Արգելել են արցախցիների վերաբերյալ որևէ տեղեկություն հաղորդել

Արգելել են արցախցիների վերաբերյալ որևէ տեղեկություն հաղորդել

Երասխում մետալուրգիական գործարան էր կառուցվում՝ գյուղի տղամարդկանց մի մասն արդեն աշխատում էր այնտեղ, նույնիսկ ազգությամբ հնդիկ աշխատողներ կային, սակայն ադրբեջանական կողմի կրակոցների արդյունքում գործարանի գործունեությունը կաթվածահար եղավ։ Եվ նույնիսկ ԱՄՆ դրոշի բարձրացումը չփրկեց գործարանը թշնամու կրակոցներից՝ կրակոցները շարունակվում էին եւ ԱՄՆ դրոշի վրա էին անցքեր գոյացել։

«Հրապարակը» կապ հաստատեց Երասխի մոտ երկու ամսվա վարչական ղեկավար Վարդան Լևոնյանի հետ, ով ասաց, որ ինչ նշանակվել է Երասխի վարչական ղեկավար՝ գործարանի տնօրինության հետ ոչ շփում է ունեցել, ոչ էլ տեղյակ է գործարանի վերաբերյալ որևէ բանից։

Անդրադառնալով Երասխ բնակավայրի խնդրիներին, ասաց, որ ամեն ինչ նորմալ է, իսկ խնդիրների մասով էլ դիմում եմ համայնքապետարան՝ լուծում են տալիս այդ հարցին։

«Այս պահին խնդիրներ չկան, առօրյա հարցերով, շինարարություն է գնում ՝ սպորտդպրոց է կառուցվում, մի փողոց էլ ասֆալտապատվում է»,-ասաց Լևոնյանը։

Գյուղից բնակիչներ չեն հեռացել այս երկու ամսվա ընթացքում, փոխարենը Արցախից բռնի տեղահանվածներ կան գյուղում։ Երբ հետաքրքրվեցինք, թե քանի ընտանիք են այս պահին գյուղում ապաստանել, Լևոնյանը տարօրինակ պատասխան տվեց․«Մեզ արգելել են արցախցիների մասին տեղեկություն տալ, բայց կան։ Չեմ կարող ասել` կներեք»։

Երբ հետաքրքրվեցինք, թե ովքեր են ցուցում տվել արցախցիների մասին որևէ տեղեկություն չհաղորդել, ասաց․«Դե մեզ ասել են՝ տեղեկություն մի տվեք»։ Իրականում` պատճառը ոչ թե հրահանգն է, այլ այն, որ Երասխի նախկին վարչական ղեկավարին աշխատանքից հեռացրին մեզ տված հարցազրույցից հետո` երբ միամտաբար ասել էր, որ մի քանի օրից գործարանի վրա ԱՄՆ դրոշն են բարձրացնելու, որ այլեւս չկրակեն: Ինչպես ասում են` նոր ղեկավարի աչքն էլ հավանաբար վախեցած է եւ որոշել է ոչինչ չասել` անգամ ամենաանմեղ բաները:

Ինչ վերաբերվում է թշնամու կողմից սադրանքներին ու կրակոցներին, Երասխի նորանշանակ վարչական ղկեավարը դա էլ հերքեց՝ ոչ մի բան չկա։

Երասխի բնակիչներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, ասաց, որ մետալուրգիական գործարանը չի աշխատում, չնայած որ ազգությամբ հնդիկ աշխատողները բնակվում են գյուղում, սակայն աշխատում են Արարատի մարզի Զոդի հարևանությամբ` մետալուրգիական գործարանը որոշել են այնտեղ կառուցել։

«Ասում են, որ այնտեղ են փորձելու ինչ-որ բան անել, որովհետև այստեղ չստացվեց՝ ադրբեջանցիները անընդհատ կրակում էին։ Ինչ գործարանը դադարել է աշխատել՝ կրակոցներն էլ են դադարել»,-մեզ տեղեկացրեց Երասխի բնակիչը։