Հռոմի պապից ավելի կաթոլիկ ձևանալու փորձեր են կատարում․ Սուքիասյանի եղբոր պաշտպան 

Հռոմի պապից ավելի կաթոլիկ ձևանալու փորձեր են կատարում․ Սուքիասյանի եղբոր պաշտպան 

Այսօր, ժամը 16։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի կունենա օրերս Ամիրյան փողոցի կրակոցների գործով ձերբակալված Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Ռ․ Սուքիասյանը, հիշեցնենք, իշխանական ցուցակով պատգամավոր ընտրված գործարար Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրն է, որը հուլիսի 18-ի երեկոյան կրակոցներ էր արձակել Ամիրյան 18 հասցեի մոտ՝ ոտքից վիրավորելով ԱՄՆ մի քաղաքացու։ Ձերբակալվածի շահերի պաշտպան Գոռ Միքայելյանը, սակայն, ոչ իրավաչափ և ապօրինի է գնահատում իր պաշտպանյալի ձերբակալությունը և դրա դեմ բողոք է ներկայացրել դատարան։ Այսօր մեկ դատական նիստով կքննվեն միաժամանակ նրա ձերբակալության իրավաչափության և կալանքի միջնորդության հարցերը։ Գործը քննելու է դատավոր Վաչե Մարգարյանը։

-Իսկ ինչո՞վ համաձայն չեք Քննչական կոմիտեի գործողությունների հետ, որ համարում եք ոչ իրավաչափ ձերբակալումը։

-Ձերբակալման նպատակների մասով, առավել ևս, համաձայն չեմ, դա հստակ է, որ որևէ նպատակ չկա, էնտեղ նպատակը օրենսդրությունը հստակ նախատեսում է՝ որն է, իսկ էս դեպքում բացակայում է, որովհետև ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, պատրաստակամություն է հայտնել դեպքի հանգամանքների մասին տեղեկություններ ներկայացնել և ներկայացնել զենքը։

-Այսինքն՝ Ռոբերտ Սուքիասյանն ընդունե՞լ է, որ ինքն է եղել կրակողը։

-Այո, ընդունել է, որ ինքն է կրակողը՝ ինքնապաշտպանության նպատակով ստիպված կրակել է։

-Իսկ ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը։

-Միջադեպի հանգամանքների մասին ես էս պահին որևէ տեղեկություն չեմ հայտնի, քանի որ նախաքննություն է իրականացվում, նաև չեմ ուզում դրանով վնասել հակառակ կողմի շահերին և այդ նախաքննությունը, դատավարությունը տեղափոխել հրապարակային քննարկման հարթակ։

-Դուք հիմա, փաստորեն, պնդում եք, որ ապօրինի է եղել Ռ․ Սուքիասյանի ձերբակալումը Քննչական կոմիտեի կողմից։

-Այո։

-Ստացվում է, որ այսօր գործող իշխանությունների օրոք նախաքննական մարմինը կարող է որևէ ապօրինի գործողությո՞ւն կատարել։

-Դե, ինձ մոտ էն տպավորությունն է, որ ինչ-որ Հռոմի պապից ավելի կաթոլիկ ձևանալու փորձեր են կատարում՝ ցույց տալով, որ առավել քան օբյեկտիվ են, բայց դրանով փաստացի վնասում են արդարադատության շահը։

-Կարո՞ղ է քաղաքական ենթատեքստ կա դրա տակ, հնարավո՞ր է՝ քաղաքական հետապնդում են իրականացնում Խաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ։

-Ես չեմ կարող էդպիսի բան ասել, ամեն դեպքում՝ եզրակացությունները թողնում եմ Ձեզ։

-Նմանատիպ իրավիճակ եղավ նաև մի քանի օր առաջ՝ կապված Սյունիքի որոշ համայնքապետերի հետ։ Նրանց փաստաբաններն էլ էին դժգոհում, որ իրենք գնացել ինքնակամ ներկայացել են քննչական մարմին, բայց նրանց ձերբակալեցին, ընդ որում՝ ասֆալտին պառկեցնելու շոու անելով։ Ձեր պաշտպանյալի դեպքում, կարծես թե, նման բան չի եղել, չէ՞։

-Չէ, որովհետև ինքնակամ ենք գնացել ներկայացել, հիմա, չգիտեմ, իրավիճակից ելնելով՝ երևի թե դրա հնարավորությունը չեն ունեցել անելու։

-Փաստորեն, Դուք էլ եք դժգոհում, որ Ձեր պաշտպանյալին ապօրինի են ձերբակալել, այն էլ՝ ինքնակամ ներկայանալու դեպքում, նրանք էլ են դժգոհում՝ լինելով ընդդիմադիր թևից, մինչդեռ Սուքիասյանը իշխանական թևից է։

-Դե, հիմա, եթե ապօրինություն է, ի՞նչ կապ ունի, թե որ թևից են։ Եթե ապօրինությունը տեսնում ենք, բնականաբար, բոլորս էլ բարձրաձայնում ենք դրա մասին։

-Եթե դատարանը բավարարի կալանքի միջնորդությունը, և Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվի, Դուք կբողոքարկե՞ք դատարանի որոշումը վերադաս ատյանում։

-Իհարկե, իրավական գործընթացով կբողոքարկենք։