Քթները խոթում են մինչև մարդու անկողինը և ապօրինի ճանապարհով ձեռք բերված տեսանյութերով վարկաբեկում մարդկանց

Քթները խոթում են մինչև մարդու անկողինը և ապօրինի ճանապարհով ձեռք բերված տեսանյութերով վարկաբեկում մարդկանց

«Օպերատիվ հետախուզական միջոցառումներ ասվածի լայն կիրառմամբ քթները խոթում են մինչև մարդու անկողինը և ապօրինի ճանապարհով ձեռք բերված տեսանյութերով վարկաբեկում մարդկանց» այսօր «Անպատժելիության վերացումը որպես իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման երաշխիք» թեմայով քննարկման ժամանակ իրավապաշտպան Արթուր Սաքունցն անդրադարձավ կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքի իրավունքներին: 

«Այս շրջանակներում խախտումները պետության կողմից ենթակա են քննության և քննությունը պետք է լինի մանրակրկիտ, անաչառ, անհապաղ, և եթե նույնիսկ տուժված անձը ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է իր բողոքներից դա չի ազատում պետությանը շարունակելու քննության իրականացումը: Մեզ մոտ գիտեք ոնց է, ասում են տուժողի հետ համաձայնության են եկել, սակայն անկախ զոհի դիրքորոշումից քննության իրականացումը պետության պարտավորությունն է, և այս իրավունքների ուղղությամբ պետության պարտավորությունն ունի բացարձակ բնույթ» : Ըստ Սաքունցի անպատժելիությունը մեղավորներին չբացահայտելը, տուժվածներին օգնություն չցուցաբերելը հանգեցնում են նաև տուժվածի կրկնակի տուժմանը։

Այն հարցին, երբ ընտանեկան բռնության ժամանակ կինն ահազանգում է ոստիկանություն, և ամուսնու կողմից իր հանդեպ մահափորձ անելու հաղորդում ներկայացնում, իսկ ոստիկանության կողմից տարվող նախաքննության ընթացքում ամուսինները հաշտվում են, հետևաբար կինը հետ է վերցնում բողոքը կամ այլ կերպ է ձևակերպում, ապա այդ դեպքում Ձեր նշած «Եթե նույնիսկ տուժված անձը ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է իր բողոքներից դա չի ազատում պետությանը շարունակելու քննության իրականացումը։ Անկախ զոհի դիրքորոշումից քննության իրականացումը պետության պարտավորությունն է» կոնտեքստը ինչպիսի ազդեցություն կունենա, ինչպես պետք է կարգավորվեն իրավապահ մարմնի ու տվյալ ընտանիքի հետագա գործողությունները, արդյոք արժի, որ ոստիկանությունը միջամտի՝ շարունակելով նախաքննությունը, Սաքունցը պատասխանեց. 

«Եթե բողոք է եղել և կան վնասվածքներ, չպետք է համաձայնությունը հիմք հանդիսանա, որ պետությունը դադրեցնի իր պարտականությունը, սաստկության մասին է խոսքը: Ունենք էնպիսի դեպքեր, երբ կինը բռնության է ենթարկվում, այդ հոգեբանական վիճակում չի համարձակվում քայլ կատարել իր իրավունքները պաշտպանելու համար: Տուժածը եթե չի ստանում հոգեբանական աջակցություն, խոցելի է դառնում»: 

Տվյալ պարագայում առաջնահերթ կարևորելով հոգեբանական աջակցությունը՝ Սաքունցը նշեց նաև, որ Ընտանիքում բռնության մասին օրենքը դեռևս պատշաճ չի գործում:

Նարա Մարտիրոսյան