Այն, ինչ արգելված է Հայաստանին, կարելի է Թուրքիային

Այն, ինչ արգելված է Հայաստանին, կարելի է Թուրքիային

Երևանում «Նեմսիս» հուշարձանի տեղադրումից հետո Թուրքիայի իշխանությունները նեղացել են եւ որպես պատիժ` փակել են իրենց երկրի օդային տարածքը Հայաստանի համար․

«Ամեն օր Թուրքիայի տարածքով թռիչքներ էին իրականացվում։ Այժմ մենք դրանք դադարեցրել ենք։ Թող մեզանից չնեղանան, բայց մեր օդային տարածքը փակ է նաև հույժ կարևոր անձանց համար։ Մենք (օդային տարածքը) փակել ենք նաև Փաշինյանի օդանավի համար»,- հայտարարել էր Թուրքիայի ԱԳՆ նախարար Չավուշօղլուն։

Այժմ մի հետահայաց պատմություն. 2021 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ 7 տարվա դադարից հետո Հայաստանի օդային տարածքով թռիչք է իրականացրել ադրբեջանական օդանավ։ Հանրային դժգոհությունները զսպելու համար Քաղավիացիայի կոմիտեն նախ հայտարարեց, որ Հայաստանի օդային տարածքը Ադրբեջանի համար երբեք էլ փակ չի եղել․ «ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ ըստ ընթացակարգերի՝ քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որևէ թույլտվություն չի պահանջվում: Օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին»,- ասված էր Քաղավիացիայի կոմիտեի հայտարարության մեջ։

Այնուհետև իշխանամերձ շրջանակները սկսեցին վկայակոչել «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվեցիան, որը արգելում է խտրական կերպով որևէ պետության համար օդային տարածք փակելը։

Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակից Մովսես Հարությունյանն էլ իր էջում գրել էր․ «Եթե անգամ ուզենանք էլ` չենք կարող Ադրբեջանին արգելել մեր օդային տարածքով քաղաքացիական նշանակության ավիափոխադրումներ իրականացնել, քանի որ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիան արգելում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) անդամ-պետություններին խտրական մոտեցում կիրառել իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ»։

Նշենք, որ ԻԿԱՕ-ի անդամ են ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները՝ բացառությամբ Լիխտեյնշտեյի, որն այս կազմակերպության հետ հարաբերությունները պատվիրակել է Շվեյցարիային: Այսինքն՝ Թուրքիան ևս այս կազմակերպության իրավազորության ներքո է, և եթե նման պահանջ-պարտավորություն կա, կնշանակի Թուրքիան խտրականորեն է փակել իր օդային տարածքը Հայաստանի համար` չունենալով դրա իրավունքը։

Քաղավիացիայի կոմիտեից փորձեցինք ճշտել, թե արդյոք իրենք՝ որպես ՀՀ ավիացիոն իշխանություն, դիմե՞լ են, կամ դիմելո՞ւ են ԻԿԱՕ-ին՝ պահանջով, որ Թուրքիային ստիպի բացել իր օդային տարածքը ՀՀ-ի համար, սակայն կոմիտեից ասացին, որ դա ոչ թե իրենք, այլ ԱԳՆ-ն պետք է անի։ ԱԳՆ-ից ևս փորձեցինք ճշտել հարցի պատասխանը, մեզ խոստացան ճշտել և պատասխանել, պատասխանի դեպքում այն ևս կհրապարակենք։
Բայց ստացվում է, որ բոլոր միջազգային պարտավորություններն ու համաձայնությունները մենք սրբորեն կատարում ենք, իսկ մեր հակառակորդ երկրները երբ իրենց հարմար չէ` չեն կատարում եւ չեն էլ պատժվում: