Կիսամոլեգնող, կիսաուրվական կամ ֆիզիկապես դեռ ուրվական չդարձած ուժեր կան

Կիսամոլեգնող, կիսաուրվական կամ ֆիզիկապես դեռ ուրվական չդարձած ուժեր կան
Գոռ Գեւորգյան

  «Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ»: Հաղթանակի տոնից հետո Արցախից վերադարձած վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի անսպասելի գրառում արեց Ֆեյսբուքում։ Գրառումն անսպասելի է այնքանով, որ մամուլում այդպիսի նյութեր չեն եղել կամ եթե եղել են, ապա  իշխանության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներն են որոշ անհանգստություններ բարձրացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի՝ Ռոբերտ Քոչարյանին մայիսյան տոներին կալանքից ազատելու մասին հայտնի նամակի վերաբերյալ։

  Ինչո՞վ է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը, արդյոք ա՞յն իրողությամբ, որ եռատոնին Արցախում էր նաեւ Սերժ Սարգսյանը, ում Արցախի ներկա եւ նախկին իշխանավորները ջերմ ընդունելության են արժանացրել, կամ գուցե Նիկոլ Փաշինյանը «հակահեղափոխության» սաղմեր է նկատել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ իրեն ուղղված ակնարկներո՞ւմ ու որոշել է իր գրառումով բոլորին «հանգիստ նստացնել տեղները»։ Թեմայի շուրջ զրուցեցինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանի հետ։ Նա վերջին օրերին գտնվում էր Արցախում, մասնակցել է ՀՅԴ-ի կազմակերպած ֆորումին, որտեղ ներկա են եղել նախկին իշխանության ներկայացուցիչներ, քոչարյանական թիմի անդամներ։

- Պարոն Գեւորգյան, վերջին օրերին Արցախում էիք, նկատե՞լ եք արդյոք հակահեղափոխական օջախներ, թեկուզ հայտարարությունների մակարդակում։

- Արցախի շուրջ ցանկացած տեսակի շահարկում, խարդավանքներ, վիճարկումներ, հեղափոխական, հակահեղափոխական ձեւաչափի մեջ ներքաշելը դատապարտելի եւ անթույլատրելի է։ Արցախից հեռու պահեք ցանկացած տեսակի նմանատիպ զարգացումներ, Արցախը Հայաստանն է, եւ Հայաստանն Արցախն է, մեկ ընդհանուր գործընթաց կա, դա նոր Հայաստանի գործընթացն է, որտեղ ժողովուրդն իշխանության բացարձակ կրողն է, եւ այդ սիրո ու համերաշխության գեղեցիկ ձեւաչափի մեջ մենք կառուցելու ենք մեր միասնական հայրենիքը։

- Իսկ ո՞վ է նման շահարկումներ, խարդավանքներ անում, ես անձամբ Նիկոլ Փաշինյանի գրառումից եմ իմացել, որ ինչ-որ  օջախներ կան, հակահեղափոխություն կա, մամուլում էլ փնտրեցինք, նման նյութեր չգտանք։ Ովքե՞ր են այդ շահարկումն անողները։

- Կան այդպիսի անձինք՝ հանրության տարբեր հատվածներում, տարբեր անկյուններում թաքնված կիսամոլեգնող, կիսաուրվական կամ ֆիզիկապես դեռ ուրվական չդարձած ուժեր, որոնք կփորձեն ինչ-որ խարդավանքներ կազմակերպել եւ մեզ համար չափազանց կարեւոր մի գործում, այն է՝ Արցախի շուրջ տարվող բանակցային գործընթացը եւ քաղաքական այն զարգացումները, որոնք, ի վերջո, պետք է հանգուցալուծման բերեն մեզ համար չափազանց սպասված, բացասական մթնոլորտ են փորձում ձեւավորել, բայց չի ստացվի, որովհետեւ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների գործն արդար է, եւ այն հաղթանակ է բերելու։ Դատապարտելի են բոլոր ուժերի համար Արցախը նմանատիպ զարգացումների մեջ ներգրավելու փորձերը։

- Դուք ի՞նչ գործընթացի մասին եք խոսում, Վիտալի Բալասանյանը, օրինակ, ասում էր, որ արցախաադրբեջանական շփման գծում կրակոցների ավելացման համար պետք է դիմել Նիկոլ Փաշինյանին, նա է «վերելակային բանակցություններ» վարում․ նման  հայտարարություննե՞րն են հակահեղափոխական օջախների մասին պատկերացումների հիմք հանդիսացել։

- Նախ, եթե նայեք սահմանային միջադեպերի զարգացման դինամիկային, ապա նման լարվածությունը միշտ է եղել։ Պետք չէ այդ լարվածությունը կապել այն զարգացումների հետ, որոնք Հայաստանում ընթանում են եւ առողջ են ու միտված են ՀՀ-ն մեկ այլ հարթակի վրա դնելու՝ տնտեսապես, սոցիալապես, անվտանգության տեսակետից եւ այլն։ Պատերազմական գոտի է, միշտ է եղել։ Բալասանյանի այդ ելույթը չեմ կարծում, թե նման շարժառիթների հիմք պետք է դառնա, պարզապես կարծում եմ՝ իր խոսքը մի փոքր այլ ձեւակերպում պետք է ունենար, բայց այդպես է ստացվել։ Կարծում եմ՝ հրամկազմի ցանկացած ներկայացուցիչ իր հայտարարությունները միայն ազնիվ մղումներով պիտի անի։ Եկեք ընդունենք, որ այս դեպքում վրիպակ է եղել, եթե վրիպակ չէ, ապա այլ տիրույթի հարց է։ Բոլորը պիտի հասկանան, որ Հայաստանում, իսկապես, իրավիճակ է փոխվել, ՀՀ վարչապետն այն բացառիկ մարդկանցից է, որն ունի լեգիտիմ իշխանություն, ցույց տվեք մեկ այլ մարդու, ով ունի այդպիսի բացարձակ վստահության լեգիտիմություն, եւ վարչապետի հետ շփվելիս, հաղորդակցվելիս պարզապես հարկավոր է տարրական կոռեկտություն պահպանել, նա շատ բաց եւ թափանցիկ մարդ է։

- Դուք «Իմ քայլից» մասնակցում էիք ՀՅԴ խորհրդաժողովին, որտեղ ներկա էին նախկին իշխանության ներկայացուցիչներ, քոչարյանական թիմի անդամներ, միգուցե այդ ֆորո՞ւմն է դարձել մտահոգությունների շարժառիթը։ Գուցե իշխանությունը կանխատեսում է, որ «հակահեղափոխությունը» կյանքի կկոչվի ՀՅԴ-ի՞ դեմքով։

- Ես առհասարակ չեմ փորձի որեւէ մեկին, որեւէ ուժի պիտակավորել, անձնավորել, այդ հանդիպումը նմանատիպ տպավորություն ինձ վրա չի թողել։ Այնտեղ կարեւոր ազդակներ հնչեցին, այդ թվում՝ սրբազանի կողմից, որ Արցախը դա վերկուսակցական հարթակ է, պետք է վեր մնա ցանկացած տեսակի խժդժություններով լի գործընթացներից, որոնք մենք առհասարակ չենք էլ ուզում տեսնել, մենք տեսնում ենք՝ ամեն ինչ որքան պարզ ու թափանցիկ է, հաշվետվությունները, կատարված աշխատանքի հաղորդումները թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարության նիստերին։ Այսինքն՝ պետք չէ փոթորիկ սարքել մեկ բաժակ ջրում կամ սեւ կատու փնտրել մութ սենյակում, մանավանդ որ նա այնտեղ չէ։

- Հետեւաբար, ի՞նչ իմաստ ուներ Փաշինյանի այդ գրառումը, եթե չկա նման բան։

- Վարչապետը գործընթացները շատ ավելի խորքային է դիտարկում, եւ նրա ցանկացած արձագանք տեղին է եւ իր մեջ պարունակում է բազմաթիվ դիտարկումներ, ես պարզապես ամեն ինչին չեմ ուզում անդրադառնալ եւ երկրորդել վարչապետին, որովհետեւ նրա ասելուց հետո չեմ կարծում, թե ես ավելացնելու բան ունեմ, ավելի քան սպառիչ կերպով է ներկայացնում։ Պարզապես ես ուզում եմ փարատել մարդկանց այն կարծիքը եւ որոշ ուժերի, ովքեր կարծում են, որ ինչ-որ մի բան դեռ կարող են այս մաքուր, ազնիվ, անաղարտ զարգացման մեջ խոչընդոտել։

- Այնուամենայնիվ, նկատե՞լ եք նման փորձեր, ինչի համար էլ Նիկոլ Փաշինյանը գրառումով զգուշացրեց, թե նման դեպքում Արցախի ժողովուրդը հեղափոխություն կանի․․․

- Դե, քաղաքականություն է, ո՞նց կարող է չլինել։ Այդ փորձը դուք մի ընդունեք, որ ինչ-որ մեկը կոնկրետ մի տեղ կանգնած՝ դարանակալել ու սպասում է, որ հակահեղափոխություն անի։

- Իսկ հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանի՝ Արցախում ունեցած ջերմ ընդունելության արժանանալուց, հարցազրույց տալուց ելնելով է Փաշինյանը նախազգուշացնում։

- Ախր․․․ Ոչ ոք իրավունք չունի փորձել խոչընդոտել ժողովրդի արդար կամարտահայտմանը, եթե փորձեն, դա նշանակում է՝ խախտում են սահմանադրական նորմը, ժողովրդի կամքն ամենաառաջնային բաղադրիչն է ցանկացած զարգացող պետության համար։ Վարչապետը պարզապես հորդորում է եւ մտահոգություն հայտնում այն հարցերի շուրջ, որոնք արծարծվում են թե՛ մամուլում, թե՛ սոցիալական ցանցերում՝ առ այն, որ այդ զարգացումներին կողմ ուժերն ընտրել են ոչ առողջ ճանապարհ։ Մենք ազատ, անկախ երկիր ենք, ավելի վատ կլիներ, եթե այստեղ չլիներ ընդդիմություն, բայց մենք ընդդիմություն ունենք, չէ՞, նրանց դաշտ է տրված աշխատանքի, մենք չգիտենք, թե ընդդիմությունն ինչ ռեսուրս ունի, բայց այդ ընդդիմության նկատմամբ ոչ մի քաղաքական հետապնդում չկա, ճնշում չի եղել։