Եսիմ ինչ են որոշում, ինչ են պլանավորում, ոչինչ չգիտեմ․ Փառուխի գյուղապետ

Եսիմ ինչ են որոշում, ինչ են պլանավորում, ոչինչ չգիտեմ․ Փառուխի գյուղապետ

«Այս պահին դե իրենց ձեռքն է գյուղը։ Իրենք շատ-շատ էին, զենք ու զինամթերքով մտան գյուղը։ Խաղաղապահներն էլ էին մեր գյուղում, մեր տղերքից էլ կային զինված։ Բայց դե, իրանք շատ են եղել։ Ամեն ինչ միանգամից եղավ, գյուղացիները իրենց հետ միայն կարողացել են վերցնել ինչ ձեռքներին այդ պահին ընկել է, հիմնականում հագուստները։ Իսկ ունեցվածքը՝ անասունները, կամ մեքենաներից երկրորդը, ասենք, մնացել են գյուղում։ Համայնքի բնակիչները տեղափոխվել են տարբեր տեղեր, բարեկամների տներ»,- մեզ հետ զրույցում ասաց Փառուխ գյուղի գյուղապետ Վարդան Միքայելյանը։

Մեր այն հարցին, թե իշխանություններից ում հետ է կապի մեջ, և արդյոք որևէ բանակցություններ տարվում են, համայնքապետն ասաց՝ «Եսիմ ինչ են որոշում, ինչ են պլանավորում, ոչինչ չգիտեմ, լռություն է։ Ոչ մի բան մեզ չեն ասում»։

Հիշեցնենք․ Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով զինադադարի ռեժիմը և բոլոր պայմանավորվածությունները, հատել են Արցախի Հանրապետության հետ շփման գիծը և ներխուժել ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ։ Թշնամին նաև սադրանքների է դիմել նույն շրջանի Խրամորթ բնակավայրի ուղղությամբ։

Այսօր՝ մարտի 25-ի գիշերն էլ ադրբեջանական ստորաբաժանումները  կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: