Ի՞նչ վիճակում է Չեչնիայում ծեծի ենթարկված ռուս լրագրողը

Ի՞նչ վիճակում է Չեչնիայում ծեծի ենթարկված ռուս լրագրողը

Հուլիսի 4-ին Գրոզնիում դաժան հարձակման ենթարկված «Նովայա գազետա»-ի լրագրող Ելենա Միլաշինան դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։

Նրա խոսքով՝ Միլաշինան կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ։ 
Նախկինում նրա մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք, ձեռքերի մինչև 14 կոտրվածքներ և փափուկ հյուսվածքների բազմաթիվ կապտուկներ։

Վենեդիկտովը և «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը մասնավոր ինքնաթիռով մեկնել են Բեսլան (Հյուսիսային Օսիա), որտեղ Չեչնիայից շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Միլաշինան և նրա հետ ծեծի ենթարկված փաստաբան Ալեքսանդր Նեմովը։

Հիշեցնենք, որ Միլաշինայի ու Նեմովի նկատմամբ բռնությունը մեծ ռեզոնանս առաջացրեց․ Կրեմլում դատապարտեցին այդ ամենը, իսկ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց։ Այդուհանդերձ, գործով կասկածյալներ դեռ չկան։ 

Միաժամանակ Չեչնիայի իշխանությունները հայտարարել են, որ լրագրողի և փաստաբանի վրա հարձակումը սադրանք է հանրապետության դեմ։