Ալթունյանը՝ Արսեն Թորոսյանի հետ հանդիպման և նոր հիվանդանոց կառուցելու մասին

Ալթունյանը՝ Արսեն Թորոսյանի հետ հանդիպման և նոր հիվանդանոց կառուցելու մասին

Առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը խորապես չի ուսումնասիրել կառավարության ծրագիրը, բայց հետեւել է քննարկումներին ու լսել, որ թիվ չկա։ Եվ նրա պատկերացրած թիվը միայն տոկոսները չեն, այլ հստակ ու հիմնավոր հաշվարկները, որ իսկապես չկաн կառավարության ծրագրում, մասնավորապես՝ առողջապահության ոլորտի մասով։
«Էն թվերը, որոնց վրա հիմնվում էինք մենք ժամանակին, եւ որոնց վրա կարող է հիմնվել այսօրվա կառավարությունը, այդ թվերը կային։ Իսկ ո՞ր թվերն են մեզ հետաքրքիր՝ հիմնականում գենդերային եւ տարիքային կազմը, իրենց հիվանդացության տոկոսները եւ 10 կամ 100 հազար բնակչությանն ընկնող հիվանդության քանակը։ Շատ կարեւոր է նաեւ այդ հիվանդությունների բուժման ինքնարժեքը, ընդ որում՝ շատ խիստ տնտեսագիտական մեթոդներով հաշվարկված ինքնարժեքը, որտեղ մտնում են ե՛ւ հարկերը, ե՛ւ աշխատավարձը, ե՛ւ սարքավորումների ամորտիզացիան, ե՛ւ մի շարք այլ գործոններ։ Բացի ինքնարժեքից, շատ կարեւոր է նաեւ արժեքը, քանզի տնտեսվարող սուբյեկտը պետք է նաեւ եկամուտ ստանա»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Ալթունյանը՝ նշելով, որ իրենք աշխատելով այս թվերով՝ կարողանում էին առողջապահական տնտեսական մոդել ստեղծել։

- Բայց այդ ժամանակ Դուք, առաջնորդվելով այս թվերով, նաեւ խիստ կրճատումների գնացիք, ինչը նաեւ դժգոհությունների ալիք բարձրացրեց։

- Այո։ Բայց այն, ինչ ես ասացի, դա մոտավորապես ես համարում եմ 5, 7, միգուցե 10 տարվա ծրագիր, երբ մենք կգայինք եթե չասեմ՝ իդեալական, ապա գոնե տանելի վիճակի։ Ես միշտ համարում էի, որ կարելի է եղած գումարներով անել երկու անգամ ավելին։ Ինչպե՞ս։ Եթե մի մասնագետը բուժի կամ վիրահատի օրական ոչ թե հինգ, այլ 7-10 հիվանդի։ Այդ իրավիճակում մենք, տնտեսելով աշխատավարձի վրա, կարող ենք ավելացնել արդեն սակավ քանակի մասնագետների աշխատավարձն ու գումար տնտեսել։ Մյուս տնտեսելու տարբերակն է՝ հաշվարկել բուժհիմնարկների քանակը, որն անհրաժեշտ է Հայաստանին։ Ես միշտ բերել եմ Իսրայելի օրինակը, որտեղ ինը միլիոն բնակչության վրա կա մոտ 17-30 կլինիկա։ Մեր երկրում ստացիոնար հիվանդանոցների քանակը մոտ 135-ն է։ Այսինքն՝ Իսրայելը վճարում է 30 ստացիոնարի տնօրենի, 30 գլխավոր հաշվապահի, 30 վարորդի, 30 քարտուղարուհու աշխատավարձ։ Սրանք ոչ առողջապահական ծախսեր են, որոնք նստած են առողջապահության բյուջեի վրա։ Հայաստանում մենք վճարում ենք 4-5 անգամ ավելին։ Եթե ելնենք էն տրամաբանությունից, որ դրանք աշխատատեղեր են, եւ մենք լուծում ենք ինչ-որ սոցիալական խնդիր, ապա կարող ենք ամեն մեկին տալ 80 հազար եւ ասենք՝ սովից չեք մեռնի։ Մյուս կողմից՝ եթե մենք հասկանում ենք, որ էդ գումարը ոչ թե բուժման գումար է, այլ սոցիալական խնդիր լուծելու գումար է, միգուցե էդ գումարը պետք էր տանել սոցապնախարարություն եւ ասել՝ առողջապահության բյուջեն երկու անգամ պակաս է։ Մենք էդ փաստերից եւ էդ թվերից էինք ելնում։ Թե որ տրամաբանությամբ է կազմվել կառավարության այսօրվա ծրագիրը, ես չեմ մասնակցել, չեմ կարող ասել։ Բայց, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ թվերից դուրս եւ ոչ թվաբանական մեթոդներով մենք կարող ենք հասնել ճշգրիտ ծախսերի եւ ճիշտ ՕԳԳ-ի։

- Ի դեպ, տեղեկություն կա, որ Դուք նոր հիվանդանոց եք կառուցում։ Այսինքն՝ մի կողմից առաջարկում եք կրճատել հիվանդանոցների քանակը, քանզի դրանք շատ են մեր երկրի համար, մյուս կողմից ինքներդ եք ուզում նոր հիվանդանոց բացել՝ «Վարդանանց» կենտրոնից հետո։

- «Վարդանանց» բժշկական կենտրոնն ամբուլատոր կենտրոն է՝ մի քիչ ավելի շատ խնդիրներ լուծող։ Այ, էստեղ փոքր վիրահատություններ էլ են կատարում, շուտով բացվելու են ստացիոնար մահճակալներ՝ թերապեւտիկ եւ մեկ-երկու օրվա վիրաբուժության համար։ Իսկ ինչ վերաբերում է իմ կողմից հիվանդանոց կառուցելուն, ես արդեն մոտ մի ութ ամիս է՝ մտածում եմ՝ կառուցե՞լ, թե՞ չէ։ Եվ մտորումներից այն կողմ պրոցեսը չի գնացել։ Էնպես որ, ինչպես Մարկ Տվենն է ժամանակին ասել՝ իմ մահվան մասին լուրերը չափազանցված են, նույնը ես կարող եմ ասել՝ հիվանդանոց կառուցելու մասին խոսակցությունները չափազանցված են։ Շինարարական պրոցես չկա, հողամաս չկա, նախագիծը չկա, կա ուղղակի միտք, որ վատ չէր լինի Հայաստանում ունենալ ոչ թե հերթական բազմապրոֆիլ հիվանդանոց, այլ նեղ մասնագիտացված ռեգիոնալ կենտրոն։ Իսկ ուղղությունը կընտրվի ռեգիոնալ առողջապահությունն ուսումնասիրելով։ Կենտրոնը պետք է այնպիսին լինի, որ մոտակա 5-10 տարվա ընթացքում մեր վրացի բարեկամները պլաններ չունենան այդ ուղղությամբ շարժվելու։ 

- Տեղեկություն կա նաեւ, որ վերջերս Դուք եւ Արսեն Թորոսյանը հանդիպել եք, կոնսուլտացիոն զրույց եք ունեցել եւ բավականին կոշտ գնահատական եք հնչեցրել կառավարության ծրագրի եւ նախարարության իրականացրած ծրագրերի վերաբերյալ։

- Ճիշտն ասած՝ երկու լուրն էլ չափազանցված են։ Արսեն Թորոսյանի հետ չենք հանդիպել մոտավորապես երեք ամիս է, այսինքն՝ կառավարության ծրագրի ընդունվելուց առաջ ենք հանդիպել։ Հանդիպումը բնորոշեմ հետեւյալ կերպ․ մենք իրարից չենք խուսափում։ Մենք երկուսս էլ գիտենք, որ առանցքային խնդիրների շուրջ ունենք նույն կարծիքը։ Էդ խնդիրներն են՝ ծխելու պրոբլեմը, պատվաստումների իմունիզացիայի պրոբլեմը, գրեթե նույն կարծիքն ունենք, եւ էսօրվա նախարարության գործունեությունը դա ապացուցում է։ Կոշտ, բացասական գնահատականներ չեն հնչեցվել իմ կողմից, մենք ուղղակի փոխանակվել ենք մտքերով երկրում ապահովագրական համակարգի զարգացման վերաբերյալ, ինչքան գիտեք՝ ունենք տրամագծորեն տարբեր կարծիքներ այս հարցում, բայց դա չի խանգարի ինձ ցանկացած դեպքում աջակցել նախարարությանը՝ իրենց պրոյեկտի իրականացմանը։

- Ինչո՞վ են տարբեր ձեր կարծիքները, որ Դուք կողմ եք ապահովագրության ինստիտուտի ներդրմանը, Թորոսյանը՝ ոչ այդքան։

- Ես կասեի՝ մի քիչ ավելի խորը։ Մենք տարբեր ենք հասկանում ապահովագրության ինստիտուտը։ Ես դա հասկանում եմ որպես մի ռեզերվային ֆոնդ, որից գումարներ են բաշխվում բնակչության որոշակի խավերի՝ որոշակի հիվանդություններ բուժելու նպատակով։ Դա մի խնդիր է։ Եվ երկրորդ ոչ պակաս խնդիրն է՝ դա  մատուցել քաղաքացուն որպես սերվիս։ Իմ կարծիքով՝ սերվիսով չի կարող զբվաղվել պետությունը, սերվիսով պետք է զբաղվի մասնավորը։ 

- Ծխելու հարցում իսկապես որ ձեր հայացքները համընկնում են։ Դուք էլ էիք ուզում ծխելու դեմ պայքարելու մասին օրենքն անցկացնել, ինքն էլ, բայց Ձեր օրոք կառավարությունն ի վերջո հրաժարվեց այդ մտքից։

- Կառավարությունը չհրաժարվեց, հրաժարվեց խորհրդարանը։ Պետք է ասեմ, որ ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ կառավարությունում նախորդ, եթե ոչ 80, ապա 70 տոկոս տղամարդիկ ծխող էին եւ պատրաստ էին պաշտպանել իրենց դիրքորոշումը։ Այդ իսկ պատճառով մենք կա՛մ պետք է համաձայնեինք օրենքը կաստրացիայի ենթարկել՝ այդ վիճակով մտցնելով խորհրդարան, կա՛մ հետ կանչել օրենքը։ Ես նախընտրեցի դեռ շարժումներ չանել, քանի դեռ կառավարության դիրքերը խորհրդարանի հանդեպ այդքան էլ ուժեղ չէին։