե՞լ է, բայց գործին ընթացք չէր տրվել։ Մենք մեր ճշտումներն արեցինք, պարզեցինք, որ 24-ին դատախազությունն ուղարկել է բողոքը, բայց իրենք դեռ սպասում են առաջին ատյանի դատարանի նյութերին, որ մակագրեն դատավորներից մեկին։ Էս տարի տեղի չի ունենա»։

Նա նաեւ նշեց, որ իրենց ակցիաները չեն դադարեցվի, քանի դեռ պահանջները չի կատարվել։ Այս պահին հստակ որոշում չունեն հաջորդ ակցիայի վերաբերյալ։

Նշենք, որ ցուցարարները պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կրկին կալանավորումը։

Նշենք նաեւ, որ դատավոր Դավիթ Բալայանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց փոփոխել էր Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը։ Ազատվելուց հետո Գրիգորյանը գնացել է Ակնալճի իր առանձնատուն։