Ի՞նչ անել, որ Ալիևն այլևս երբեք չայցելի Արցախ

Ի՞նչ անել, որ Ալիևն այլևս երբեք չայցելի Արցախ

Կոպտորեն խախտելով «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» Արցախի Հանրապետության 2022թ. փետրվարի 18-ի օրենքը՝ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը, առանց Արցախի Հանրապետության վարչակազմի գրավոր թույլտվության, 2022թ. նոյեմբերի 8-ին այցելել է ադրբեջանական զինված կազմավորման ստորաբաժանումների կողմից օկուպացված Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածք՝ քաղաք Շուշի, որտեղ կրկին հոխորտացել ու մի շարք սպառնալիքներ է հնչեցրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասցեին, մասնավորապես՝     

•   «Հայաստանում ռեւանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում. Հայաստանում գլուխ են բարձրացնում ուժեր, շրջանակներ, որոնք չեն ցանկանում համակերպվել պատերազմի արդյունքների հետ։ Հայաստանը լիովին չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը, ամբողջությամբ չի դուրս բերել իր զինված ուժերը Ղարաբաղից, մեզ չի տրամադրել Զանգեզուրի միջանցքը և պարբերաբար ռազմական սադրանքներ է իրականացնում մեր դեմ։ Իհարկե, մենք պետք է պատրաստ լինենք ու պատրաստ ենք։»:

 Ակնհայտ է, որ Իլհամը զգուշանում է և շատ լավ գիտի, որ արցախահայությունը, հայ ժողովուրդը երբեք չի համակերպվելու իրերի ստեղծված դրության հետ, այն է՝ իր տարածքների կորստի հետ: Հայաստանի զինված ուժերն Արցախից դուրս բերելու մասին հայտարարությունը ուղիղ մանիպուլացիա է, քանի որ ՀՀ-ն Արցախում չունի զինված ուժեր, իսկ Արցախի Հանրապետությունը, որպես դե ֆակտո պետություն, միջազգային իրավական ակտերով իրավունք ունի ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք ինքը նպատակահարմար է համարում՝ ապահովելու իր անվտանգությունը: Խոսքս մասնավորապես վերաբերում է 1933թ. դեկտեմբերի 26-ին ամերիկյան 20 պետությունների կողմից Մոնտեվիդեոյում ընդունված «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիային: Համաձայն նշված կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ «Պետության քաղաքական գոյությունը կախված չէ մյուս պետությունների ճանաչումից։ Նույնիսկ ճանաչումից առաջ պետությունն իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը,…»: 

Զանգեզուրի միջանցքն իրենց տրամադրելու մասին հայտարարությունը կրկին մանիպուլացիա է: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» հասկացության մասին: Որպեսզի «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը չարմատավորվի դիվանագիտական բառապաշարում, ի դեպ թե՛ ներսում, և թե՛ դրսում, առաջարկում եմ չօգտագործել օկուպանտ Ադրբեջանի սուլթանի կողմից շրջանառության մեջ դրված այդ հասկացությունը, այլ օգտագործել «ճանապարհ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզով» ձևակերպումը:  
«պարբերաբար ռազմական սադրանքներ է իրականացնում մեր դեմ։»                        

Այս առումով հարկ է նշել հետևյալը. փոխանակ հայկական կողմն այս մասին պարբերաբար բարձրաձայնի, Իլհամ Ալիևն է խոսում սադրանքների մասին: Օկուպանտ Ադրբեջանն իր ապօրինի պահանջներն առաջ տանելու համար պարբերաբար դիմում է ուժի կիրառման Արցախի և Հայաստանի հանրապետությունների նկատմամբ, ինչը Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի տասը սկզբունքներից մեկի՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:

•    «Ղարաբաղը մեր հողն է. Այնտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է նրանց գտնվելու ժամկետը, և եթե նրանք (հայերը – Ս. Հ.-Ջ.) իրենց հույսը դրել են ինչ-որ մեկի վրա, ապա նորից բախվելու են ողբերգության։»:                         

    Ակնհայտ սուտ և կեղծ հայտարարություն: Բնականաբար Արցախը երբեք չի եղել և այժմ էլ չի հանդիսանում այսպես կոչված ադրբեջանական հող: Մի քանի տասնյակ դարերի պատմություն ունեցող թե՛ իրավական և թե՛ պատմական անառարկելի փաստերը վկայում են, որ Արցախը եղել է հայկական հող:
«եթե նրանք (հայերը – Ս. Հ.-Ջ.) իրենց հույսը դրել են ինչ-որ մեկի վրա, ապա նորից բախվելու են ողբերգության» հայտարարությամբ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևն ուղիղ և բաց տեքստով սպառնալիք է հնչեցրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասցեին, ինչը միջազգային իրավունքի տասը սկզբունքներից մեկի՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:
 
•    «Ի՞նչ են անում հայկական զինված ուժերը Ղարաբաղում. Մեր համբերությունն անսահման չէ, և ես ևս մեկ անգամ ուզում եմ զգուշացնել, որ եթե այդ պարտավորությունը չկատարվի, ապա Ադրբեջանը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր։»:       

Այս հայտարարությամբ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը կրկին ուղիղ և բաց տեքստով սպառնալիք է հնչեցրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասցեին, ինչը միջազգային իրավունքի ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է: 
 
•    «Երկու տարի է, ինչ մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակը շարժվող մեքենաներին։»:
Սրանով Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ցանկացած պահի կարող է խաթարել Լաչինի միջանցքով իրականացվող բնականոն երթևեկությունը: Սա կրկին ուղիղ և բաց տեքստով հնչեցված սպառնալիք է ուղղված Արցախի և Հայաստանի հանրապետություններին, ինչը միջազգային իրավունքի ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:    

•    «Սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո Ադրբեջանի զինված ուժերը տեղակայվել են հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ իմանա, թե դա ինչ է նշանակում։ Այսօր այս ռազմավարական բարձունքներից մենք մեր աչքերով տեսնում ենք Կապան, Գորիս, Ջերմուկ քաղաքները։»:

Այս հայտարարությամբ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը կրկին ուղիղ և բաց տեքստով սպառնալիք է հնչեցրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասցեին, ինչը միջազգային իրավունքի ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:  

•    «Հայաստանի որոշ օտարերկրյա հովանավորներ ուզում են մեզ ինչ-որ բանում մեղադրել: Ես պատասխանել եմ նաև նրանց: Եթե նրանք նորից ինչ-որ բանի մասին կկանչեն (Если они еще будут кукарекать о чем-то), ապա նորից կպատասխանեմ: Դա ինձ չի կանգնեցնի:»:

Այս հայտարարությամբ Իլհամ Ալիևն, ըստ երևույթին, նկատի ունի Եվրոպական խորհրդարանին: Բանն այն է, որ 2021 և 2022 թվականների ընթացքում Եվրոպական խորհրդարանն ընդունել է չորս բանաձևեր, որտեղ մասնավորապես արձանագրել է հետևյալը՝

1.    Եվրոպական խորհրդարանը պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ զինվորական և քաղաքացիական, որոնք կալանավորված են հակամարտության ընթացքում և դրանից հետո, և որ Ադրբեջանը հետագայում ձեռնպահ մնա կամայական ձերբակալություններից, (2021թ. մայիսի 19-ի բանաձև),
2.    ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա. կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին, (2022թ. փետրվարի 17-ի բանաձև),
3.    հայկական մշակութային ժառանգության ջնջումը հանդիսանում է հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և ատելության համակարգված, պետական մակարդակով ադրբեջանական իշխանությունների կողմից խրախուսվող հայատյացության քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, ներառյալ անմարդկայնացումը, բռնության հերոսացումը և տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որը սպառնում է խաղաղությանը և անվտանգությանը Հարավային Կովկասում, (2022թ. մարտի 9-ի բանաձև),
4.    44-օրյա պատերազմը հրահրել է Ադրբեջանը, ինչը հիմնովին փոխել է Հարավային Կովկասում քաղաքական, ռազմավարական և օպերատիվ իրավիճակի ստատուս քվոն՝ հանգեցնելով հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր տեղահանվածների, Ադրբեջանաարցախյան հակամարտությունը չի կարգավորվել, 
Լեռնային Ղարաբաղ գազ մատակարարելու հիմնական խողովակաշարը վնասվել է և 2022 թվականի մարտի 8-ին վիճելի տարածքը մնացել է առանց էներգակիրների հասանելիության, (2022թ. հունիսի 8-ի բանաձև):
     
•    «Հայաստանը պետք է իմանա, որ ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարությունն է մեզ պահում ներկա շրջանակներում, այլ մեր սեփական քաղաքականությունը։ Մենք ոչ մեկից չենք վախենում, ոչ մեկից չենք զգուշանում: Եթե ինչ-որ մեկից վախենայինք, երբեք չէինք սկսի Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը:»:
    Այս հայտարարությամբ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևն ի լուր բոլորի բացահայտ հայտարարել է, որ ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը:

Իլհամ Ալիևի վերոնշյալ՝ միջազգային իրավական ակտերի պահանջները կոպտորեն ոտնահարող, հակահայկական հայտարարություններն անառարկելիորեն վկայում են, որ զուր են և սին այն հույսերը, թե խաղաղության պայմանագրի կնքմամբ Ադրբեջանը կդադարեցնի ռազմատենչ հռետորաբանությունը, դրան հաջորդող զինված սադրանքները և հնարավոր կլինի նրա հետ ունենալ համատեղ խաղաղ գոյակցություն:   

Արցախի և Հայաստանի հանրապետությունների՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները բռնազավթումից ազատագրելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝

1.    համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը էքզիստենցիալ կամ գոյութենական սպառնալիք է հայկական զույգ հանրապետություններում ապրող հայության համար:
2.    հայրենատեր գործունեության հետագիծ ու սիստեմատիկ կրթություն և պետական կառավարման ոլորտի փորձառություն ունեցող անհատներից ձևավորել Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային, պետական շահերը սպասարկող Հայաստանի Հանրապետության վարչակազմ:
3.    Կարգավորել, վերականգնել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության հարևանների, բարեկամների, դաշնակիցների և ռազմավարական դաշնակիցների հետ առաջացած խնդիրները:
4.    Վերականգնել, վերազինել և արդիականացնել Հայաստանի և Արցախի հանրապետությունների զինված ուժերը:
5.    Ուժի միջոցով վերականգնել Արցախի և Հայաստանի հանրապետությունների դե յուրե տարածքային ամբողջականությունը:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ