Հաշվարկներ արվո՞ւմ են` հասկանալու համար օպտիմալացումը լավ է, թե վատ, սխալ է, թե ճիշտ

Հաշվարկներ արվո՞ւմ են` հասկանալու համար օպտիմալացումը լավ է, թե վատ, սխալ է, թե ճիշտ

2019 թվականից սկսած՝ առողջապահության համակարգում բուժհիմնարկների մեծ վերակազմավորում է ընթանում` օպտիմալացման անվան տակ։ Հայտարարվում էր, որ իրար միացող բուժհաստատությունները լավ չեն աշխատում, այ երբ նրանց միավորենք` կսկսեն ավելի լավ աշխատել, միջոցներն ավելի օպտիմալ կծախսվեն եւ բժշկական սպասարկումն էլ կբարելավվի: Բայց մարդիկ կասկածներ ունեին, որ այդ ամենն արվում է մի կողմից աշխատելու իմիտացիա ստեղծելու եւ շոու ապահովելու, մյուս կողմից` ազատվող հսկայական եւ թանկ շենքերն, ըստ հայեցողության, տնօրինելու։ 

Օրինակ` Գյումրիում միանգամից 5 բուժհիմնարկ միացվեցին իրար՝ «Գյումրի բժշկական կենտրոն» ընդհանուր անվան տակ․ «Գյումրի» ԲԿ-ն, ուռուցքաբանական դիսպանսերը, ինֆեկցիոն հիվանդանոցը, պաթոլոգաանատոմիական լաբորատորիան եւ ծննդատունը մեկ հիմնարկի բաժինները դարձան։ Ստեղծվեց մեգահիմնարկ, որը, ինչպես հայտարարվում էր, պետք է բնակչությանն ավելի արդյունավետ սպասարկում ապահովեր։ Երեւանի ավագանին էլ հոկտեմբերին որոշում էր ընդունել, որով Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ինստիտուտը միանում է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ին, որն ավելի հայտնի է որպես 8-րդ հիվանդանոց։ Այժմ սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը տեղափոխման փուլում է։ Ղեկավար անձնակազմն օրվա մի մասը Պարույր Սեւակի 5 հասցեում է, մյուս մասը՝ 8-րդ հիվանդանոցի շենքում՝ Հրաչյա Ներսիսյան 7-ում։ Բայց բժշկական աշխարհում մեծ վերապահումներ ունեն այս միավորումների հետ կապված, կասկածում են դրանց արդյունավետությանն ու բնակչության սպասարկումը բարելավելու հայտարարված նպատակին:

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե ինքն ինչպես է գնահատում այս միավորման արդյունավետությունը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ կարծում է` եթե օպտիմալացման որոշում է կայացվել, ապա եղել են հստակ հաշվարկներ, թե դրանք ինչ տնտեսական նշանակություն կարող են թողնել. «Թեպետ երկար ժամանակ է առողջապահական համակարգն իմ հետաքրքրությունների շրջանակներից դուրս է, և ես տեղեկություն չունեմ, թե ինչու են այդ բարեփոխումները կատարվում, սակայն օպիտիմալացումը տնտեսական, կազմակերպչական արդյունք է իրենից ենթադրում: Արդյոք հաշվարկներ արվո՞ւմ են այդ մասով, սոցիոլոգիական հարցումներ և այլն: Հասկանալու համար օպտիմալացումը լավ է, թե վատ, սխալ է թե ճիշտ: Նախ պետք է հասկանանք՝ եղե՞լ են արդյոք վերոնշյալ գործոնները, թե՞ ոչ»- նշեց նա: 

Հարցին, թե նախկինում եղե՞լ են նման խոշոր օպտիմալացման դեպքեր, մեր զրուցակիցն ասում է. «Ո՞վ պետք է Առողջապահության նախարարին, կամ նախարարությանն ասեր ինչ-որ բուժհաստատություններ միավորեք: Նախարարությունն ինքն է նման որոշումներ կայացնում: Դա քաղաքական որոշում է: Նման բան չի լինում, որ նախարարը տեղյակ չլինի օպտիմալացման մասին»,- խոսքը եզրափակեց նախկին նախարարը: