Ֆինանսների նախարարության դեմ բազմաթիվ դատական հայցեր կան

Ֆինանսների նախարարության դեմ բազմաթիվ դատական հայցեր կան

Վարչական դատարանը վերջին շրջանում բազմաթիվ հայցադիմումներ է ստացել ՀՀ ֆինանսների նախարարության նախկին աշխատողներից: 

Նրանք կորցրել են աշխատանքը նախարարությունում կառուցվածքային բարեփոխումների, հաստիքների կրճատման արդյունքում: Արթուր Վարդանյանը իրավաբանական վարչության աշխատակից էր, Էդուարդ Պողոսյանը և Մարինե Միքայելյանը գործերի կառավարչության վարչության աշխատակից էր, Անահիտ Գրիգորյանը հաշվապահական հաշվառման վարչությունից էր։ Նրանք դատարանից պահանջում են պարտավորեցնել նախարարությանը վերականգնել իրենց զբաղեցրած վերջին պաշտոններին կամ հավասարազոր այլ պաշտոնի եւ վճարել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: 

Երեկ պարզվեց, որ նրանց է միանալու նաեւ մակրոտնտեսական քաղաքականության վարչության իրական հատվածի կանխատեսումների եւ վերլուծությունների բաժնի գլխավոր մասնագետ Տիգրան Սարաֆյանը: Նա երեկ ստացել է իր լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը եւ նույնպես պատրաստվում է դիմել վարչական դատարան:Ֆինանսների նախարարությունից պարզաբանում են, որ Տիգրան Սարաֆյանի կատարողականները ցածր են եղել, եւ գնահատման «մալբրի» համակարգով ցածր է գնահատվել: Մամուլի քարտուղարը տեղեկացնում է, որ նախարարությունում Տիգրան Սարաֆյանի լիազորությունները դադարեցվել են երկու տարի անընդմեջ նրա կատարողականի տարեկան գնահատման արդյունքները կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու հիմքով, այսինքն օրենքով սահմանված կարգով:Իսկ Սարաֆյանը պնդում է, որ իրեն այլ հավասարազոր աշխատանք չի առաջարկվել: «Առայժմ ինձ մեկ այլ բաժնում աշխատանքի առաջարկ չի արվել»,- ասում է նա: 

Նա պարապ չի նստում: Փորձում է յուրացնել հաշվապահի մասնագիտությունը եւ փաստաբան է փնտրում, որն իրեն կներկայացնի դատարանում: «Ես հունվարի 8-ից գիտեի, որ ինձ ազատելու են: Կատարողականները սխալ են գնահատել: Ինձնից պարզապես ուզում են ազատվել, որովհետեւ ես մատնանշում էի իրենց թերությունները, խախտումները: Իմ նկատմամբ դրսեւորվել է ակնհայտ խտրական վերաբերմունք այլ աշխատողների համեմատ: Ես դիմել եմ նաեւ ՄԻՊ, եւ իմ բողոքն ընդունվել է վարույթ: Այս պահի դրությամբ դիմել եմ ՏՄՊՊ հանձնաժողով՝ ավագ հաշվապահի տեղի համար, դիմել եմ նաեւ մեզ մոտ հանրային հատվածի հաշվապահի որակավորման վկայական ստանալու համար»,- ասում է Տիգրան Սարաֆյանը: