Քաղաքապետարանի «կարած» մրցույթը՝ միայն «Կամազ»-ի «հագով»

Քաղաքապետարանի «կարած» մրցույթը՝ միայն «Կամազ»-ի «հագով»

Երեւանի քաղաքապետարանը «ԿամԱԶ» մակնիշի 9 կոմունալ մեքենաների գնումն օրենքի խախտումով մի կերպ անցկացնելուց ու այն «մարսելուց» հետո հիմա էլ ձեռնամուխ է եղել 24 «ԿամԱԶ» մակնիշի աղբատար մեքենաներ ձեռք բերելու գործին։ Մի կողմ թողնենք, որ աղբատար մեքենաներ գնելու եւ աղբ հավաքելու պարտականությունը պայմանագրով դրված է «Սանիթեք» ընկերության վրա, բայց քաղաքապետ Հայկ Մարությանը կարծես ուզում է իրենով անել այն՝ կամաց-կամաց խաղից դուրս մղելով «Սանիթեքին»։ Խնդիրն այստեղ նախեւառաջ գնումների գործընթացը պատշաճ կազմակերպելն ու մրցույթի գաղափարը պահպանելն է, որ հանկարծ չստացվի, որ Մարությանը կամ, ենթադրենք, նրա արտահաստիքային խորհրդական Արտակ Գասպարյանը՝ Արտաչոկը, շահագրգռված են գործարք կնքել հենց անպայման ռուսական «ԿամԱԶ» ընկերության, այլ ոչ թե մեկ այլ ընկերության հետ, որից կարելի է նույն տեխնիկան ձեռք բերել ավելի ցածր գնով, օրինակ՝ «ՄԱԶ» կամ Scania, Iveco, Man, Volvo եւ այլ ընկերությունների հետ։ Պարզապես սրանք եվրոպական արտադրության մեքենաներ են ու նկատելիորեն թանկ արժեն, քան բելառուսական «ՄԱԶ»-ը կամ ռուսական «ԿամԱԶ»-ը։ 

Ինչո՞ւ նշեցինք «ՄԱԶ»-ի անունը, քանզի նախորդ 9 մեքենաների «մրցույթին» այս ընկերությունը ցանկացել է մասնակցել՝ առաջարկելով յուրաքանչյուր մեքենայի մեջ միջինը մոտ 15 մլն դրամով ավելի ցածր գին, քան «ԿամԱԶ»-ի դեպքում է, բայց քաղաքապետարանը, տոնածառի գնման նման, որոշել է այս մեքենաները ձեռք բերել առանց մրցույթի՝ մեկ անձից գնում կատարելով։ Բարձրացած աղմուկից հետո քաղաքապետարանը կարծես թե որոշել է «շտկել» սխալը, որ փակի բողոքողների բերանները։ Այս անգամ նա հայտարարել է 24 աղբատար մեքենայի գնման մրցույթ՝ ընդհանուր շուրջ 900 մլն դրամ արժողությամբ, որին, սակայն, դարձյալ չի կարող մասնակցել որեւէ այլ կազմակերպություն, քան «ԿամԱԶ»-ը։

Բանն այն է, որ  հայտարարված մրցույթի տեխնիկական բնութագրում նշված են ճիշտ այն պարամետրերը, որոնք հատուկ են հենց «ԿամԱԶ»-ին, ոչ թե, ասենք, «ՄԱԶ»-ին, «MAN»-ին կամ «Iveco»-ին։ Թե որտեղից է գալիս Հայկ Մարությանի ու նրա թիմի կողմից ռուսական «ԿամԱԶ»-ի հանդեպ այս անզուսպ սերը, սա լրիվ այլ թեմա է։ Ըստ տարածված խոսակցությունների՝ վարչապետի օգնականը, որը Մարությանի վաղեմի ընկերն է եւ, ըստ լուրերի, դե ֆակտո ինքն է ղեկավարում թե՛ Մարությանին, թե՛ ողջ քաղաքապետարանը, բիզնես-հետաքրքրություններ ունի քաղաքապետարանի գնումների ոլորտում, եւ նա է ուղղորդում՝ որ ապրանքը որտեղից ձեռք բերեն։ Տոնածառն էլ են նրա «հուշումով» գնել Ռուսաստանից,  9 միավոր թանկարժեք կոմունալ «ԿամԱԶ»-ներն էլ, այս 24 աղբատար «ԿամԱԶ»-ներն էլ են նրա «դրդմամբ» փորձում ձեռք բերել։ Թե ինչ շահ ունի Արտակ Գասպարյանն այս հարցում, արդյո՞ք դասական «ատկատի» մեխանիզմ է գործում, կարող են ասել միայն իրենք։ Ամեն դեպքում պետք է կարողանան համոզել հանրությանը, որ մեկ անձից կատարվող տոնածառի, «ԿամԱԶ»-ների եւ այլ նմանատիպ գնումները բացառապես հայրենասիրական, քաղաքի շահերից բխող քայլեր են, եւ իրենք այս գործարքներից լումա անգամ չեն օգտվել։

Այս մասին երեկ իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնել էր նաեւ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Նա ներկայացրել էր այն տեխնիկական պարամետրերը, որտեղից երեւում է, որ ամեն ինչ «կարված» է հենց «ԿամԱԶ»-ի հագով։ Նա նաեւ նկատել էր, որ քաղաքապետարանը՝ որպես տեխնիկական բնութագիր, 24 աղբատար մեքենաների համար նշել է Euro-3 բնապահպանական ստանդարտը, մինչդեռ  ԵԱՏՄ պահանջներով արգելվում է Euro-3 ստանդարտով շարժիչներով մեքենաների շահագործումը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում։ Ի դեպ, նախորդ 9 «ԿամԱԶ»-ներն էլ իբրեւ թե Euro-5 էին, բայց կասկած կա, որ դրանք էլ Euro-5-ի անվան տակ գնված Euro-3 ստանդարտով մեքենաներ են։

Հիմա՝ բուն մրցույթի մասին, որ այս պահին բողոքարկվել է։ Մրցույթին փորձել է մասնակցել նաեւ «Գալոպեր» ՍՊԸ-ն՝ առաջարկելով շուկայականից նկատելիորեն էժան, բայց նույն հնարավորություններով բելառուսական արտադրության «ՄԱԶ» մակնիշի աղբատար մեքենաներ։ Այս նույն ընկերությունը կարող էր մասնակցել նաեւ նախորդ 9 մեքենաների մրցույթին, եթե քաղաքապետարանն օրենքի խախտումով չանցկացներ այն եւ մեկ անձից գնում չկազմակերպեր։ Այս անգամ էլ, սակայն, չի հաջողվել մասնակցել մրցույթին, քանզի տեխնիկական բնութագրից պարզել են, որ դրանցում մի շարք պարամետրեր ուղղակի վերցված են «ԿամԱԶ»-ի տեխնիկական բնութագրից, օրինակ՝ շարժիչի հզորությունը, եւ իրենք պարզապես չեն կարող մասնակցել այս մրցույթին, քանզի ավտոմատ դուրս են մնալու։ 

«Մենք չենք մասնակցել այս մրցույթին, քանի որ բողոքարկել ենք։ Պատճառը եղել են տեխնիկական բնութագրում նշված պարամետրերը, որոնք սահմանափակում էին մեր մասնակցությունը։ Մենք պարզաբանում ենք պահանջել, մեզ պատասխանել են, որ իրենք դեմ չեն, չեն առարկում, բայց ձիաուժի մասով խնդիր է։ Այսինքն՝ նույնիսկ եթե մենք էլ մասնակցեինք, ավտոմատ մերժելու էին մեզ։ Հիմա փետրվարի 21-ին եղել է բողոքարկման առաջին նիստը, որով ժամանակ են տվել քաղաքապետարանին, որպեսզի ներկայացնի այնպիսի տեխնիկական բնութագիր, որով հնարավոր լինի երեք տարբեր մակնիշի ավտոմեքենաներ մասնակցեն մրցույթին»,- մեզ հետ զրույցում ասաց «Գալոպեր» ՍՊԸ ներկայացուցիչ Արման Թադեւոսյանը՝ նշելով, որ հիմա սպասում են քաղաքապետարանի նոր առաջարկին։

Դիմեցինք նաեւ քաղաքապետարանի մամուլի ծառայությանը՝ ակնկալելով պարզաբանում այս ամենին։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեր դիտարկմանը, թե ըստ հրապարակված տեխնիկական բնութագրի՝ բացի «ԿամԱԶ»-ից, այլ ընկերություն այս մրցույթին չի՞ կարող մասնակցել, ինչո՞ւ, դժվարացավ հստակ պատասխանել․ «Ես էդ պնդմանը չեմ կարող գնահատական տալ այս պահի դրությամբ, ես կխնդրեմ սպասել, մի որոշ ժամանակ անց ես գրավոր կամ բանավոր կպատասխանեմ»։

Սպասեցինք մի որոշ ժամանակ՝ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, դեռ մի բան էլ ավելի։ Բայց այդպես էլ մեզ չպատասխանեցին։