Կոմֆո՞րտ, թե՞ պայքար

Կոմֆո՞րտ, թե՞ պայքար

Քաղաքական պայքարը, մանավանդ մեր երկրի նման չկայացած կառավարման ու քաղաքական համակարգ ունեցող երկրներում, բարդ է եւ մեծ զոհողություններ է պահանջում։ Նախ պահանջում է ահռելի կամք, վճռականություն, մեծ աշխատասիրություն, համբերություն, որպեսզի պատրաստ լինես տասնամյակներ շարունակ տքնել՝ առանց աշխատանքիդ արդյունքը տեսնելու, հույսով, որ մի օր բախտը կժպտա։ Դա պահանջում է նաեւ պատրաստ լինել զրկանքների։

Ինչպես «Գիքորի» մեջ է ասվում՝ մի օր ստիպված կլինես սոված քնել, մյուս օրը՝ բանտում անցկացնել, հարազատներդ կարող են երես թեքել, քոմենթչիները կարող են հարձակվել, կարող են քո կեղտոտ սպիտակեղենն ի ցույց դնել աշխարհին, կարող են քեզ գայթակղել ու կաշառել, քո դեմ կոմպրոմատներ հավաքել, հարազատներիդ ճնշել եւ հարազատներիդ միջոցով քեզ ճնշել։

Պետք է դիմանաս ու դիմակայես այդ բոլոր փորձություններին։ Դա է պատճառը, որ մեր քաղաքական գործիչները հոգնում են, հիասթափվում, հրաժարվում հետագա պայքարից, իրենց կոմֆորտ կյանքը նախընտրում երկարատեւ զրկանքների ճանապարհից եւ դիստանցիայի կեսից դուրս գալիս։ Շատ քչերն են, որ, Նիկոլ Փաշինյանի նման, իրենց առաջ խնդիր են դնում՝ ցանկացած գնով հասնել իշխանության, եւ հասնում են։ Իհարկե, երբեմն այդ գինն ազնիվ ու բարոյական չի լինում եւ իր մեջ հանցանքի տարրեր է պարունակում, բայց միայն նման մարդիկ են քաղաքականությունում հաջողություն ունենում։ Այլ հարց է, որ այդ հաջողությունը հետո կարող է դառալ երկրի ու պետության անհաջողությունը, բայց հիմա դրա մասին չէ խոսքը, այլ այն մասին, որ մեր քաղաքական դաշտում, ընդդիմության մեջ այսօր չկան նման զրկանքների պատրաստ, ամեն գնով իշխանության հասնելու ձգտող մարդիկ։ Փոխարենը կա իշխանություն, որն ամեն գնով պահելու է իր՝ 2018-ին ձեռք բերածը։