ԱԳՆ-ում սկսել են գնահատել պրոֆեսիոնալներին

ԱԳՆ-ում սկսել են գնահատել պրոֆեսիոնալներին

 Հունիսի 20-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Երեւան)։ Նա մինչ այդ՝ 1997-2007թթ․ եղել է Թուրքեստանում ՀՀ դեսպանը (2000-2007թթ․` համատեղությամբ Տաջիկստանում ՀՀ դեսպանն էր)։ Փաստորեն, Անկախության 28 տարիների ընթացքում մենք Ուզբեկստանում առաջին անգամ ենք հավատարմագրված դեսպան ունենալու և դեռևս չենք կարողանալու դեսպանություն հիմնել Տաշքենդում:

Դատելով դեսպան Ա.Գրիգորյանի կենսագրությունից, կարող ենք ասել, որ նա կադրային դիվանագետ է, ԱԳՆ հնաբնակներից. ծառայությունն սկսել է 1992-ին։ Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանն ի պատասխան մեր հարցի, թե որքանով է էական Ուզբեկստանում ՀՀ դեսպան նշանակելը,  պատասխանեց․ « Հետքարիմովյան Ուզբեկստանը զարգանում է արագ, հաղթահարում հատկապես ֆինանսատնտեսական ոլորտում պահպանված սահմանափակումերը, տարեցտարի ավելանում են օտարերկրյա ուղղակի ներդրումները, կտրուկ մեծացել են ապրանքաշրջանառության ծավալները ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, ինչպես նաև հարևան երկրների հետ: Ներմուծման մեջ մեծ է ժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների չափաբաժինը: Երկրի նոր ղեկավարությունը գրեթե ամբողջովին լուծել է հարևանների հետ սահմանների զատորոշման խնդիրները, աշխուժացել է ավտոմոբիլային, երկաթուղային, օդային հաղորդակցությունն աշխարհի տարբեր երկրների հետ: Շատերի հայացքը ուղղված է դեպի Ուզբեկստան ու քաղաքական կենտրոնները, ներդրումային ընկերությունները դրական կանխատեսումներ ունեն ուզբեկական բարեփոխումերի կապակցությամբ: Երկիրն ապրում է հիրավի բեկումնային շրջան:

Դրական միտումներ են նկատվում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, արդար դատավարության երաշխավորման ոլորտներում: Մենք շահագրգռված ենք քաղաքական երկխոսությունն  որակապես նոր մակարդակ բարձրացնելու և հայ-ուզբեկական հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով զարգացնելու գործում»: Անդրադառնալով Ուզբեկստանում հայության ներկայության և դերի մասին մեր հարցին` պրն Ա.Սահակյանը նշեց, որ Ղազախստանում իր պաշտոնավարման տարիներին բազմիցս է այցելել Տաշքենդ և Նուր-Սուլթանում մեր դեսպանատանը ընդունել համայնքային պատվիրակների: «Դեսպանի նշանակումը հայ համայնքի համար լավ լուր է, և դատելով որոշ տեղեկություններից՝  կարելի է ասել` ցնծալի իրադարձություն է համարվում: Նկատի ունեցեք, որ Ուզբեկստանի հայ համայնքը Կենտրոնական Ասիայում ամենահինն է, ամենամեծը, միակը,  որ ունի եկեղեցիներ (Տաշքենդում և Սամարղանդում): Տեղի հոգևոր հովիվ տեր Հովհաննես Գրիգորյանը, շնորհիվ իր ազգանվեր գործունեության, մեծ հարգանք է վայելում մեր հայրենակիցների մոտ»: Իսկ ինչպե՞ս կբնութագրեք նորանշանակ դեսպանին,- հարցրեցինք մենք: «Արամ Գրիգորյանը շնորհաշատ անձնավորություն է, փորձառու, բազմակողմանի զարգացած, սթափ մտածող, շրջահայաց դիվանագետ: Ճիշտ ընտրություն է կատարված», - ասաց մեր զրուցակիցը: Մեր համոզմամբ, սակայն, տարածաշրջանային այնպիսի խոշոր պետություն, որպիսին Ուզբեկստանն է, հենց այնպես չէր կարող 28 տարի անտեսել Հայաստանի հետ հարաբերությունները: Ըստ ամենայնի, այս երկարատև սառնության արմատները խորն են, դրանք չի կարելի վերագրել միայն նախկին նախագահ Իսլամ Քարիմովի կամակորությանը:

Տարբեր հրապարակումերից կազմվում է հայ-ուզբեկական «խորթության» պատճառների (ու պատրվակների) մի խայտաբղետ պատկեր, որտեղ առկա են եւ՛ Թուրքեստանում խորհրդային իշխանության հաստատման ու պահպանման գործում հայազգի չեկիստներին վերագրվող վայրագությունների դրվագները, եւ՛ Գդլյան-Իվանով զույգի հակակոռուպցիոն պայքարի հախուռն էնտուզիազմը, և ադրբեջանական ազդեցության գործակալների հակահայկական խառնակությունները: Այնպես որ տարիների հսկայական աշխատանք պետք է կատարել բացասական նստվածքը վերացնելու և Կենտրոնական Ասիայի սիրտը հանդիսացող Ուզբեկստանը մեր սրտերին մերձեցնելու համար: 

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը մեզ հետ զրույցում Արամ Գրիգորյանին բնորոշեց որպես պրոֆեսիոնալ դիվանագետի։ 
«Շատ լավ է, որ վերջապես Ուզբեկստանում դեսպան ունեցանք։ Լավ կլինի, որ առանցքային երկրներում եւս արագ դեսպաններ նշանակվեն։ Եթե չեմ սխալվում, նույն պատմությունն է նաեւ Կիպրոսում։ Կիպրոսն էլ առանցքային երկիր է, եւ մինչեւ օրս համատեղության կարգով են այնտեղ դեսպան նշանակում։ Իսկ դա նույնն է, որ ծաղկից հոտ քաշես ապակու հետեւից։ Ինչ վերաբերում է Արամ Գրիգորյանին, ապա   ԱԳՆ-ում երեւի սկսել են հասկանալ, որ պետք է տեղ տալ պրոֆեսիոնալ դիվանագետներին։ Ես ողջունում եմ այդ նշանակումը»,- ասաց Արման Նավասարդյանը։