Պատասխան Արցախի դատախազության պատասխանին

Պատասխան Արցախի դատախազության պատասխանին

ԱՀ դատախազությունը պատասխանել է իմ բաց նամակին: Գովելի է, որ դատախազությունում պաշտոնականից չորուցամաք լեզվից զատ տիրապետում են նաեւ երեւույթը «գեղարվեստորեն» ոճավորելու հնարքների, երբ ակնարկում են իմ մտահոգության «անձնական» շահագրգռությունը:

Բայց այդպես էլ բաց է մնում հարցը՝ ինչի՞ հիման վրա է դպրոցի տնօրենի եւ նրա տեղակալի դեմ քրեական գործ հարուցվել: Սա է խնդիրը: Ես նկատի էի ունեցել, որ 39 տարվա մանկավարժական եւ տնօրենի 20-ամյա աշխատանքի փորձ ունեցող մարդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի՝ դպրոցի անգլերենի ուսուցչուհու տված այն բացատրության հիման վրա, որ 2016 եւ  2017թ.թ. ինքն ամառային արձակուրդից հետո մինչեւ սեպտեմբերի 1-ը չի ներկայացել աշխատանքի, բայց  վարձատրվել է:

Ահա այս եզակի բացատրությունն է հիմք ընդունվել, որպեսզի երկու մանկավարժի ներկայացվի պաշտոնական կեղծիք կատարելու եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանք: Իսկ  ի՞նչ շահագրգռությամբ են նրանք պաշտոնական կեղծիք կատարել, գերազանցել պաշտոնական լիազորությունները, այլ կերպ ասած՝ ի՞նչ անձնական կամ խմբային շահ են ունեցել նրանք՝ այս հարցերին նախաքննության մարմինը պատասխան ունի՞:

Սա է անհանգստացնողը, վտանգավորը: Սա է, որ թույլ է տալիս ասել՝ Արցախում  նոր ժամանակները չեն եկել, իրավապահ համակարգը գործում է դեռեւս խորհրդային  պատժիչ մարմինների ոգով եւ ոճով: Ընդ որում՝ ընտրովիության սկզբունքով: Երբ մի չնչին դեպքը, ինչպիսին հիշյալ գործն է, ուռճացվում եւ հասցվում է պետական ծանր հանցագործության մակարդակի, իսկ բազմաթիվ աղաղակող դեպքեր կամ մնում են աննկատ կամ հատուկ ընթացակարգով փակվում:

Օրինակներ՝ ինչքան ասես: Հատկապես՝ վերջին օրերի ծեծկռտուքի աղմկահարույց դեպքը, որի մասին Ստեփանակերտում բոլորն են խոսում: Իսկ պատկան մարմինները, այդ թվում եւ դատախազությունը, լռում են:  Որովհետեւ ծեծկռտուքի մասնակիցներն արցախյան «ոսկի երատասարդության» ներկայացուցիչներ են, օրենքը նրանց նկատմամբ կիրառելի չեն: Նրանց հարցերը կարգավորվում են ներքին պայմանավորվածություններով: Եւ դատախազությունը տեսք է անում, թե նման դեպք ամենեւին էլ տեղի չի ունեցել, ծեծվածը հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում չի եղել: Որ մեկը մյուսին ատրճանակով չի սպառնացել: Խոսք չկա՝ Արցախի դատախազությունն աշխատում է բարձր «պրոֆեսիոնալիզմով» եւ «անաչառությամբ»: