Արմեն Սարգսյանը Քաղաքացու օրը «նշել է» սեփական օրակարգով

Արմեն Սարգսյանը Քաղաքացու օրը «նշել է» սեփական օրակարգով

Սերժ Սարգսյանի նշանակած նախագահ Արմեն Սարգսյանը բառի բուն իմաստով շախմատ է խաղում ՀՀ իշխանությունների հետ, որտեղ ինքն իր առանձին, սահմանափակ իշխանությունն ունի։ Նա ուղղակի ֆանտաստիկ դիվանագիտական հնարքներ է բանեցնում՝ իր օրակարգը թելադրելու եւ իր մեսիջները հղելու հարցում։ Արմեն Սարգսյանն ասես շախմատային մի պարտիա է սկսել Նիկոլ Փաշինյանի հետ, որտեղ նա անընդհատ «թագուհիով» շախ է հայտարարում «թագավորին», բայց մատի չի հասցնում՝ թողնում է, որ պարտիան անվերջ շարունակվի։ 

Շախի հերթական օրինակը նա ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի հայտնագործած Քաղաքացու օրը յուրովի «նշելով»։ Ինչպես գիտեք, շաբաթ օրը՝ ապրիլի 27-ին, Հայաստանում առաջին անգամ նշվում էր Քաղաքացու օրը։ Սա Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի նախաձեռնությունն է ու ավելի շատ, կարելի է ասել, նրանց տոնն է՝ որպես Սերժ Սարգսյանի ու նրա ռեժիմի հանդեպ տարած հաղթանակի օր։ Ուստի այդ օրը նշեցին ու ուրախացան հենց նրանք՝ նիկոլականները, ոչ թե, ասենք, ՀՀԿ-ականները, ԲՀԿ-ականները, դաշնակցականները կամ թեկուզ կոմունիստները, որոնք նույնպես ՀՀ քաղաքացի են։ Քաղաքացու օրը, ըստ էության, չի նշել նաեւ Արմեն Սարգսյանը, որը Սերժ Սարգսյանի նշանակած նախագահն է եւ նույնպես հեղափոխությանը չի մասնակցել, թեպետ լարված պահերին փորձել է բանակցել, խաղաղեցնել իրավիճակը։

Երեկ մենք հետաքրքրվեցինք նախագահականից, թե ինչպես է նշել Արմեն Սարգսյանը Քաղաքացու օրը, որեւէ ուղերձ, շնորհավորական խոսք տարածվե՞լ է նրա կողմից։ Նախագահի օգնական Հասմիկ Սարգսյանն ասաց, որ նախագահի կողմից որեւէ ուղերձ կամ շնորհավորանքի տեքստ չի եղել։ Իսկ թե ինչպես է նշել նախագահն այդ օրը, Հասմիկ Սարգսյանը մեզ ուղարկեց Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջի գրառումը, որտեղ ընդամենը մեկ հպանցիկ հիշատակում կա Քաղաքացու օրվա մասին, այն էլ՝ դիվանագիտորեն եւ ոչ տոնի բովանդակային իմաստով։
«Շուրջ մեկ տարի առաջ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես էր եկել կոչով՝ աջակցելու հայրենիքի պաշտպանին: Խոսքը վերաբերում էր հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին աշխատանքով ապահովելուն:

Որպես օրինակ, որպես բարոյական պարտավորություն՝ հանրապետության նախագահի աշխատակազմն այդ կոչն իրականություն դարձնելու ճանապարհին ամիսներ առաջ կատարեց առաջին քայլը՝ աշխատանքի ընդունելով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող եւ մասնագիտական հմտություններ ունեցող զինծառայող Գոռ Դարմանյանին: Նախագահ Սարգսյանը նաեւ ասել էր, որ գործընթացը լինելու է շարունակական: Եվ այսօր՝ Քաղաքացու օրը, հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատանքի է ընդունվում հայրենիքի եւս մեկ պաշտպան՝ Լիպարիտ Մելքոնյանը: Հայաստանի Հանրապետության եւս մեկ քաղաքացի ապահովվում է աշխատանքով: Շարունակենք աջակցել մեր երկրի ու յուրաքանչյուրիս խաղաղության ու անվտանգության համար իրենց առողջությունը զոհաբերած մեր զինծառայողներին՝ աշխատատեղեր ապահովելով նրանց համար»,- ասված է նախագահի գրառման մեջ։

Այս մի քանի տողը, իրականում, իր մեջ շատ լուրջ մեսիջներ է պարունակում՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը։

Արմեն Սարգսյանը սրանով փաստացի հասկացնում է՝ կառավարությունը քաղաքացու հարկերի հաշվին 124 մլն է հատկացնում ինչ-որ անհասկանալի միջոցառումների համար, իսկ ինքը կոնկրետ գործ է անում՝ աջակցելու այդ նույն քաղաքացուն․ նրա համար աշխատանք է ապահովում։ Եվ դա անում է Նիկոլ Փաշինյանի հորինած Քաղաքացու օրը, որի առթիվ ոչ մի այլ խոսք, ոչ մի շնորհավորանք չի հնչում նախագահի կողմից։ Սա նաեւ այլ ակնարկ է իր մեջ պարունակում, որ Քաղաքացու օր նշող ու քաղաքացուն մեծարող Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ինչ եկել է, դեռեւս միայն զբաղված է աշխատատեղեր կրճատելով ու բազմաթիվ քաղաքացիների անաշխատանք թողնելով, իսկ ինքը, տեսեք, հակառակն է անում՝ աշխատատեղ է ապահովում քաղաքացու համար։

Արմեն Սարգսյանն այս դիվանագիտական նուրբ խաղով ուզում է ցույց տալ նաեւ, որ իր համար չկա Քաղաքացու օր, եւ որ ինքն ունի իր սեփական օրակարգը, որը բնավ պարտադիր չէ, որ տեղավորվի Փաշինյանի ու նրա կառավարության գծած օրակարգի մեջ։ Այս եւ նմանատիպ այլ «ինքնավար» դրսեւորումների պատճառով է թերեւս, որ Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանի մասին խոսելիս մի կերպ է զսպում իր պոռթկումը, որ բացահայտ չասի այն, ինչ մտածում է նախագահի «ինքնագործունեության» մասին, որը նրան, բնականաբար, դուր չի գալիս։