Օբաման օգնում էր ԻՊ-ին․ Նուրի ալ-Մալիքի

Օբաման օգնում էր ԻՊ-ին․ Նուրի ալ-Մալիքի

Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն առանցքային դերակատարություն է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կայացման գործում։ Այս մասին հայտնում է ռուսական «Լենտա»-ն։ 2006-14 թթ Իրաքի վարչապետ եղած ալ-Մալիքին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները իր կայացրած մի շարք որոշումներով նպաստել է, որպեսզի ահաբեկչական այդ կազմակերպությունը կայանա եւ կարողանա գրավել Իրաքի տարածքի մեծ մասը։ Նա պատմել է, որ Միացյալ Նահանգները իր կառավարությանը հաղորդել է Սիրիայի սահմանի մոտ իսլամիստ ծայրահեղականների բոլոր դիրքերի կոորդինատները, սակայն իրաքյան կողմը չի ունեցել բավարար քանակությամբ ավիացիա եւ երբ խնդրել են օդային աջակցություն ԱՄՆ-ից, վերջինս մերժել է եւ առաջարկել նման օգնություն խնդրել Հորդանանից։ Ալ-Մալիքին նկատել է, որ 2008 թվականից դեռ Բաղդադի եւ Վաշինգտոնի միջեւ առկա է եղել ռազմական դաշնագիր, մինչդեռ Ամմանի հետ նման դաշնագիր պարզապես չկա։ Միաժամանակ նաեւ ԱՄՆ-ն դադարեցրել է ուղղաթիռների պահեստամասերի մատակարարումը եւ հրաժարվել իրականացնել F-16 ինքնաթիռների մատակարարումը։ Նախկին վարչապետը հայտարարել է, որ հենց բավարար ավիացիոն ուժեր չունենալն էլ պատճառ է դարձել ԻՊ կայացմանը եւ Իրաքի տարածքի մեծ մասի զավթմանը։