Դե ընտրել են էլի, ի՞նչ կարող ենք անել. Անի համայնքի ընդդիմադիր թեկնածու

Դե ընտրել են էլի, ի՞նչ կարող ենք անել. Անի համայնքի ընդդիմադիր թեկնածու

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունները բավական ակտիվ ընթացան: Անի համայնքի մեր աղբյուրների պնդմամբ` համայնքը լեփ-լեցուն է եղել ոստիկաններով, այնպիսի տպավորություն է եղել, ասես այդ ընտրություններին մասնակցում էին ոչ թե քաղաքական ուժեր, այլ քրեական հեղինակություններ: Անի համայնքում առաջադրված էին` «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Արտակ Գևորգյանի ղեկավարած Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք» (Արմենակ Նաջարյան), «Հայկական երազանք» (Ագուն Սաղաթելյան) և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները (Արման Սարիբեկյան):

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններում Անիում ամենաշատ ձայնը հավաքել էր համայնքը 18 տարի ղեկավարած Արտակ Գևորգյանը՝ ձայների 49 տոկոսը հավաքելով: «Հայկական երազանքի» և «Քաղաքացիական պայմանագրի» անդամները բոյկոտեցին ավագանու նիստերը, և համայնքապետ չընտրվեց: Օրենքի ուժով վարչապետը համայնքի ժամանակավոր ղեկավար նշանակեց տեղական ընտրություններում պարտված իր կուսակից Արման Սարիբեկյանին։

«Հայկական երազանք» կուսակցության համայնքապետի թեկնածու Ագուն Սաղաթելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ գուցե եղել են վարչական ռեսուրսների կիրառման դեպքեր, սակայն քանի որ չկան փաստեր, այդ մասին խոսելն անիմաստ է. «Դե չկան փաստեր, այդ մասով ի՞նչ ասեմ»: «Դե ընտրել են էլի, ի՞նչ կարող ենք անել»,- բավականին վախեցած ձայնով ասաց Անի համայնքի ընդդիմադիր թեկնածուն: