Անգլերենի ակումբ՝ Բերդ քաղաքի ավագ դպրոցում

Անգլերենի ակումբ՝ Բերդ քաղաքի ավագ դպրոցում

«Բարելավելով հմտությունները հանուն ավելի ուժեղ հասարակության» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Բերդ քաղաքի ավագ դպրոցում բացվել է անգլերենի ակումբ, որտեղ ընդհանուր առմամբ կհաճախի 60 աշակերտ: Ծրագիրը, որի շրջանակում ամբողջապես վերանորոգվել և կահավորվել է երկու դասասենյակ, իրականացնում է Հայաստանում Բրիտանական խորհուրդը, Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։

«Ուրախ եմ, որ վերապատրաստումները սահմանափակվում են ոչ թե կարճ դասընթացներով, այլ անընդհատ աշխատանք է տարվում ուսուցիչների հետ: Բարեփոխումների ճանապարհին մենք ունենք երեք կարևոր գործընկեր՝ աշակերտը, որը պետք է գիտակցի գիտելիքի կարևորությունը: Մեր մյուս գործընկերները ծնողներն են, որոնք պետք է ճիշտ կամուրջ ստեղծեն ուսուցչի և աշակերտի միջև: Եվ իհարկե շատ կարևոր են ուսուցիչները և դպրոցի ղեկավար անձնակազմը՝ առանց որոնց հետ համագործակցելու և նրանց կարևորությունն ընդգծելու, որևէ բարեփոխում իրականություն չի դառնա: Կարծում եմ, որ այս անգլերենի ակումբը կդառնա փոքրիկ, բայց տարածվող լույս՝ դպրոցի և Բերդի կյանքում և կընդգրկի ոչ միայն այս, այլ հարևան բնակավայրերի բնակչությանը: Ձեր համայնքը կկարողանա ապացուցել, որ իսկապես պետք է տալ մի փոքրիկ շիվ, որը մեր սիրո և ջերմության միջոցով հնարավոր է դարձնել մեծ ծառ,-ընդգծել է փոխնախարարը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Բրիտանական խորհրդի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը՝ ընդգծելով, որ ծրագրի շրջանակում բազմաթիվ ակումբեր են բացվել ՀՀ տարբեր մարզերում: 

Նշենք, որ ծրագիրը նախատեսում է աջակցել հեռավոր համայնքներում երիտասարդների անգլերենի, ինչպես նաև բանակցելու և երկխոսելու հմտությունների զարգացմանը, նպաստել նրանց աշխատանք գտնելու հեռանկարներին իրենց համայնքներում: Հայաստանում ծրագրի ներկա փուլը նախատեսում է անգլերենի ակումբների ստեղծում Ջերմուկ, Վայք և Բերդ քաղաքների ավագ դպրոցներում: Անգլերենի ակումբները համալրված են անհրաժեշտ ուսումնական, դասավանդման ռեսուրսներով և համակարգչային տեխնիկայով: Բացի այդ, կիրառվում է նորագույն տեխնոլոգիա, որը հնարավորություն է ընձեռում ուսուցիչներին ձայնագրել /տեսանկարահանել/ իրենց դասընթացները և Բրիտանական խորհրդի մասնագետների կողմից կարծիք ստանալ դրանց վերաբերյալ:

Դասընթացները կվարեն վերապատրաստում անցած ուսուցիչները, որոնք կստեղծեն սովորելու արդյունավետությանը նպաստող, 21-րդ դարի կրթական պահանջներին համապատասխան միջավայր: Անգլերենի ակումբներն աշակերտներին կառաջարկեն հետևյալ անվճար արտադասարանային պարապմունքները՝ անգլերենը հաղորդակցության համար, ինչպես նաև քննարկելու, բանակցելու և երկխոսելու հմտությունների դասընթաց: