Նման մոտեցումներն անհասկանալի են

Նման մոտեցումներն անհասկանալի են
Մանե Թանդիլյան

  Ի՞նչ իրավական նորմերով կարող են Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկել․ հարցրինք «Լուսավոր Հայաստան» ֆրակցիայի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանին։ «Ես չէի ցանկանա խոսել իրավական նորմերի մասին, կցանկանայի շեշտել քաղաքական կամքի մասին․ մենք գիտենք, որ մինչ խորհրդարանական ընտրությունները Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը, երբ ձեռնարկատիրական բացումներ էին իրականացնում, Գագիկ Ծառուկյանը պատգամավոր էր։ Դա ակնհայտորեն ցույց է տալիս, որ այդ ժամանակ եւս միախառնված էին բիզնեսն ու քաղաքականությունը, եւ նման աջակցությունը, ըստ էության, ունեցավ իր հետեւանքը` նաեւ այս Ազգային ժողովում։ Եվ գտնում ենք, որ Սահմանադրական դատարանն այդ հարցին պետք է լուծում տա»:

  Իսկ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության չափորոշիչն ինչպե՞ս է որոշվելու. որովհետեւ Սահմանադրական դատարանի մեկ այլ որոշմամբ էլ` հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն գործել է կանոնակարգ-օրենքին հավատարիմ, ուստի փողոցում պառլամենտի ցրումն անօրինական էր, ասել է թե` այդ ցրումից հետո ձեւավորված պառլամենտը լեգիտիմ չէ։ «Դրա համար էլ ես մատնանշում եմ խնդրի քաղաքական կոմպոնենտը. Ծառուկյանի հետ միասին գնալ, ձեռնարկություն բացել, նման մոտեցումներ հանդես բերել՝ անհասկանալի է»:

  Փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, որ ռուսական կողմնորոշում ունեցողներին փորձ է արվում թուլացնել` Քոչարյան, հիմա՝ Ծառուկյան։ Նպատակը հետեւյալն է՝ դաշտում մնալ միայնակ, որպեսզի Ռուսաստանը միայն իր՝ Նիկոլ Փաշինյանի հետ գործ ունենա․ համաձա՞յն եք։ «Թույլ տվեք սուբյեկտիվ կարծիքները չմեկնաբանեմ. ամենքն իրենց տեսակետներն ու մոտեցումներն ունեն»: