Սևազգեստներ չեն հայտնաբերվել, բայց ոչ սթափ վարորդներ՝  այո

Սևազգեստներ չեն հայտնաբերվել, բայց ոչ սթափ վարորդներ՝  այո

Սևազգեստներին հայտնաբերելու, սև շորերի հարցերը լուծելու, բաբչկաներ կապելու վարչապետի հանձնարակականից հետո, երեկ՝ հունիսի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու տարածքային ստորաբաժանումները, պարեկապահակետային ծառայության գնդի, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացել մայրաքաղաքում։ 

Այս մասին հաղորդում են ոստիկանությունից և նշում՝ նպատակը հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը հանցավոր և հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելն էր։ Ոստիկանության ծառայողները ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ցուցումով հանդուրժողականություն և ներողամտություն չեն դրսևորել օրինախախտների նկատմամբ։ Այլ օպերատիվ խմբերով շրջել են ողջ Երևանով և հայտնաբերել մի շարք իրավախախտումներ։

Զենք-զինամթերք, սառը զենք պահելու և կրելու, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով, ինչպես և մայրաքաղաքի փողոցներում թիկնազորով շրջելու, հասարակության մեջ ոչ սթափ վիճակով հայտնվելու և ոչ իրավաչափ վարք դրսևորելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել մի խումբ անձինք։ 

Ոստիկանների ուշադրության կենտրոնում են պահվել նաև իրենց գործողություններով երթևեկության անվտանգությանը սպառնացող վարորդները, որոնք միտումնավոր թույլ են տվել երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել երթևեկության մյուս  մասնակիցների նկատմամբ։ Հայտնաբերվել է այդպիսի 49 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Հայտնաբերվե են  նաև բազմաթիվ վարորդներ, որոնք մեքենաները վարելիս են եղել  առանց համարանիշերի, փոխարինված, տարբեր իրերով ու առարկաներով քողարկված համարանիշերով, ինչպես և առանց համապատասխան փաստաթղթերի։  44 վարորդ, որոնք մեքենանները շահագործել են առանց ԱՊՊԱ պայմանագրի, 5 վարորդ էլ եղել է ոչ սթափ վիճակում։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա։