Չէի ցանկանա, բայց ստիպված եմ

Չէի ցանկանա, բայց ստիպված եմ

Արցախյան ընտրությունների մեկնարկից առաջ Գեղամ Բաղդասարյանի հետ պայմանավորվել էինք, որ մնում ենք մեր համոզմունքներին եւ հրապարակային բանավեճ չենք ունենալու: Չէի ցանկանա խախտել պայմանավորվածությունը, բայց ստիպված եմ: Առիթը նրա ելույթն է Արցախի հանրային հեռուստատեսությամբ, որ ինքն ամփոփ ներկայացրել է այսպես. «Եկել է ժամանակը, որպեսզի մենք նորից դառնանք մտքի ու ինտելեկտի երկիր, մտավորականության ու ստեղծարար աշխատանքի երկիր...»:

Առարկելու ոչինչ չէի ունենա, ընդհակառակը՝ կողջունեի, եթե նա ասեր. «Եկել է ժամանակը, որպեսզի մենք դառնանք մտքի ու ինտելեկտի երկիր, մտավորականության  ու ստեղծարար աշխատանքի երկիր»: Որովհետեւ մենք, իրոք, մտքի ու ինտելեկտի, մտավորականության երկիր չենք: Բայց երբ ասում է՝ «,նորից դառնանք»՝ հասկացվում է, որ ինչ-որ ժամանակ եղել ենք, հետո դադարել, հիմա նորից պիտի դառնանք, ուստի ուզում եմ հարցնել. «Իսկ ե՞րբ ենք մենք եղել մտքի ու ինտելեկտի, մտավորականության երկիր»: Չլինի թե 1991- 2000 թվականները նկատի ունի: Եթե՝ այո, ապա Վահան Տերյանի նման պիտի ասեմ. «Ես չեմ ուզում նման հայրենիք»: Որովհետեւ այդ տարիներին միտքը, ինտելեկտը, մտավորականությունն ավելի էին հալածված եւ ստորացված, քան՝ Կեւորկովի ժամանակներում:  Ինքը գուցե մոռացել է կամ ներել՝ իր խնդիրն է, անձնական որոշումը: Բայց մտավորականի խիղճը չպետք է թույլ տար ասելու, թե «մենք նորից պիտի դառնանք մտքի ու ինտելեկտի երկիր, մտավորականության ու ստեղծարար աշխատանքի երկիր»: Մենք այդպիսի երկիր չենք եղել ու դեռ չենք, բայց պիտի դառնանք: Եւ այդ ճանապարհի մի փոքրիկ հատված մենք, այնուամենայնիվ, անցել ենք: Ռազմաոստիկանական երկրից դարձել ենք ոչ կատարյալ ժողովրդավարական, մասնակիորեն ազատ:  Ամեն ինչ՝ համեմատության մեջ: Մեր այսօրը երեկվա հետ համեմատության ոչ մի եզր չունի, բայց մեր վաղվա օրը սնուցվելու է ներկայով: Անցյալի կարոտախտ կարող է ունենալ անհատը, սոցիալական խումբը, բայց երկիրը՝ երբեք: