Փակել են տնօրեն Անդրեյ Սինյակովի ճանապարհը․ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլը շարունակվում է

Փակել են տնօրեն Անդրեյ Սինյակովի ճանապարհը․ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլը շարունակվում է

Հայտնի է, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը կանգ է առել տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցների գործադուլի հետևանքով։ 
«Հրապարակի» հետ զրույցում Մեղրիի համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը նշում, է որ կոմբինատի և գործադուլ անող աշխատակիցների միջև դեռ որևէ տեսակի կոմպրոմիս չկա․ իրավիճակը շարունակվում է մնալ նույնը․ «Արդեն գործադուլի 6-րդ օրն է, բայց երկու կողմերն էլ , կարծես թե, համաձայնության չեն գալիս։ Այս պահին պարալիզացված վիճակ է։ Այս պահին առհասարակ ողջ կոմբինատի աշխատանքը կանգ է առել, քանի որ տրանսպորտի արտադրամասը չի գործում․ տրանսպորտի արտադրամասն ու ողջ կոմպբինատի գործունեությունը փոխկապակցված են, շղթայական կապված են միմյանց։ 

Մարիամ Ծատրյանի խոսքով՝ գործադուլ անող աշխատակիցները չեն ցանկացել հանդիպել գործարանի տնօրինության, մասնավորապես Անդրեյ Սինյակովի հետ։

«Ինչպես ինձ է հայտնի, աշխատակիցները թույլ չեն տվել, որպեսզի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը մտնի աշխատավայր։ Տնօրենը դիմել է ոստիկանություն, քանի որ իր ազատ տեղաշարժը խաթարված է։ Արհմիության կոմիտեի նախագահը՝ Սամվել Միքայելյանը նամակ է գրել Ավինյանի գրասենյակին, սակայն պատասխանը ինձ հայտնի չէ։ Փաստը այն է, որ գործադուլը շարունկավում է․ կոմբինատը չի գործում»,- նշում է Մարիամ Ծատրյանը։

Մեղրիի համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը նշում է նաև, որ տրանսպորտի արտադրամասի աշխատակիցների պահանջն այն է, որ իրենք չեն վճարվում գիշերային ժամերին աշխատելու համար․ «Իրենք ցանկանում են, որպեսզի կատարվեն աշխատանքային օրենսգրքով նախատեսված կետերը։ Աշխատակիցները բողոքում են նաև, որ զուգարան չունեն, ճաշարան չունեն, մեքենաների խնդիր կա։ Մի խոսքով, պահանջները շատ են։ Նաև հոգեբանական պահ կա, որը բանվորներին, կարծես թե, ճնշում է»։

Մարիամ Ծատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ համայնքապետը ամեն կերպ փորձել է հանդիպել աշխատակիցների հետ, սակայն որև է կերպ չի ստացվել․ «Այս հարցում ևս կոմպրոմիս չկա։ Քաղաքապետը նույնիսկ նախարարություն է դիմել, բայց դեռևս պատասխանը հայտնի չէ։ Պարզ չի, թե ինչ ճանապահով պետք է գնան»։